Գազի հարցը մնացել է օդում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության շուրջ վերջին շաբաթներին ակտիվացած քննարկումները, կարծես, ժամանակավորապես տեղափոխվել են երկրորդ պլան մինչև դեկտեմբեր։ Աստանայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ պաշտոնական Երևանը գոնե այս փուլում չի պատրաստվում կտրուկ քայլերի դիմել և փորձում է պահպանել աշխատանքային հարաբերությունները միության գործընկերների հետ։
Սակայն եթե ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալու կամ դուրս գալու հարցը փաստացի հետաձգվել է, ապա դրա հետ անմիջականորեն կապված մեկ այլ կարևոր խնդիր շարունակում է մնալ չլուծված։ Խոսքը բնական գազի գնի մասին է։
Դեռ ապրիլի 1-ին գրել էինք, որ Հայաստանի համար ռուսական գազի սակագնի վերանայումը գործնականում անխուսափելի է, և ՀՀ իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ առաջիկայում գազի գնի բարձրացման հարցը կրկին հայտնվելու է օրակարգում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով բանակցություններն ընթանում են վաղուց, սակայն մինչ այժմ Երևանին չի հաջողվել ստանալ այնպիսի երաշխիքներ, որոնք կբացառեն թանկացման ռիսկը։
Ավելին, արդեն պաշտոնապես հայտնի է, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կողմից Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն արդեն իսկ գրություն է ուղարկվել, որտեղ հստակ շարադրված է նաև Հայաստանի գազամատակարարման դադարեցման հեռանկարի մասին: Թեման չափազանց զգայուն է, քանի որ ցանկացած նման զարգացում կարող է լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև ամբողջ տնտեսության վրա։
Փորձագետները վաղուց են ահազանգում, որ գազի գնի ցանկացած բարձրացում շղթայական ազդեցություն է ունենում տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Թանկանում են էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը, արտադրական գործընթացները, բեռնափոխադրումները, ծառայությունների մի մասը, իսկ վերջնական արդյունքում՝ սպառողական ապրանքների գները։ Այլ կերպ ասած՝ գազի գնի փոփոխությունը կարող է վերածվել համատարած թանկացումների նոր ալիքի։
Ըստ էության, Աստանայում Մհեր Գրիգորյանին հաջողվել է մեղմել ԵԱՏՄ անդամակցության շուրջ առաջացած քաղաքական լարվածությունը և գործընկերներին փոխանցել, որ Հայաստանը չի պատրաստվում կտրուկ շրջադարձեր կատարել։ Սակայն նույնը չի կարելի ասել գազային բանակցությունների մասին։ Այդ հարցում որևէ հրապարակային կամ գործնական առաջընթաց չի արձանագրվել, և գազի սակագնի վերանայման վտանգը շարունակում է կախված մնալ օդում։
Ուստի, որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, թե հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում իրավիճակը վերահսկելի է, իրական մարտահրավերը դեռ առջևում է։ Իսկ եթե գազի գնի բարձրացման սցենարը կյանքի կոչվի, դրա հետևանքները կզգան ոչ միայն տնտեսվարողները, այլև Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք»:

«Թե բա՝ ծիրանն էլ կփակենք, ջհանդամին փակեք՝ մեր մոտ կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք». Գագիկ Մելքոնյան. «Հրապարակ»
4509:18
Գազի հարցը մնացել է օդում․ «Ժողովուրդ»
4609:00
«Ինչո՞ւ է Թրամփն ուզում հենց ԶՊՄԿ-ն և Սյունիքը». Արթուր Դանիելյան
10800:48
Ռուսաստանը սահմանափակելու է կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Հայաստանից
175Երեկ, 22:05
«Նպատակ ունենք ԵՄ արտահանումը քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
109Երեկ, 16:36
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է մտցնում ՀՀ-ից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ
188Երեկ, 13:47
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների նոր համակարգը
184Երեկ, 13:35
«Իշխանությունն ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունը՝ որպես ռուսական շուկայի փոխարինման միջոց»․ Տիգրան Աբրահամյան
86Երեկ, 11:00