Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան

«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
70
Այսօր, 16:54

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՀՈԳԵՎՈՐՍՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱԿԱՐԴ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ.
Համացանցում տարածվում է արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ «հայր սուրբի» կերպարով տեսանյութ, որտեղ մարդկանց համոզում են, որ Աստծուն կարելի է մոտենալ նաև առանց եկեղեցի հաճախելու։
Այնուհետև հնչում է գլխավոր առաջարկը.
«Մենք անվճար առցանց Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ ենք ստեղծել այն Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների համար, ովքեր չեն կարող հաճախ եկեղեցի գնալ։ Սեղմիր WhatsApp-ի կոճակը և միացի՛ր մեզ»։
Սիրելի՛ հավատացյալներ, մի՛ հավատացեք։ Տեսանյութում ներկայացված «հայր սուրբը» արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ կերպար է, ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու իրական հոգևորական։ Նրա խոսքը մի՛ ընդունեք որպես Մայր Եկեղեցու ուսուցում կամ պաշտոնական հրավեր։
Ինչո՞ւ է անհայտ կրոնական նախաձեռնությունը հատուկ դիմում Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներին՝ օգտագործելով հոգևորականի կեղծ հեղինակությունը։
Սա հոգևորսության լուրջ վտանգ պարունակող թակարդ է, որի միջոցով հնարավոր է ՀԱՍԵ որոշ զավակներին աստիճանաբար հեռացնել իրենց Մայր Եկեղեցուց և ներգրավել անհայտ կրոնական խմբերի մեջ։
Սուրբ Գրքի առցանց ուսումնասիրությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինել Սուրբ Պատարագին, Սուրբ Հաղորդությանը և Եկեղեցու խորհրդական կյանքին։ Իսկ եկեղեցի հաճախել չկարողացող հավատացյալը պետք է պահպանի կապն իր հոգևոր հովվի հետ։
Սա արդեն համակարգված և հետևողական բնույթ է ստանում։ Միգուցե ժամանակն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես արձագանքի այս երևույթին, հերքի նման նախաձեռնությունների առնչությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ և զգուշացնի հավատացյալներին կեղծ հոգևորականների միջոցով իրականացվող հոգևորսության վտանգի մասին։
Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք անհայտ WhatsApp խմբերի հրավերները և մի՛ թույլ տվեք, որ ձեր հավատքն օգտագործվի ձեզ Մայր Եկեղեցուց հեռացնելու համար։
Տարածե՛ք այս զգուշացումը՝ մյուս հավատացյալներին ևս հնարավոր հոգևորսությունից պաշտպանելու համար»։