Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան

«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան
32
Այսօր, 17:54

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալիևի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ իրենք միայն ռազմական ստորաբաժանումներն են թիրախավորել, աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակահարությունը, որն, ի դեպ, հենց ադրբեջանցիներն էլ տեսանկարահանել ու զետեղել էին համացանցում:
Նույնը վերաբերվում է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Թալիշ ներխուժմանն ու Խալափյանների ընտանիքի 2 մեծահասակ անձանց դաժան սպանությանը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի օրերին բազմաթիվ կադրեր հրապարակվեցին հայերի գերության մեջ գտնվելու մասին, իսկ դրանից հետո այդ մարդիկ կա՛մ սպանվեցին, կա՛մ ներկայումս ունեն անհետ կորածի կարգավիճակ:
Այնպես որ, Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» և մինչև վերջ իր պարտադրածները ստանալու մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, համաշխարհային մշակույթի ու կրոնական արժեքների նկատմամբ իր նվիրվածության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. ի վերջո, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն՝ թե՛ ներսում, թե՛ դրսում»: