Շաբաթ, 18 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Պահանջում ենք անհապաղ իրականացնել ծառայողական քննություն»․ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ

«Պահանջում ենք անհապաղ իրականացնել ծառայողական քննություն»․ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ
78
Այսօր, 19:18

Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «Խստորեն դատապարտում ենք Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում արցախցի աշակերտի նկատմամբ իրականացված հոգեբանական ճնշման և խտրականության դեպքը։
Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից արցախցի երեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի նկարը պատից պոկելը և կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական ակնհայտ ճնշում առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող, բռնի տեղահանված երեխայի նկատմամբ։
Պատերազմի, շրջափակման և տեղահանության արհավիրքներով անցած երեխայի համար սեփական հույզերն ու հայրենիքի կարոտը արվեստի միջոցով արտահայտելը բնական և կարևոր հոգեբանական ապրում է։ Դպրոցի տնօրինության կողմից աշխատանքի հեռացումը ոչ միայն վնասում է երեխայի հոգեկան անդորրն ու սոցիալական ներառումը, այլև կոնկրետ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ սահմանափակում է երեխայի ինքնության ազատ արտահայտման իրավունքը։
Տնօրինության այն պարզաբանումը, թե նկարը հանվել է «ներքին կանոնակարգի խախտման» պատճառով, համարում ենք ձևական և անհիմն։ Հակառակ դեպքում՝ թիրախում չէր հայտնվի բացառապես Արցախի խորհրդանիշը պատկերող աշխատանքը։
Կրթական հաստատությունը պետք է լինի անվտանգ, զերծ քաղաքականացվածությունից և ներառական միջավայր, որտեղ առաջնորդվում են բացառապես երեխայի լավագույն շահով։
Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից անհապաղ իրականացնել ծառայողական քննություն՝ տնօրենի ԺՊ Սուրեն Գևորգյանի գործողություններին տալով հստակ իրավական ու բարոյական գնահատական և կիրառելով համապատասխան պատասխանատվության միջոցներ»։