Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
24
Այսօր, 03:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ մեր պատմության անցյալից դրվագներ եմ հրապարակում, դա անում եմ ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ անհատի թիրախավորելու, այլ դասեր քաղելու նպատակով:
Այսօր ուզում եմ գրել մի թեմայի մասին, որ քիչ ուսումնասիրված է, բայց կարող է կրկնություն ունենալ հայոց մեջ՝ նախ Սփյուռքում, ապա, եթե պայմանները փոխվեն՝ նաև Հայաստանում:
1920 թվականի աղետալի պարտությունից ու ստորացումից հետո Բաքվում ձևավորված և Հայաստանում իշխանության եկած Հայհեղկոմը թուրքերի և ադրբեջանցիների հետ վարում էր բարեկամություն հաստատելու, իսկ երկրի ներսում հակաթուրքական որևէ դրսևորում խլացնելու քաղաքականություն:
Հայոց ցեղասպանության, Կարսի կորստի, հայ-ադրբեջանական փոխադարձ ջարդերի ու էթնիկ զտումների մասին ոչ միայն մամուլում, այլ ընդհանրապես խոսել չէր կարելի, արևմտահայերը միայն ընտանեկան նեղ շրջապատում էին բարձրաձայնում ջարդերի ու ցավի մասին:
Թուրքերին քծնելու համար մեր Հայհեղկոմը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար նշանակեց Ստամբուլում ծնված Սուլեյման Նուրիին:
Խորհրդային Միության և Թուրքիայի բարեկամական հարաբերությունները ևս թույլ չէին տալիս հայերին խոսելու անցյալի կորուստներից ու ցավերից:
Բավական էր, որ փչանային ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունները, և թեման արդեն արգելված չէր: Սա չի նշանակում, թե Մոսկվան է հրահրել հայերի մեջ պահանջատիրությունն ու ռևանշիզմը, ինչպես պնդում են ՀՀ այսօր գործող իշխանությունները: Դա այդպես չէ: Դա պատմությունը վերաշարադրելու անթույլատրելի փորձ է:
Ես չեմ բացառում, որ հայ ժողովուրդը նույն շրջափուլի մեջ մտնի նաև այսօր, երբ ցինիկաբար և դեմոնտրատիվ ոտնահարվում են նրա պատմական, ազգային զգացումներն ու հավաքական հիշողությունը:
Գանձասարը էլեկտրական հարված էր, որը նաև ցույց տվեց, որ երբ վեց տարի շարունակ ամեն օր ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, ծաղրում ու ծանակում, ապա դա կարող է նրան արթնացնել մահվան քնից:
Ու դա անում է ոչ թե ինչ-որ մի շարքային պրոպագանդիստ, այլ դա անում է այն մարդը ի պաշտոնե, որ չպիտի աներ, քանի որ նա է փաստացի հակառակորդ կողմի խաղաղության «ավետաբերը»:
Ռևանշիզմը լավ բան չէ, մանավանդ Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որ պարփակված է իրենից տասնապատիկ ուժեղ հարևաններով:
Ավելին, այս աղետից ու արհավիրքից, մի ողջ ժողովրդի բռնի տեղահանությունից հետո մենք չունենք այլընտրանք, քան խաղաղության աղոտ հույսն է:
Մյուս կողմից, սակայն, հավաքական հիշողությունն ու ոտնատակ չլինելու զգացումը կարող է հայերի մի հատվածի տանել դեպի մի դաշտ, որ բոլորովին էլ օգտակար չի լինելու առաջին հերթին մեզ համար:
Հայաստանում նման շարժում կամ մտադրություն չի կարող կյանք ունենալ, քանի դեռ պարտադրված խաղաղության քաղաքականությունը ողջունելի և ընդունելի է մեր երկրի իշխանությունների համար: Դա կարող է ձևավորվել Հայաստանից դուրս, ինչպես 40-50-ական թվականներին»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան