Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մխիթարյանի գործը մեծ խնդիր է ՈՒԵՖԱ-ի համար»․ CNN-ի ծավալուն անդրադարձը

«Մխիթարյանի գործը մեծ խնդիր է ՈՒԵՖԱ-ի համար»․ CNN-ի ծավալուն անդրադարձը
2392
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 18:40

Հեղինակավոր CNN պարբերականն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ։

«Եվրոպա լիգայի եզրափակչից 9 օր հայտնի դարձավ, որ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չի մասնակցի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Յուրաքանչյուր այլ դեպքում դա կարող էր սովորական հայտարարություն լինել՝ ֆուտբոլիստի վնասվածքի կամ ակումբի որոշման հետ կապված։ Բայց ոչ այս դեպքում։ «Արսենալ»-ը եզրափակչին չի տանում Հենրիխ Մխիթարյանին՝ վերջինիս ծննդավայրի պատճառով։ Մխիթարյանի գործը մեծ խնդիր է ՈՒԵՖԱ-ի համար և մեծ հարցեր է առաջացնում՝ ինչպես է որոշվել եզրափակիչը Բաքվում անցկացնել։

Մոռանանք այն մասին, որ աշխարհագրական դիրքը բարդ է դարձրել երկրպագուների՝ Բաքու հասնելը, կամ չնչին քանակությամբ՝ 6000 տոմսերի տրամադրումը երկրպագուներին։

Բայց մենք պետք է հիշենք, որ ՈՒԵՖԱ-ն եզրափակչի համար ընտրել է մի երկիր, որտեղ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, իսկ որոշները, նույնիսկ, չեն կարող մուտք գործել այնտեղ: Մխիթարյանը, որի երկիրն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ է, իրեն չի կարող անվտանգ զգալ Բաքվում, ինչը թիմերից մեկին ստիպում է զրկվել իր առանցքային խաղացողներից մեկից՝ ոչ ֆուտբոլային պատճառով: Եվ այդ որոշումն ընդունում է մի կազմակերպություն, որը պետք է խթանի ֆուտբոլի զարգացումը։

ՈւԵՖԱ-ն համագործակցում է RESPECT սոցիալական կազմակերպության հետ, որը քարոզում է խտրականության բացակայությունը ֆուտբոլում. «Բոլորն իրավունք ունեն ֆուտբոլը վայելելու՝ անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից ես և ինչպես ես խաղում»: Հուսանք, որ այս հաղորդագրությունը կսփոփի Մխիթարյանին և աշխարհի բոլոր հայերին, այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականի ավագը մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչը դիտելու է հեռուստացույցով:

Ինչպե՞ս կարող է այս ամենը դեմ չլինել սպորտի սկզբունքներին: Եվ եթե «Արսենալ»-ը պարտվի, միշտ հարց կմնա՝ «իսկ ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը խաղար»: Եվ մի՞թե սա չի վտանգում ՈւԵՖԱ-ի իրավահավասարության թեզը, եթե այդ կառույցը պաշտպանում է եզրափակիչն ընդունող այդքան կոնֆլիկտային ու խտրականություններով երկրին:

ՈՒԵՖԱ-ն ու Ադրբեջանի ՖՖԱ-ն վստահեցրել են, որ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է, բայց դա բավարար չեղավ, որ Մխիթարյանը մեկնի Բաքու

Ստացվում է, որ եթե «Արսենալ»-ը և Մխիթարյանը խիզախություն չունեն մարտահրավեր նետել Բաքվին՝ հաշվի չառնելով անվտանգության հարցը, ապա դա նրանց խնդիրն է։

Բայց եթե ՈՒԵՖԱ-ն շարունակելու է մտածել իր շահի մասին՝ երկրպագուների և ֆուտբոլիստների հաշվին, արժե արդյոք, որ այդ հանդիպումը կայանա։ Միգուցե «Արսենալ»-ը և «Չելսի»-ն բոյկոտե՞ն խաղը:

Այդ որոշումը բարդ կլինի «Արսենալ»-ի համար, որովհետև, բացի ֆինանսական մեծ օգուտից, Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթելն ակումբի վերջին հնարավորությունն է՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։

Բայց Եվրոպայում կան բարձրակարգ մարզադաշտեր, որոնք հաշված օրերի ընթացքում կարող են կազմակերպել նման մասշտաբի հանդիպման անցկացումը։ Օրինակ, Լոնդոնի «Ուեմբլի»-ն կամ «Նյու Վայթ Հարթ Լեյն»-ը։

Այո՛, դա կտրուկ ու աննախադեպ քայլ կլինի, բայց ժամանակակից ֆուտբոլում չի եղել դեպք, որ ֆուտբոլիստը նման խնդրի բախվի։ Պատկերացրեք, թե ինչպիսի միասնականության, համախմբման և հարգանքի օրինակ կարող է դառնալ սա երկու լոնդոնյան մրցակից թիմերի կողմից:

Բայց, անկասկած, սպորտում որոշ բաներ ավելի կարևոր են, քան հաղթանակները, պարտությունները, ֆինանսական օգուտներն ու ֆինանսական կորուստները: Երկու ակումբների կողմից այդ քայլը կմնա պատմության գրքերի մեջ, ինչը շատ ավելի մեծ բան կնշանակի, քան Եվրոպա լիգայի այդ փտտած գավաթը»: