Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան

«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
43
Այսօր, 22:12

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվա մեկ օրը ամբողջ քաղաքական պայքարի մանրակերտն էր:
Մասնագիտական աչքով եթե գնահատեմ երեկվա քաղաքականապես խիտ օրը, ապա մեկ բան կասեմ․ երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման։ Իշխանությունը գործում էր՝ որպես քաղաքական մեքենա. հաղորդակցվում էր, կրկնում, տարածում և պայքարում էր մարդկանց ընկալումների համար։ Իսկ ընդդիմադիր հասարակությունը շատ դեպքերում ինքն էր ուղղորդում, թելադրում, գոռում, օրակարգ առաջ մղում և իր հետևից քաշում քաղաքական ընդդիմությանը։ Մինչդեռ պետք է լիներ ճիշտ հակառակը։
Եվ քանի որ, ամենայն հավանականությամբ, երեկվա դասի իմաստը կրկին մինչև վերջ չի ընկալվելու, այսպես ասեմ։
Ինչ ունեք ու չունեք՝ մարդկային, ֆինանսական, կազմակերպական, մեդիա ու մտավոր ռեսուրս, լայն իմաստով դրեք պրոպագանդայի և քաղաքական հաղորդակցության վրա։ Այլ ելք չունեք։ Եվ չեք էլ ունենալու։
Մի՛ փոշիացրեք այդ ռեսուրսը հերթական միջոցառման, հերթական ներքին հավաքի, ինքներդ ձեզ համար նկարահանված հերթական տեսանյութի և քաղաքական ակտիվության տպավորություն ստեղծելու վրա։ Եթե ծախսված ռեսուրսը չի մեծացնում ձեր հասանելիությունը հասարակության մեջ, չի ընդլայնում ձեր խոսքի լսարանը, չի փոխում մարդկանց ընկալումները և չի վերածվում հանրային ազդեցության, ապա դա քաղաքական ներդրում չէ։ Հիշեք, ինչպես իշխանությունը, այնպես էլ դուք սկսել եք ձայն, վստահություն, լեգիտիմություն կորցնել ընտրությունների հաջորդ օրվանից և այլևս չունեք այն պատկերը, որը կար ընտրության փաստացի արդյունքում:
Քաղաքական պայքարը նաև պայքար է մարդկանց ուղեղների համար։ Կարող եք ունենալ լավագույն ծրագիրը, ամենաճիշտ փաստարկները, կազմակերպական ռեսուրս, բայց եթե ձեր քաղաքական ճշմարտությունը չեք կարողանում ծավալային առումով հասցնել մարդուն, քաղաքականության մեջ այն պարզապես չի աշխատում։ Իշխանությունը պարտադիր չէ հաղթի փաստերով․ բավական է, որ հաղթի մարդկանց ընկալման համար պայքարում։ Հենց այստեղ է քաղաքական ռեսուրսը վերածվում հանրային ուժի։
Երեկ դրա հակառակ կողմն էլ շատ պարզ երևաց։ Ընդդիմադիր հասարակությունը գոռում, կռվում, ճչում էր այն պատկերի դեմ, որը ձևավորել էր իշխանությունը օրվա խորհուրդը անտեսելու և իգնոր անելու առումով և քաղաքական ընդդիմությանը հուշում՝ որտեղ է խնդիրը, ինչին է պետք արձագանքել, ինչն է պետք բարձրաձայնել և ինչ օրակարգ է պետք առաջ տանել։ Սա արդեն հաղորդակցության խնդրից ավելի խորն է։ Քաղաքական ուժի գործառույթը հասարակության մեջ կուտակված դժգոհության հետևից վազելը չէ։ Այն պետք է կարողանա այդ դժգոհությունը ժամանակին ճանաչել, քաղաքական իմաստ տալ, օրակարգ ձևակերպել և հասարակական էներգիան վերածել կազմակերպված հանրային ուժի։
Իշխանությունը կուռ է իր նարատիվների հաղորդակցման մեջ ու իմ քո չի անում, եթե իր նարատիվի մեջ են ուրիշները՝ ապա տալիս է դրան ծավալ, օգտվում է դրանից ի շահ իրեն և սպասարկում է պրոպագանդայով նույնիսկ ուրիշին՝ իրենից դուրսին: Սա ընդդիմադիր ֆրոնտում գոյություն չունի: Պարադոկս է, բայց էստեղ «իմ ու քոնը» ավելի շատ է, քան իշխանության ֆրոնտում:
Վերջ տվեք այս ամենին: Սկսեք ամենապարզ, նույնիսկ պրիմիտիվագույն գործողությունից։ Facebook-ում մի՛ լայքեք ու տարածեք միայն ձեր քաղաքական ուժի էջերն ու ձեզ հետ ասոցացվող մարդկանց։ Եթե որևէ միտք, տեքստ, խոսք կամ տեսանյութ աշխատում է այն քաղաքական իրականությունը բացատրելու համար, որի դեմ պայքարում եք, տարածեք այն՝ անկախ հեղինակից։ Քաղաքական հաղորդակցությունը կուսակցական ինքնասիրության սպասարկում չէ։ Ձեր խնդիրը սեփական շրջանակում միմյանց հավանելը չէ։ Ձեր խնդիրը ձեր շրջանակից դուրս մարդկանց հասնելն է։
Երեկվա մեկ օրը դրա փոքր մոդելն էր․ իշխանությունը փորձում էր քաղաքական ռեսուրսը վերածել հանրային ընկալման, ընդդիմադիր հասարակությունը փորձում էր հակառակ օրակարգ պարտադրել, իսկ քաղաքական ընդդիմությունը հաճախ հայտնվում էր այդ երկու գործընթացների հետևում։ Ռեսուրս ունենալը դեռ քաղաքական ուժ ունենալ չէ։ Քաղաքական ուժը սկսվում է այն ժամանակ, երբ ռեսուրսը կարողանում ես վերածել հանրային ուժի, հանրային ուժը՝ օրակարգի, իսկ օրակարգը՝ քաղաքական գործողության։
Եվ վերջապես՝ ապաբյուրոկրատացե՛ք։ Դուք պաշտոնյա չեք, պետական ապարատի ներկայացուցիչ չեք և ձեր քաղաքական կարգավիճակը պահպանելու համար ստեղծված կառույցի աշխատակից չեք։ Դուք ընտրել եք հանրային ու քաղաքական ծառայություն մատուցելու ճանապարհը, իսկ մեր ժամանակներում դա բոլորովին այլ տրամաբանություն ունի՝ մարդամոտ, բաց, շարժուն և մարդկանց համար հնարավորինս հասանելի։
Դուրս եկեք կաբինետային քաղաքականությունից, պաշտոնական դեմքերից, արարողակարգային խոսքից ու սեփական փոքր շրջանակներից։ Քաղաքական գործիչը պետք է լինի այնտեղ, որտեղ մարդն է՝ նրա հեռախոսում, բակում, փողոցում, խոսակցության մեջ։ Մարդիկ ձեզ հասնելու ճանապարհ չպետք է փնտրեն․ դուք պետք է ամեն օր ճանապարհ փնտրեք մարդկանց հասնելու համար, որովհետև ընդդիմադիր քաղաքական գործչի պաշտոնը աթոռ չէ։ Նրա պաշտոնը հասարակության մեջ է»։