«Անհապաղ դադարեցրեք Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Եպիսկոպոսաց դասի դեմ սկսված ապօրինի գործողությունները». Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետությունը գտնվում է իր ժամանակակից պատմության ամենաբարդ աշխարհաքաղաքական և ներքաղաքական փորձությունների փուլում: Այսօրինակ պայմաններում գործող իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Եպիսկոպոսաց դասի դեմ նախաձեռնված ապօրինի գործողություններն ու քրեաիրավական ճնշումները դուրս են գալիս սովորական քաղաքական տարբերությունների սահմաններից: Սա ազգային անվտանգության, պետականության անխաթարության և համազգային միասնության հարց է: Գործող իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն հոգևոր դասի դեմ սկսված այս ապօրինի արշավը, քանի դեռ պետականության հիմքերը չեն ենթարկվել անդառնալի քայքայման:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե աշխարհիկ պետության մրցակիցն է, այլ հայկական քաղաքակրթական ինքնության և պետականության առանցքը: Դարեր շարունակ՝ պետականության բացակայության պայմաններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացրել է ազգային-համախմբող և ինստիտուցիոնալ հիշողության պահպանման բացառիկ առաքելությունը: ՀՀ Սահմանադրությամբ ճանաչված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը: Գործող իշխանությունների կողմից Եպիսկոպոսների և Հայոց Հայրապետի հանդեպ ապօրինի քրեական հետապնդումների ու ճնշումների փորձերը քայքայում են սահմանադրական այս հիմքը: Երբ պետական ապարատի ամբողջ ռեսուրսն ապօրինաբար ուղղվում է ազգային-հոգևոր ինստիտուտի դեմ, դա հանրության կողմից ընկալվում է ոչ թե որպես «օրենքի գերակայություն», այլ որպես բացահայտ քաղաքական վրեժխնդրություն:
Լուրջ գոյաբանական և արտաքին սպառնալիքների առջև կանգնած երկրի համար առաջնային անվտանգային գործոնը ներքին համերաշխությունն է: Հայոց Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի դեմ քաղաքականապես մոտիվացված հետապնդումներն ու դատական շոուները թուլացնում են երկրի ռազմավարական դիմադրողականությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը միլիոնավոր հայորդիների հոգևոր առաջնորդն է: Նրա հանդեպ ապօրինի ոտնձգությունները դիտվում են՝ որպես հարված հավատացյալ հասարակության արժանապատվությանն ու հավատամքին: Իշխանությունների նման գործընթացները թեժացնում են հասարակական երկպառակությունը՝ քաղաքացիներին բաժանելով թշնամական ճամբարների, ինչը լավագույն նվերն է արտաքին թշնամական օրակարգերին:
Հայաստանի Հանրապետության ուժը միայն նրա վարչական սահմաններով չի չափվում: Հայոց պետականության կարևորագույն ռազմավարական հենարանը համահայկական ցանցն է՝ Սփյուռքը: Աշխարհասփյուռ հայության համար Սուրբ Էջմիածինն ու Եկեղեցու նվիրապետական դասը Հայրենիքի հետ կապող հիմնական հոգևոր-ազգային կենտրոնն են: Հոգևոր առաջնորդների դեմ իշխանությունների ապօրինի գործողությունները վերջնականապես կոտրում են Սփյուռքի վստահությունը Հայաստանի պետական ապարատի նկատմամբ՝ հանգեցնելով ազգային-լոբբիստական, տնտեսական և բարոյական աջակցության կտրուկ անկման:
Պետականությունը չի կառուցվում սեփական ազգային-հոգևոր հիմքերը քանդելու և ինստիտուտները կազմալուծելու վրա: Իշխանության և Եկեղեցու միջև քաղաքական կամ հասարակական հարցերի շուրջ տարբերվող մոտեցումները չպետք է վերածվեն ապօրինի հետապնդումների:
Գործող իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Եպիսկոպոսաց դասի դեմ սկսված ապօրինի գործողություններն ու քաղաքական հետապնդումները: Սա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հասարակության համերաշխությունը և ազգային արժանապատվությունը պահպանելու համար:
Աստված պահապան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին և մեր ողջ ժողովրդին:
Թող Տիրոջ աջը, իմաստնությունը և խաղաղությունը միշտ հովանի լինեն Հայաստան աշխարհին ու մեր ազգային-հոգևոր անսասանությանը»:

«Անհապաղ դադարեցրեք Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Եպիսկոպոսաց դասի դեմ սկսված ապօրինի գործողությունները». Մհեր Մելքոնյան
4521:06
«Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններում կառուցողական երկխոսության փոխարեն փորձում է բարձրացնել խաղադրույքները»․ Ֆադեև
17417:53
«Ծառուկյանի կազինոն փակեցին, որ իրենցը բացեն»․ Ոսկան Սարգսյան
9717:42
«Երկրի ստրատեգիան չպետք է կառուցվի պահի թելադրած քայլերով»․ Շիրազ Խաչատրյան
9617:36
«Ինչո՞ւ է ՀՀ Սահամանդրության մասին Բաքուն ավելի մեծ վստահությամբ խոսում, քան ՀՀ իշխանությունը»․ Սուրեն Սուրենյանց
9617:18
«Գործող խորհրդարանի բանավեճերից ոչ միայն չես կարող բան սովորել, այլ՝ պետք է հատկապես բան չսովորել»․ Թաթուլ Հակոբյան
7317:06
«Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Չոլպոն-Ատայում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8016:54
«Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
8216:48