Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
46
Այսօր, 17:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակին հայկական բոլոր դպրոցների պատերին մատաղ սերունդը կարդում էր գիտելիքի, կրթության ու Հայրենիքի մասին ասված հայ մեծերի մտքերն ու ասույթները: Կասկած չունեմ, որ բոլորս ենք հիշում (թերևս մինչև հիմա անգիր) այն տողերը, որոնք մեզ ուղեկցել են դպրոցական 10 տարիների ընթացքում.
առավոտ կանուխ այսքանը մտաբերեցի՝
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»,
«Ով որ սովորում է, նա էլ կհաղթի»,
«Գիտությունը ուժ է»,
«Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»,
«Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հավատը»,
«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ... սակայն մեր աշխարհում էլ գործվել են արիության շատ գործեր»,
«Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող իսկապես սիրել այն»,
«Առանց հայրենասիրության չկա ո՛չ ազգ, ո՛չ պետություն»,
«Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»:
Այսօր արդեն դպրոցների միջանցքներում կամ մուտքի մոտ փակցված են մերօրյա «մտքի տիտանի» գոհարները, թե բա՝ «լավ սովորի՛ր, որ լա՛վ ապրես»:
Առաջին դեպքում կրթությունը նպատակ ունի մարդ ձևավորելու։ Երկրորդում՝ կրթությունը դառնում է անձնական բարեկեցության հասնելու միջոց՝ բացառապես հաճույք ու ստամոքս: Առաջինը երեխային կապում է իր մեծ արժեքների, արմատների ու գենի հետ, երկրորդը՝ վերադարձնում է իր անձնական կյանքի կուլտուր-կենցաղային շրջանակ։
Իհարկե, լավ ապրելը վատ նպատակ չէ, բայց եթե դպրոցը երեխային ասում է միայն՝ սովորիր, որ դու լավ ապրես, ապա մի կարևոր հարց մնում է անպատասխան՝ իսկ ինչի՞ համար ես սովորում, եթե քո գիտելիքը քեզնից դուրս ոչ մի պարտավորություն չի ստեղծում։ Ի դեպ՝ միշտ էլ ջնջված հիշողությամբ ու մանկուրտացած հատվածին կառավարելը հեշտ է:
Դպրոցը մարդուն պետք է սովորեցնի ոչ միայն ինչպես ապրել, այլև ինչի համար ապրել, ինչ ստեղծել, ինչ պահպանել և ինչի համար պատասխանատվություն կրել։
Փաստացի փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստերը, այլև մարդուն ուղղված ուղերձը, որին դպրոցը պետք է ձևավորի մարդու արժեքաբանական համակարգում։
Ըստ էության՝մ ի ժամանակ քեզ ասում էին՝ ճանաչիր, սովորիր, հիշիր, պահիր, այսօր՝ լավ ապրիր։
Այն պետությունը, որը երեխային այլևս չի ասում՝ հանուն ինչի (ինչ գաղափարի) պետք լավ ապրի, վաղ թե ուշ ստիպված է լինելու առերեսվի ու պատասխանի՝ այդ լավ կյանքը ո՞ր երկրի համար կամ ո՞ւմ պահած հայրենիքում պիտի լինի։
Հ.գ. Իսկ այն դպրոցների տնօրենները, որոնք իրենց դպրոցներից հանել են «փառքի անկյունները», Մաշտոցի, Նժդեհի, Խորենացու ու մնացած մեծերի, հերոսների պատգամներն ու նկարները, էս դժոխային ժամանակներն անցնելուց հետո ոչ միայն ամաչելու են, այլ գլխահակ են ապրելու ու ամեն օր ապաշխարհելու են իրենց մեղքերի համար:
Հ.Հ.Գ. Ցավը էնա, որ կրթվելու ու գիտելիքի մասին ամեն օր եսիմ ինչ բառակույտեր տիրաժավորողը ոչ՛ մի նորմալ կրթություն ունի, ոչ՛ էլ ֆենոմենալ ուղեղ»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան