Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նայե՛ք նրանց ուշադիր». Նարինե Մկրտչյան

«Նայե՛ք նրանց ուշադիր». Նարինե Մկրտչյան
190
Այսօր, 15:24

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանին հանձնեց «խաղաղապահների» մանդատ, որի մասին Մոսկվան երազում էր տարիներ շարունակ։ Անզոր և անուժ «խաղաղապահների» աջակցությամբ Արցախն աստիճանաբար բռնազավթվեց և հայաթափվեց։
Հետագա բոլոր տարիներին Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին և ի դեմս նրա՝ ՀԱՊԿ-ին, թեպետ հենց ինքն էր այդ մանդատը տվել ռուսներին։ «Խաղաղության» հաստատման և «ռուս խաղաղապահների» ակցիան դաժանորեն տապալվեց։
Նիկոլ Փաշինյանն այսօր «խաղաղության» նոր կորպուս է ուղարկել Հայաստանի տարածքով Ադրբեջան։ Նայե՛ք նրանց ուշադիր․ նրանց կհանդիպեք համացանցային և հեռուստատեսային եթերում անվերջ-անդադար։ Նրանք Փաշինյանի խաղաղության նոր մունետիկներն են։
Նրա՛նց ուսերին է դրված փաշինյանական խաղաղության ծանր բեռը, որը նրանք կրում են Արցախի հանձնման, Հայաստանի տարածքների բզկտման, Արցախի ազատության համար բոլոր ժամանակների թափված արյան, կիսախավարում և նավթավառի հոտի մեջ մեծացած մեր զավակների մանկության հաշվին, Արցախում հայկական ժառանգությունը փոշիացնելու հանդեպ լռությամբ և խլությամբ՝ պարտության և նվաստացման դրոշը ծածանելով որպես «խաղաղություն»։
Նրանք նույնքան անզոր են, անուժ և անկամ, ինչպես ռուս «խաղաղապահները»։ Նրանք ուղղակի կնիք են փաշինյանական դավաճան քաղաքականության համար»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան