Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
99
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2026 թ., 10:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Հայաստանի Հանրապետության համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումը կարտացոլվի նաև Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ծրագրում, որի ղեկավարումն ինձ է վստահվել։

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարիմ լինելու օգտին։ ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։

Ցավոք, գործնականում այդ սկզբունքներն ամբողջությամբ չեն իրականացվում։ Առանձին սահմանափակումներն ու վարչական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի համար պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը։

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն ապահովում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար առավել բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ։ Մենք մշտապես առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների՝ ընդհանուր շուկա մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում։

Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրների քաղաքացիների և գործարար համայնքի վերաբերմունքի վրա։

Ի վերջո, նման խնդիրները դադարում են առանձին անդամ պետության խնդիրները լինելուց։ Դրանք դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրը»,- նշել է նա։