«Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»․ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
![]() 127 Այսօր, 20:48 Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ermenihaber»- ը։ Նշվել է, որ պատմական փաստերի հետ առերեսվելը հասարակական իրազեկությունը բարձրացնելու, միմյանց ու անցյալը հասկանալու և պատմական վերքերը անկեղծ մոտեցմամբ ամոքելու անխուսափելի քայլ է։ Զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը, վերականգնողական արդարադատության միջոցներին դիմելն այն կարևոր ուղին է, որով կառուցվում է համատեղ և հավասար ապագան ու հանրային համերաշխությունը։ Նշվել է, որ 111 տարի է անցել 1915-ի ապրիլի 24-ին սկսված էթնիկ, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ ավելի քան 200 հայ մտավորական աքսորվեց ու սպանվեց։ Ապրիլի 24-ին սկսված այդ գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանությամբ։ Այս հողերի քրիստոնյա այլ ժողովուրդները նույնպես ծանր գին վճարեցին այդ քաղաքականության ու գործելակերպի պատճառով ու կոտորվեցին։ Այսօր արդեն ակնհայտ է, որ պատմական մոլորություն է եղել այս հողերում ապրող տարբեր ժողովուրդների և հավատքների, ինքնությունների և մշակույթների մոռացության մատնումը, այլ կերպ ասած՝ այն մտայնությունը, որը միտված էր տարբերությունները ջնջելուն և ոչնչացնելուն, անտեսելուն ու միատարր հասարակություն ստեղծելուն։ Այն համընդհանուր ճշմարտությունը, որ այս հողերի վրա ոչ մի էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք չպետք է գերակայի մյուսի նկատմամբ, որ բոլորը հավասար են և ազատ, պետք է ընդունվի ու յուրացվի թե սոցիալապես և թե քաղաքականապես։ «Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի ու Կովկասի աշխարհագրությունը, պատմական իրողությունների և ամոթի հետ առերեսվելու հետաձգումը կամ չիրականացվելը, որոնք մեր ապրած հողերը դարձրել են անպտուղ, չի ծառայում սոցիալական խաղաղությանը կամ ճշմարտության բարձրաձայնմանը։ Մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը բխում է մեր ժողովուրդների կարիքից և շահերից»։ DEM կուսակցությունը դա նաև համարում է միջոց Կովկասի տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար։ «Այս զգացումով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ, մենք կրկին կիսում ենք հայ ժողովրդի և մյուս քրիստոնյա ժողովուրդների 111-ամյա ցավն ու սուգը և վշտով ու հարգանքով հիշում այդ ժամանակահ կոտորված մեր մարդկանց։ Մենք մեր սրտերում խորը զգում ենք այս մարդկային մեծ ողբերգությունը»-, ամփոփվել է հայտարարությունը։
|

«Փաշինյանն ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
14221:36
«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ընթացքում». Թրամփ
17121:05
«Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»․ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
12720:48
«Պետությունը հետ է քաշվում Հայոց ցեղասպանության հարցից այնպես, ինչպես Արցախի հարցից». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
14220:24
«ՀՀ-ն պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
18219:36
«Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
20119:12
«Երկու տասնամյակ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
20419:00
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր կայքից հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը (լուսանկար)
13318:42
