Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան

«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
61
Երեկ, 23:54

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2030-2031 ուստարում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան լիովին հանվելու է
Հին Հռոմում ասում էին․«Խաղաղություն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի»։ Հայաստանում բոլորն են խաղաղություն ուզում, պատերազմ ցանկացող չկա, սակայն հնարավոր պատերազմին չեն պատրաստվում, իսկ Արցախի վերաբերյալ բանակցությունները ձախողած, 44-օրյա պատերազմում պարտված, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած, ՀՀ սահմանամերձ տարածքները մարտերով և առանց մարտերի հանձնած իշխանությունը սահմաններին տևական հրադադարը ներկայացնում է որպես հաստատված խաղաղություն։ 44-օրյա պատերազմից 6 տարի անց Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի կնքել, ՀՀ սահմանամերձ տարածքները օկուպացիայից չի ազատել, շարունակում է զինվել, զորավարժություններ անցկացնել, Ադրբեջանի ներսում և միջազգային ասպարեզում հակահայկական քարոզչություն անել։ Չնայած այս ամենին, Հայաաստանի ՔՊ-ական իշխանությունը հանրությանը խաբում է, թե կայուն խաղաղություն է։ Հենց խաղաղության անունից են պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել կես տարով, այդ կերպ՝ կրճատել բանակի թվաքանակը։ Ադրբեջանն այս տարի ավելացրել է առանց այդ էլ մեծ ռազմական բյուջեն, իսկ Հայաստանի իշխանությունը կրճատել է պաշտպանական ծախսերը։ Մայիսի 28-ի զորահանդեսով իշխանությունը փորձում է հանրությանն ապացուցել, որ մեր բանակը արդիական, հզոր զենքեր է ձեռք բերել, մինչդեռ դրանք իրենց քանակով, տեսականիով բազմիցս են զիջում Ադրբեջանի զինուժի սպառազինություններին։ Եթե Ադրբեջանն առաջիկա տարիներին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր էլ կնքի, ոչ մի երաշխիք չկա, որ այդ երկիրը չի խախտելու առանց միջազգային հզոր երաշխավորների ստորագրված փաստաթուղթը։ Վատ է, որ իշխանությունը չեղած խաղաղության քարոզով բթեցնում է Հայաստանի բնակչության զգոնությունը։ Այս տարվա գարնանը Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում, գյուղապետարանների շենքերում առկա զինանոցները փակեցին․ դրանցում առկա զենքերը տեղափոխեցին Նոյեմբերյան քաղաք։ Հանրակրթական դպրոցներում աստիճանաբար վերացնում են դպրոցականներին ռազմական գործի ուսուցումը։ Այն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի միջոցով։ 2026-2027 ուսումնական տարում 5-րդ և 10-րդ դասարաններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարեն մտցվել է «Անվտանգ կենսագործունեություն» առարկան։ Սակայն այս ուսումնական տարվա առաջին կիսամյակում «Անվտանգ կենսագործության» փոխարեն այդ դասարաններում ուսուցանվում է «Առողջ ապրելակերպ» առարկան։ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան այժմ դասավանդվում է 8-12-րդ դասարաններում։ Դպրոցների զինղեկները մտավախություն ունեն, որ մի քանի տարի հետո, երբ ներկայիս 5-րդ դասարանցիները հաճախեն 8-րդ դասարան, հանրակրթական դպրոցներում այլևս «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան չեն դասավանդի։ Այդ մտավախությունները հաստատվում են ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությամբ ։ ՀՀ հանրակրթական դպրոցների զինղեկների շրջանում տարածված է փաստաթուղթ, որը կոչվում է ՝ «Պաշտոնական պարզաբանում ԿԳՄՍ նախարարությունից ՆԶՊ առարկայի գնահատման վերաբերյալ»։ Ըստ այդ փաստաթղթի՝ 2030-2031 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում այլևս չի դասավանդվելու «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան։ Վերջ, տեղ հասանք, Հայաստանը «հասել է» հանգրվան, որտեղ հավերժական խաղաղություն է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան