Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել
1535 Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 22:35 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 29-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքից հետո, կանխավ մշակված ծրագրի համաձայն, հավաքված մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով: Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում միայն իր ազգային պատկանելիության համար Բաքվի հայությունը ենթարկվեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազոտությունների՝ սպանվել է շուրջ 450 մարդ: Միայն 1990թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, դադարեցրեցին հայերի յոթօրյա կոտորածները: 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»: Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված մարդկության դեմ այդ հանցագործությունը արագացրեց և գրեթե ավարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչության լրիվ էթնիկ զտումը: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Սումգաիթ, Կիրովաբադ և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր: Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները: Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն: Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից»: |
«Ասում են՝ դպրոցի հայաթով ա ճանապարհն անցնելու»․ Գառնիկ Դանիելյան
1411:24«Եթե մենակ մենք ենք զիջում, էդ խաղաղություն չի»․ Կիրանցի բնակիչ
2311:18Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3811:06«Տարածքների հանձնումից հետո այս ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու»․ Ոսկան Սարգսյան
4211:00Տավուշի բնակիչներն այսօր կհայտնեն հետագա քայլերի մասին
9609:18Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
8808:30«Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից»․ Արմեն Պետրոսյան
19703:18«Կաֆեներում ջահելությունը լատե ա խմում․ ոչ մեկ Օպերա չի գալիս»․ Նանա Սարգսյան
14401:30