Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
59
Այսօր, 18:54

Ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը ունեցել է երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է երեք մոտեցումներից միայն մեկը՝ 185 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 189 կգ ծանրություն: Այս վարժությունում նա 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

Երկամարտի 338 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ։ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։