Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց
19
Այսօր, 22:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի բեսպրեդելը
«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերար». այս ձևակերպմամբ այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանին։
Այս հայտարարությամբ վարչապետը ոչ միայն կոպտորեն խախտել է Կարապետյանի անմեղության կանխավարկածը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, այլև, ըստ էության, ուղիղ հրահանգ է տվել նախաքննության մարմնին և դատարանին։
64,5 միլիարդ դրամի վնասի մասին պնդումը Քննչական կոմիտեի մեղադրանքն է, ոչ թե դատարանով հաստատված փաստ։ Ավելին, պաշտպանական կողմը պնդում է, որ Կարապետյանը չի կարող «գողանալ» իրեն պատկանող ընկերությունից, և որ ՀԷՑ-ից դեռևս ունի ստանալիք զգալի շահույթ։ Այլ խոսքով, իրավական առումով գործը զուրկ է փաստական հենքից, մինչդեռ փաստացի վարչապետն արդեն հրապարակային դատավճիռ է կայացրել։
Նույն վարքագիծն է Փաշինյանը դրսևորում նաև Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և քրեական հետապնդման ենթարկվող իր մյուս քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Այստեղ գործ ունենք դատական իշխանության անկախության և իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի համակարգային ոտնահարման հետ։
Փաշինյանն, ըստ էության, ուզուրպացրել է դատական իշխանությունը՝ իր վրա վերցնելով քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ միանձնյա «դատավճիռներ» կայացնելու գործառույթը։
Ավտորիտար համակարգում նախաքննության մարմիններին վերապահված է Փաշինյանի քաղաքական մեղադրանքները «հիմնավորելու», իսկ դատարաններին՝ նրա հրապարակած «դատավճիռները» իրավական ձևակերպումներով ամրագրելու դերակատարությունը։
Սա է փաշինյանական «ժողովրդավարությունը», որն իրավական պետության հետ որևէ աղերս չունի։ Նման պրակտիկան ոչ միայն խախտում է սահմանադրական սկզբունքները, այլև համակարգված կերպով քայքայում է հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ՝ այն վերածելով քաղաքական հաշվեհարդարի գործիքի»։