Շաբաթ, 29 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Անհնար է տարանջատել Հայաստանը և դրա մի մասը դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ»․ Վարդան Ոսկանյան

«Անհնար է տարանջատել Հայաստանը և դրա մի մասը դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ»․ Վարդան Ոսկանյան
48
Երեկ, 23:36

Իրանագետ Ոսկան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները պահպանող Քաֆիրիստան (թարգմ.՝ «անհավատների երկիր») երկրամասը և տեղի բնակչությանը բռնի կերպով մահմեդականացրեց՝ երկրամասը կոչելով Նուրիստան (թարգմ.՝ «լույսի երկիր»):
Երկրամասի մահմեդականացված էթնիկական խմբերից մեկի՝ կատի ժողովրդի, մի հատվածը՝ փախչելով ապաստանեց Չիտրալում, որն այն ժամանակ Բրիտանական Հնդկաստանի մաս էր՝ պահպանելու իր կրոնը։
Այդ գաղթից մոտ 40 տարի անց վերջին հեթանոս կատին 1938թ. ընդունեց իսլամ, և հինավուրց հնդիրանական կրոններից մեկն այլևս դադարեց գոյություն ունենալ։
Չնայած Բրիտանական Հնդկաստանում կատիների բռնի իսլամացման փաստ արձանագրված չէ, բայց պարադոքսալ կերպով այդ ժողովուրդը, փաստացիորեն, ոչ միայն ինքնակամ հրաժարվեց իր կրոնից, այլ նաև դարձավ խիստ մոլեռանդ մահմեդական։
Նման պարադոքսի գիտական հիմնական բացատրությունն այն էր, որ կատիների հինավուրց կրոնը և դրա վրա հիմնված ինքնությունը կորցրել էր կապն այն սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հետ, որտեղ ձևավորվել էր և բյուրեղացել։
Բայց այս գրառումը կատիների մասին չէ։ Այն մեր մասին է՝ մեր ինքնության մասին, որին օդի և ջրի պես անհրաժեշտ է առնվազն հոգևոր, իսկ լավագույն հեռանկարում նաև ֆիզիկական կապը մեր իսկ սրբազան աշխարհագրության հետ, ցավոք, որի միայն մի մասի տերերն ենք մենք այժմ։
Մեր ինքնությունը չի կարող ամբողջական և ամրակուռ լինել, եթե մեզ համար մեր իսկ ազգի սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հավասարազոր հոգևոր և զգացական մասեր չլինեն, դիցուք, Օշականը, որտեղ հանգչում է սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Տարոնը, որտեղ ծնվել է նա, Գողթնը, որտեղ քարոզել է նա և Արցախը, որտեղ առաջին դպրոցներից մեկն է հիմնել նա։
Անհնար է առնվազն հոգևոր մակարդակում տարանջատել սրբազան այս Հայաստանը և դրա մի մասը միայն դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ»։

Աղբյուրը`   Ոսկան Վարդանյան