«Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ–Իրան հակամարտության նոր սրացումից և ամերիկյան հարվածներից հետո Իրանը փաստացի սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը և հարվածներ հասցրել տարածաշրջանի նավթատարներին։ Զուգահեռաբար ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները․ նրանք Կարմիր ծովում հարվածել են սաուդական նավթատարներին և հայտարարել Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։
Այսպիսով վտանգի տակ են հայտնվել միաժամանակ համաշխարհային էներգետիկ առևտրի երկու առանցքային հանգույցները՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։ Եթե առաջինով սահմանափակվում է Պարսից ծոցի նավթի և հեղուկացված գազի արտահանումը, ապա երկրորդի խափանումը հարվածում է Կարմիր ծով–Սուեզ ճանապարհով իրականացվող մատակարարումներին։ Արդյունքում վառելիքային ճգնաժամը վերածվում է ոչ միայն առաջարկի, այլև համաշխարհային լոգիստիկայի ճգնաժամի։
Աշխարհը կանգնած է ոչ այնքան հում նավթի, որքան պատրաստի վառելիքի՝ դիզելի, բենզինի և ավիավառելիքի պակասի առաջ։ Հում նավթի առաջարկն առայժմ բավարար է, սակայն Պարսից ծոցում, Չինաստանում և Ռուսաստանում նավթավերամշակման ու արտահանման խափանումների հետևանքով նավթամթերքի համաշխարհային արտադրությունը նախապատերազմյան մակարդակից օրական շուրջ 8 մլն բարելով պակաս է, իսկ առանձին վառելիքատեսակների գներն աճել են 35–70%-ով։
Սա հեռավոր շուկաների վերացական խնդիր չէ։ Սա Հայաստանի գնաճի, տնտեսական ակտիվության և ազգային անվտանգության խնդիրն է։
Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն դիվերսիֆիկացրել է բենզինի ներմուծումը։ 2025 թվականին ներմուծված շուրջ 220 հազար տոննա բենզինից Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 56 հազար տոննա։ Սակայն դիզելային վառելիքի դեպքում պատկերը հակառակն է․ ներմուծված շուրջ 180 հազար տոննայից 150 հազարը՝ ավելի քան 80%-ը, մատակարարվել է Ռուսաստանից։
Մինչդեռ Ռուսաստանն արդեն սահմանափակում է դիզելի արտահանումը՝ սեփական շուկայի պակասը մեղմելու համար։
Ի՞նչ պետք է անել։
- Անհապաղ ստուգել բենզինի և հատկապես դիզելի ռազմավարական պաշարների փաստացի առկայությունը։ Օրենքը խոշոր ներմուծողներից պահանջում է պահպանել նախորդ տարվա ներմուծման 10%-ի չափով չնվազող պաշար։
- Բենզինի ներմուծման դիվերսիֆիկացման փորձը տարածել նաև դիզելի վրա՝ նախապես ապահովելով այլընտրանքային մատակարարներ, երկարաժամկետ պայմանագրեր, պահեստային հզորություններ և Սև ծով–Վրաստան երթուղու լրացուցիչ հնարավորություններ։
- Պատրաստել վառելիքային ցնցման քաղաքատնտեսական սցենարներ՝ գնահատելով դրա ազդեցությունը գնաճի, գյուղատնտեսության, բեռնափոխադրումների, հանրային տրանսպորտի, արտաքին առևտրի և բյուջեի վրա։
- Ամենօրյա վերահսկողություն սահմանել ներմուծման գների, պաշարների, առևտրային հավելագների և մանրածախ գների նկատմամբ։
- Միջնաժամկետ հատվածում արագացնել հանրային տրանսպորտի էլեկտրիֆիկացումը, երկաթուղային բեռնափոխադրումների զարգացումն ու տնտեսության էներգաարդյունավետությունը։
Ի՞նչ չի կարելի անել։
- Չի կարելի ճգնաժամը ժխտել կամ հասարակությանը հանգստացնել ընդհանուր խոսքերով՝ սպասելով, մինչև խնդիրը երևա բենզալցակայաններում։
- Չի կարելի սահմանել վարչական միջամտությամբ գների կոշտ առաստաղներ, քանի որ դրանք կարող են կարճ ժամանակով թաքցնել թանկացումը, բայց վերջնարդյունքում հանգեցնել դեֆիցիտի, հերթերի և ստվերային վաճառքի։
- Չի կարելի առանց հաշվարկի կիրառել համատարած սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ։
- Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել մեկ այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ։
- Չի կարելի ռազմավարական պաշարներն օգտագործել գների ժամանակավոր ու ցուցադրական զսպման համար՝ առանց նոր մատակարարումն ապահովելու։
Հայաստանը չի կարող անխոցելի լինել համաշխարհային ցնցումների նկատմամբ։ Բայց կարող է և պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին տնտեսական ու պետական ճգնաժամի։
Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որը կանխատեսում է, պահուստավորում է, դիվերսիֆիկացնում է և հանրությանը ճշմարտությունն է ասում»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
58613.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36612.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32012.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33811.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41110.10.2026, 13:12