Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Նորքի պատմական կամուրջը կվերականգնվի

Նորքի պատմական կամուրջը կվերականգնվի
55
Այսօր, 17:36

Մյասնիկյան պողոտայում գտնվող Նորքի՝ Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից։ Պարիսպները փակել էին դեպի կամուրջ տանող մուտքը՝ սահմանափակելով այցելուների հասանելիությունը պատմական հուշարձանին։

Նորքի կամուրջը կառուցվել է 1664 թվականին՝ նորքեցի Հովհաննես վարդապետի միջոցներով։ Կամրջի ճարտարապետը Գրիգորի որդի Կիրակոսն է։ Պատմականորեն այն Երևանը կապել է Ավանի հետ, իսկ կամրջով անցել են դեպի Սևան, Վրաստան և Ռուսաստան ուղևորվող առևտրական քարավանները։ Կամուրջը վերջին անգամ վերանորոգվել է 1965 թվականին։
Երվանդ Շահազիզը «Հին Երևան» գրքում կամուրջը հիշատակում է որպես Գետառի հին, միակամար և ամուր քարաշեն կառույց։ Նորքեցիների շրջանում պահպանված ավանդության համաձայն՝ դրա շինարարը Գետառի ձորում նմանատիպ յոթ կամուրջ կառուցելու ուխտ էր արել, որոնցից ամբողջությամբ պահպանվել է Նորքի կամուրջը։
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է մշակել կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։ Դրանցից հետո կիրականացվեն վերականգնման աշխատանքներն ու տարածքի բարեկարգումը։