Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ամուլսարը որևէ պարագայում չի գործի, եթե ջերմուկցիները չուզեն»․ Սուրեն Սահակյան

«Ամուլսարը որևէ պարագայում չի գործի, եթե ջերմուկցիները չուզեն»․ Սուրեն Սահակյան
47
Այսօր, 09:30

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամուլսարում ոսկու հանքի շահագործման մասին հնարավոր բոլոր տեսակետները, հայհոյանքներն ու հակափաստարկները հնչել են։ Դրանց ավելացնելու բան չկա։ Քչերը գիտեն, որ շահագործման վերաբերյալ որոշումները 2018թ-ից էս կողմ եղել են խիստ բևեռացված՝ մերժումից մինչև լիակատար ընդունում։ Դրանից էլ քչերը գիտեն, որ շահագործման օգտին քաղաքա-տնտեսական վերջին ու «ամենահիմնավոր» փաստարկը եղել ա․ «Եթե մի տեղ 4 մլրդ դոլարի ոսկի կա, ուրեմն վաղ թե ուշ մեկը հանելու ա։ Ավելի լավ ա մե՛նք հանենք»։
Էս մտածողությունը, իհարկե, առողջ բանականության ծաղր ա։ Որևէ մեկը դեմ չի ոսկու արդյունահանմանը։ Խոսքը այն կորզելու ներկայիս տեխնոլոգիաների վնասակարության մասին ա։ Ամուլսարում ընտրվել ա դրանցից ամենավնասակարներից մեկը։ Բայց դե ումից՝ ինչ ենք ակնկալում։ Քաղաքական խմբակը, որ էն պարագայում, երբ Ադրբեջանն իր խոսույթի ամեն բառով հուշում ա՝ «տարածաշրջանում կա՛մ մենք կմնանք, կա՛մ էլ հայերը», որոշեց գնալ Հայաստանը Ադրբեջանից ուղիղ ու անայլընտրանք կախվածության մեջ դնելու ճանապարհով, այլ որոշում չէր էլ կարող կայացնել։ Սա ռազմավարական մտածողության իսպառ բացակայության հերթական բաց ցուցադրությունն ա։
Այն նաև մարդկային ագահության ու հիմարության մանիֆեստ ա ներկայիս ու ապագա սերունդների համար։ COP17-ում իր խոսքի ընթացքում Փաշինյանը ասում էր, թե «տնտեսական շրջափակման պատճառով 90-ականներին մենք դժբախտություն ենք ունեցել անխնա շահագործել բնությունը…»։ Իսկ ինչի՞ ենք նման ռիսկերով ու հետևանքներով բնությունը շահագործում 20-ականներին։ Արդյո՞ք դա տնտեսական «թռիչքաձև զարգացման» հեռանկարի ձախողման պատճառով չի։ Արդյո՞ք սա ընձեռնված հնարավորությունները մսխելու, խիստ վիճահարույց ու անհեռանկար տնտեսական որոշումների կայացման հետևանքով առաջացած փակուղու մասին չի։ Այսինքն՝ սեփական ձախողումների հետևանքները փակելու միջոց։ Աղետաբերության մակարդակով սա նման ա խաղամոլին, որն ամբողջ ունեցվածքը տանուլ տալու պարագայում երիկամն ա կտրում, վաճառում՝ հաշվի առնելով, որ իր սերունդներն էլ են էդ օրգանիզմում ապրելու։ Ամուլսարի «քաղաքա-տնտեսական» հիմնավորման մեջ նշվող 4 մլրդ դոլարի ընդամենը մոտ 1 մլրդն ա Հայաստանին բաժին հասնելու, էն էլ միանգամից չէ, այլ տարին +/- 100 մլն դոլար, էն էլ ոսկու ներկայիս ռեկորդային բարձր գնի պարագայում․ Բյուջեի 1 տոկոսը։
Դե ինչ, հաջորդ փուլը պատասխանատվությանն ա։ Նիկոլը, անձամբ մասնակցելով բացման արարողությանը, մատնանշեց, թե կոնկրետ ում վրա ա ամբողջ պատասխանատվությունը։ Հուսամ, այն վրա կհասնի ու էդ պահին դեռ մեծ աղետ տեղի ունեցած չի լինի։
Ինչ վերաբերում ա անձամբ ինձ, ապա ինձ նման հարյուրավոր այլ անձանց պես, ես էլ Ջերմուկ ու հարակից ազդակից համայնքների կողքին եմ։ Չնայած Ամուլսարի հանքի հնարավոր բացասական հետևանքները բոլորս ենք կրելու, բայց Ամուլսարը կգործի, եթե ջերմուկցիները ուզենան դրա շահագործումը և այն որևէ պարագայում չի գործի, եթե բնակիչները դա չուզեն։ Համայնքն իր զորությունը զգացել ա ու ես չեմ հանդիպել մեկին, որ նրանց կողքին էր ծանր պահին ու էսօր անմասն կմնա։ Սա պատասխանատվության բաշխում չի, այլ դառը իրականությունն ա նենց, ոնց կա։ Առանց համայնքի շատ քիչ բան կարելի ա անել»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան