«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․
Ազատությունը պետք է մնա կանոն, իսկ կալանքը՝ բացառություն
Վերջին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման մասին։ Նրա պատասխանը և՛ քաղաքական, և՛ իրավական առումով խիստ խնդրահարույց էր։
«Իսկ ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը էս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ էս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի՞ է եղել ազատության մեջ․․․ Ես պրոբլեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Էդ իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա»,- հայտարարել է Փաշինյանը։ Այս հայտարարությամբ վարչապետը միաժամանակ մի քանի վտանգավոր ուղերձ է հասցեագրում՝ և՛ հասարակությանը, և՛ դատական համակարգին։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածը իրավական պետության հիմնասյուներից մեկն է։ Այն պարտադրում է, որ հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվի անմեղ՝ մինչև նրա մեղավորությունն ապացուցվի օրենքով սահմանված կարգով և անկախ դատարանի կողմից։ Երբ երկրի վարչապետը հրապարակայնորեն հարցադրում է անում, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն «այս ամբողջ ընթացքում» ազատության մեջ եղել, նա փաստացի ձևավորում է հակառակ կանխավարկածը՝ որ Ծառուկյանը վաղուց պետք է ազատությունից զրկված լիներ։ Այս տրամաբանության համատեքստում դատական քննությունն ու դատարանի ապագա վճիռը դառնում են երկրորդական։ Գործադիր իշխանության ղեկավարը նախապես հրապարակայնացնում է իր պատկերացումը, թե որտեղ պետք է գտնվի մեղադրյալը։ Նման մոտեցումը ոչ միայն խաթարում է անմեղության կանխավարկածը, այլև ստեղծում է ճնշման միջավայր դատավորի նկատմամբ։ Դատավորը, որը պարտավոր է որոշում կայացնել բացառապես ապացույցների և օրենքի հիման վրա, այժմ գործում է այն պայմաններում, որտեղ երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն արդեն իսկ արտահայտել է իր ակնկալիքը։ Առաջիկա օրերին դատարանը պետք է քննի Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Հենց այս հանգամանքն է վարչապետի հայտարարությունն առավել խնդրահարույց դարձնում։ Դատավորը դեռ պետք է գնահատի՝ արդյոք տեղ ունեն այն իրավական հիմքերը, որոնք արդարացնում են կալանքը (փախուստի ռիսկ, ապացույցների վրա ազդելու հնարավորություն, նոր հանցագործության վտանգ)։ Սակայն գործադիր իշխանության ղեկավարն արդեն հրապարակայնորեն հայտնել է, որ խնդիր է տեսնում ոչ թե կալանքի, այլ նախկինում ազատության մեջ գտնվելու փաստի մեջ։ Այսպիսի հայտարարությունն առնվազն կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ։ Ավելի լայն համատեքստում այն հստակ ազդակ է, թե ինչպիսի որոշումն է իշխանությունը ցանկալի համարում։ Ստացվում է փակուղային իրավիճակ. մի կողմից իշխանությունը շարունակում է խոսել անկախ դատական համակարգի և իշխանությունների տարանջատման մասին, մյուս կողմից՝ գործադիր իշխանության ղեկավարը ընթացիկ քրեական գործի շրջանակում հրապարակայնորեն դատողություններ է անում, թե ով պետք է ազատության մեջ լինի, իսկ ով՝ ոչ։
Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը շատերի կողմից դիտարկվում է որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։ Հետևաբար, դրա հանգուցալուծումն անխուսափելիորեն կունենա նաև քաղաքական նշանակություն։ Քաղաքական հանգուցալուծումը չի նշանակում քաղաքական միջամտություն դատարանի գործունեությանը։ Ճիշտ հակառակը՝ առաջին և անհրաժեշտ քայլը պետք է լինի դատական գործընթացի նկատմամբ քաղաքական իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի ճնշման բացառումը և դատարանին բացառապես իրավական հիմքերով որոշում կայացնելու հնարավորություն տալը։ Խափանման միջոցը չի կարող դիտարկվել որպես նախապես սահմանված պատիժ։ Այն, անկախ նախաքննության ընթացքից, ենթակա է վերանայման՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության ու շարունակականության գնահատմամբ։ Կալանքը պատիժ չէ և չպետք է վերածվի քաղաքական պատժամիջոցի։ Այս հարցն ունի նաև ավելի լայն՝ հասարակական և քաղաքական նշանակություն։
Հայաստանն այսօր նոր բաժանարար գծերի և քաղաքական առճակատման խորացման կարիք չունի։ Երկրին անհրաժեշտ են լարվածության թուլացում, քաղաքական երկխոսություն և հանրային համերաշխության միջավայրի ձևավորում։ Քաղաքական մրցակցությունը քրեական հետապնդումների դաշտ տեղափոխելը վնասում է և՛ ժողովրդավարությանը, և՛ իրավունքի գերակայությանը։ Այն ստեղծում է վտանգավոր նախադեպ, որով այսօրվա իշխանությունը կարող է վաղը ինքն էլ դառնալ նույն տրամաբանության զոհը։ Այս համատեքստում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը կարող է դառնալ կարևոր քաղաքական ու հասարակական ազդակ։ Այն կնպաստի լարվածության լիցքաթափմանը և ցույց կտա, որ քաղաքական մրցակցությունը պարտադիր չէ տեղափոխել քրեական հետապնդումների դաշտ, իսկ քաղաքական տարաձայնությունները չպետք է լուծվեն կալանավայրերում։
Իրավունքի գերակայությունը պահանջում է, որ բոլորն էլ պատասխանատվության ենթարկվեն, եթե ապացուցվի մեղքը։ Բայց նույն իրավունքի գերակայությունը պահանջում է նաև, որ այդ պատասխանատվությունը իրականացվի անկախ դատարանի կողմից՝ առանց գործադիր իշխանության հրապարակային ուղղորդման։
Ազատությունը պետք է մնա կանոն, իսկ կալանքը՝ բացառություն։ Հակառակ դեպքում, մենք կկորցնենք ոչ միայն անհատների ազատությունը, այլև պետության իրավական հիմքերը»։

«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
5921:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
4220:54
«Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով»․ Դերենիկ Մալխասյան
5220:36
Փաշինյանի «Վարչաֆեստի» «մասսովկան» թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել
6320:12
«Վրաստանը դիմադրում է ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցներին»․ Փույա Հոսսեինի
5420:06
«Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են»․ Զախարովա
9919:52
«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
7318:24
««Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման»․ Սուրեն Սուրենյանց
7118:06