Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան

«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
36
Այսօր, 00:24

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին։
Պատճառները բազմաթիվ են իհարկե, բայց գլխավորն այն է, որ նրանք երբեք չեն մտածել ներդրումներ կատարել նաև մտքի ու ռազմավարական հեռավորության վրա։
Այսինքն՝ նրանք չեն կարողացել ներդրումներ կատարել ոչ նյութական արժեքներ ստեղծելու ոլորտներում, նրանք չեն կատարել ներդրումներ գենային կամ մտային, սոցիալական ինժեներիայի ոլորտում, չեն կարողացել ստեղծել այն սոցիալական բազան, որի վրա կարող են հենվել ֆորս-մաժորային իրավիճակներում։
Սրա հետևանքով՝ հասարակության համար՝ իր հավաքականության մեջ, մեծ հաշվով լրիվ միևնույն է, թե ում կսնանկացնեն, ում «կծեփեն ասֆալտին», ում ձայնը կգնեն, ում հոգին կվաճառեն...
Վերջերս մի քանի մեծահարուստների հետ խոսելու առիթ ունեցա։ Նրանց առաջարկել էի հովանավորել «Ուղեղային կենտրոն»: Բացի 1-2 բացառություններից, մնացածի մոտ հիմնական հարցը սա էր. «Իմ շահը ո՞րն է»:
Եթե կարճաժամկետ բիզնեսի տեսանկյունից սա գուցե արդարացված հարց է, ապա երկարաժամկետ, ռազմավարական մտածողություն ունեցող գործարարի համար այդ հարցի պատասխանը մինչև ինձ հանդիպելն արդեն պետք է լիներ, և իմ պատասխանները պետք է վերաբերեին գործիքներին ու մեթոդաբանությանը, թե ինչպես ենք հասնելու ընտրված թիրախներին։
Ամեն դեպքում, թեպետ ուրախալի է, որ ոչ բոլորի մոտ է հարցը միայն այսօրվա շահի մասին, սակայն միայն հայացք նետելով նախորդող տասնամյակների ընթացքում արվածին ու ստեղծվածին, ակնհայտ է դառնում, որ մեր մեծահարուստները մեծամասամբ կառչած են եղել և մնում (գոնե մինչ այս պահը) այսօրվա տեսանելի շահին, այնինչ ապագան գծվում է այսօր, իսկ գումարները միայն միջոցներ են, մտքի ու գաղափարի վրա ներդրումներ կատարելու, և ո'չ հակառակը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան