Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Սրանց հետ եք խաղաղություն կնքո՞ւմ»․ Սաթիկ Սեյրանյան

«Սրանց հետ եք խաղաղություն կնքո՞ւմ»․ Սաթիկ Սեյրանյան
53
Այսօր, 14:18

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, այդ թվում՝ Եվրոպական միության ներկայացուցիչները, հայկական Արցախում խրախճանքի մեջ են։ Նրանց հետ, ովքեր Արցախը էթնիկ զտման ենթարկեցին, ցեղասպանություն գործեցին ու հայաթափեցին Արցախը, ովքեր Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում որպես պատանդ են պահում մեր հայրենակիցներին, ովքեր կեղծում ու ոչնչացնում են հայերի գերեզմանները, եկեղեցիները, պատմությունը, մշակութային ժառանգությունը, հայկական հետքը…
Նայում եմ կադրերը, դրանց հրճվանքով լի դեմքերը… Գանձասարում, Դադիվանքում, Շուշիում…
Մինչ ծնունդով Արցախից, Շուշիում հարսանիք արած նախկին ԱԽՔ-ը էս օրերին գիրք է գրում էն մասին, թե ինչպես են 2018-ի գունավոր հեղափոխության հեղինակ արտաքին ուժերը իրեն ու իր նմաններին՝ ՔՊ խմբակին իրենց շեֆով հանդերձ, որպես գործիք օգտագործել ու իր հայրական տունը, հայրենիքը վաճառել, իրենց քիպը՝ Ալիևի օգնական Հաջիևը, հայկական Արցախում դիվանագետների առաջ հայոց պատմությունն է ծաղրում, մեր սրբությունները, նրանք էլ հռհռում են… ֆու՛...
Փնթի խոզերի պես ներխուժել են Գանձասար ու տրորում են մեր սրբությունները, մեր արժանապատվությունը…
Ցավ ես ապրում…
Գանձասարը անվանում են «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մաս, իսկ հայկական միջնադարյան նշանավոր վանական համալիր Դադիվանքը, որտեղ 1184 թվականին Մխիթար Գոշն ավարտել է իր հռչակավոր «Դատաստանագիրք Հայոց»-ը, համարում են ուդիական հոգևոր կառույց…
Սրա՞նց հետ եք խաղաղություն կնքում… զրուցակիցներիցս մեկը լավ ասաց՝ մի քանի դույլ բենզինով ու ցորենով սրանք հայրենիք են ծախում ու Ալիևի արյունոտ դեմքը մաքրում…
Նույն այդ նախկին ԱԽՔ-ը ընդամենը վերջերս Ալիևի այդ նույն օգնականին հյուրընկալեց Դիլիջանում. այն նույն Դիլիջանում, որտեղ հսկայական, այդ թվում՝ կրթական նախագծեր, ներդրումներ է արել Ռուբեն Վարդանյանը, որին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների հետ որպես պատանդ պահում են Բաքվի բանտում, դաժան կտտանքների ենթարկում, իսկ նրա կնոջը՝ Վերոնիկային, որը ցանկություն էր հայտնել կանանց խմբով գնալ և տեսակցել, նամակներ, լուսանկարներ փոխանցել մեր հայրենակիցներին, սպառնում են բանտ նետել… Ավելին, երբ Հաջիևը, որի ոտքերի առաջ սրանք անընդհատ գալարվում են, ոտք դրեց Դիլիջան, Ադրբեջանում ոգևորության ճիչեր էին արձակում, թե՝ պատմական այց էր, Հաջիևը ոտք դրեց պատմական ադրբեջանական հող…
Օտարերկրյա դիվանագետների երեսպաշտությունը վաղուց ինձ չի զարմացնում, երբևէ մեծ սպասումներ չեմ ունեցել՝ շատ լավ հասկանալով, որ բոլորը իրենց քաղաքական, տնտեսական շահերն ունեն: Կուլիսներում, առանձնազրույցներում նրանք հակադարձում են՝ մեզնից ինչ եք ուզում, ձեր երկրի ղեկավարներն են հանձնում ձեր երկիրը, եթե նրանք ուրանում են ձեր պատմությունը, ձեր մշակույթը, ձեր հողերը հանձնում են, թքած ունեն ձեր քաղաքացիների վրա, մեզանից ի՞նչ եք ուզում... Եվ նրանք այդ իմաստով ճիշտ են: Միայն այդ իմաստով:
Ադրբեջանն ավիրեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, ՔՊ-ի ստախոս առաջնորդը կամ նրա անձնական օգտագործման ԱԳՆ-ն ծպտուն չհանեցին, կես բառով անգամ չդատապարտեցին Մայր տաճարի ոչնչացումը, բայց տեղից վեր թռավ ու դատապարտեց, սադրիչ քայլ համարեց Երևանում ջահերով երթի ժամանակ երիտասարդ կուսակցականների կողմից Թուրքիայի դրոշի այրումը: Արցախը թշնամուն հանձնած, պատվիրատուների հրահանգով Հայ առաքելական եկեղեցու դեմ քստմնելի արշավ նախաձեռնած ՔՊ-ի շեֆը երեք օր անց հայտարարեց, թե «չի կարծում», որ Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդառնա, թե պետք է շրջահայաց լինել:
Էս են սրանք: Կրթության նախարար կոչվածը ադրբեջանա-թուրքական նարատիվներով դասագրքերն է խմբագրում, մեր պատմությունն է պղծում, ոչնչացնում պատմաբան-գրահրատարակիչ կոչված որոշների ձեռքով, Հայաստանի տարածքներն են հանձնում, մեր խորհրդանիշներն են հանձնում… մհերգրիգորյանախառը 3x6-ի վրա յուղոտ ժպիտով գալարվում են ալիև-հաջիև-բայրամովների առաջ… ֆու՛...
Ո՞վ եք դուք ընդհանրապես:
Ադրբեջանի ղեկավարությունը օտարերկրացի դիվանագետների հետ երկու օր է՝ ծաղրում է հային, մեր պատմությունը, մեր ազգային ինքնությունը, տրորում է մեր սրբությունները, էստեղ՝ Հայաստանում, բրոշկով պատուհասը մի օր առաջ հայտարարում է, թե բոլոր նրանք, ովքեր Տիգրանաշենը (ադրբեջանական անվանումով Քյարքի է ասում) կհամարեն Հայաստանի Հանրապետության տարածք, նշանակում է՝ պատերազմ են հայտարարում, մյուս օրը Սևանում բաղնիքի խալաթով հակաէսթետիկ տեսարաններ է ցուցադրում, վիդեո անում, տարածում… հետո դիտումները, լայքերը հաշվում…
Ո՞վ եք դուք ընդհանրապես, եթե ոչ սովորական փալաս… Ո՞ւմ հետ եք խաղաղություն կնքում, սրա՞նց, ձեզանից ի՞նչ խաղաղություն կնքող… ֆո՜ւ»։

Աղբյուրը`   Սաթիկ Սեյրանյան