Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ինքնորոշման ակտի քաղաքական արդյունքները զոհաբերվեցին դիվանագիտական սնանկության հետևանքով»․ Տաթև Զորյան

«Ինքնորոշման ակտի քաղաքական արդյունքները զոհաբերվեցին դիվանագիտական սնանկության հետևանքով»․ Տաթև Զորյան
56
Այսօր, 17:00

ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Սա քաղաքական հայտարարություն չէր, այլ իրավական անբասիր ընթացակարգով իրականացված պետականակերտման ակտ։
Գործընթացն իրականացվեց ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի 3-րդ հոդվածի տառին համապատասխան։ Այդ օրենքով ինքնավար մարզերին և ազգային համահավաք բնակեցված տարածքներին իրավունք էր տրվում ինքնուրույն որոշել իրենց պետաիրավական կարգավիճակը Միութենական հանրապետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջանական ԽՍՀ)՝ կազմից դուրս գալու եղանակով։
Մինչ այդ՝ 1991թ. օգոստոսի 30-ին, Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Ադրբեջանի պետական անկախությունը վերականգնելու մասին» հռչակագիրը՝ հայտարարելով իրեն 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ։ Դրանով Ադրբեջանն ինքնաբերաբար հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, ինչն իրավականորեն չեղարկեց 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշումը՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմում ընդգրկելու մասին։
1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեն։ Միջազգային դիտորդների ներգրավվածությամբ քվեարկությանը մասնակցածների 99.89%-ը քվեարկեց անկախ պետականության օգտին։
Նպատակը.
ա) 1991թ. գարնանը խորհրդային զորքերի և ադրբեջանական ОМОН-ի կողմից իրականացված «Օղակ» (Кольцо) ռազմական օպերացիայի, բռնագաղթեցման և էթնիկ զտումների պայմաններում պետականության հռչակումը բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու միակ ինստիտուցիոնալ լեգիտիմ միջոցն էր։
բ) Արցախը դուրս եկավ Ադրբեջանի կազմից նույն իրավական հիմքերով, որով Ադրբեջանը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից՝ կանխելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հետագա իրավական հավակնությունները։
Պատմաքաղաքական նշանակությունը
1991թ. ձևավորված իրավական ամուր հիմքի վրա կայացան պետական ինստիտուտները, իսկ 1994 թ. մայիսի 5-ի Բիշքեկյան արձանագրությամբ և դրան հաջորդած եռակողմ հրադադարի համաձայնագրով ԼՂՀ-ն ճանաչվեց հակամարտության լիարժեք, իրավահավասար կողմ։
1991թ. ձևավորված իրավաքաղաքական հիմքը չեղարկվեց 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ, երբ ՀՀ գործող իշխանությունն Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում։ Պրահայում Արցախի սուբյեկտայնության ուրացումը զրկեց բնակչությանը միջազգային-իրավական պաշտպանվածությունից, ինչն էլ հանգեցրեց 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիային և Արցախի ամբողջական էթնիկ զտմանն ու արցախահայության հայրենազրկմանը։
Սեպտեմբերի 2-ը իրավական առումով անխոցելի, միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը համահունչ ինքնորոշման ակտ էր, որի քաղաքական արդյունքները զոհաբերվեցին տասնամյակներ անց՝ դիվանագիտական և պետականագիտական սնանկության հետևանքով»։

Աղբյուրը`   Տաթև Զորյան