Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Էս շինծու քրեական գործը տարեք մտցրեք քոչարյանի աջակիցների աչքը». Գևորգ Մանուկյան

«Էս շինծու քրեական գործը տարեք մտցրեք քոչարյանի աջակիցների աչքը». Գևորգ Մանուկյան
138
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 02:20

2008 թվի մարտի մեկի շինծու գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանն, ով 3-րդ օրն է՝ հացադուլ է անում Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գրասենյակի դիմաց, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ էս շինծու քրեական գործը տարեք մտցրեք քոչարյանի աջակիցների աչքը, որ տենան, թե իրենց հանցագործ առաջնորդի ցուցումով ոնց են անմեղ մարդկանց գլխին սարքել, թող տենան, թե ոնց են արատավորել դպրոցում աշխատող ուսուցչուհու բարի համբավը:

Հատուցման ժամը եկել է տականքներ:

Գործ Արդ 0115-01-08

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով

Նախագահող դատավոր Հ. Մելքոնյան
Քարտուղարությամբ Ժ.Ավագյանի
Մասնակցությամբ
Մեղադրող Ն.Հակոբյանի
Պաշտպան Ց.Մարգարյանի

2008թ. դեկտեմբերի 19-ին Էջմիածին քաղաքում դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի
Հերմինե Մանուկի Մանուկյանի, ծնված 11.01.1977թ. Արմավիրի մարզի Ծիածան գյուղում, ազգությամբ հայուհի, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած, խնամքին ոչ ոք, ֆիզիկապես առողջ, աշխատում է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցչուհի, նախկինում չդատված, բնակվում է Արմավիրի մարզի Ծիածան գյուղում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։
Քրեական գործ է հարուցվել 16.08.2008թ., գործի համարն է 57200608։
Դատաքննությամբ, գործի տվյալներով դատարանն ապացուցված է համարում հետևյալը։
2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված ու քննված քրեական գործով Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Գևորգ Մանուկի Մանուկյանը 2008թ. մայիսի 13 ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան, որտեղ գործի քննությունն ընթացքի մեջ է: Իսկ Էջմիածին քաղաքի բնակիչ, տուժող Կառլեն Առաքելյանը նշված քրեական գործով հանդիսանում է վկա:
Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակչուհի, սույն գործով մեղադրյալ Հերմինե Մանուկի Մանուկյանը, հանդիսանալով Գևորգ Մանուկյանի հարազատ քույրը, դատաքննության ընթացքում, եղբորը օգնելու նպատակով որոշել է հանդիպել Կառլեն Առաքելյանի հորը՝ վկա Արթուր Առաքելյանին և հարկադրել նրան որպեսզի ազդի իր որդու վրա և վերջինիս դատաքննության ընթացքում սուտ ցուցմունքներ տա ի օգուտ իր եղբոր: Հետաքրքրվելով ու տեղեկանալով, որ Արթուր Առաքելյանն աշխատում է Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքի առաջին հարկում գործող 4-97-97 տաքսի ծառայությունում, տաքսի ծառայություն զանգահարելով ու տեղեկանալով, որ Արթուր Առաքելյանը գտնվում է աշխատանքի մեջ, ժամը 15-ի սահմաններում մոր՝ վկա Անժիկ Անդրեասյանի հետ, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է նրա աշխատավայր և տաքսի ծառայության գրասենյակում սպասել Արթուր Առաքելյանին: Երբ վերջինս վերադարձել է գրասենյակ, Հերմինե Մանուկյանն ու Անժիկ Անդրեասյանը մոտենալով նրան ու իմանալուվ, որ նա է Կառլեն Առաքելյանի հայրը, նախ փողոցում, ապա գրասենյակի ներսում, տաքսի ծառայության տնօրեն, վկա Սամվել Կուծանյանի ներկայությամբ սկսել են ագրեսիվ ու կոպիտ տոնով պահանջել, որ նա համոզի կամ ազդի որդու վրա, որպեսզի վերջինս դատարանում փոխի իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքները և ցուցմունք չտա Գևորգ Մանուկյանի դեմ կամ ընդհանրապես խուսափի ցուցմունք տալուց, այլ սուտ ցուցմունք տա, թե իբր նրան չի ճանաչում և զանգվածային անկարգությունների ժամանակ չի տեսել: Այդ ընթացքում Հերմինե Մանուկյանի կողմից Կառլեն Առաքելյանին սուտ ցուցմունք տալուն կամ ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրելը զուգորդվել է նրա մերձավորների նկատմամբ սպանության սպառնալիքով: Հերմինե Մանուկյանը, մասնավորապես սպառնացել է Արթուր Առաքելյանին, որ եթե նրա որդին դատարանում չփոխի իր ցուցմունքները, ապա կմորթի վերջինիս երեխաներին: Եվ միայն այն բանից հետո, երբ Ա.Առաքելյանը խոստացել է խոսել որդու հետ, նրանք հեռացել են: Նրանց խոսակցության ընթացքում տաքսի ծառայության գրասենյակում գործով չպարզված մեկ այլ կին էլ է գտնվել և Արթուր Առաքելյանը թյուրիմացաբար կարծել է, թե վերջինս Հերմինե Մանուկյանի մորաքույրն է:
Նրանց հեռանալուց հետո Արթուր Առաքելյանը թողնելով աշխատանքն անմիջապես գնացել է տուն և Գևորգ Մանուկյանի հարազատների պահանջների ու սպառնալիքների մասին պատմել իր ընտանիքի անդամներին, նաև զգուշացրել, որ ուշադիր լինեն և օտար մարդկանց առջև բնակարանի դուռը չբացեն: Իսկ երեկոյան այդ մասին տեղեկացրել է նաև աշխատանքից վերադարձած որդուն՝ Կառլեն Առաքելյանին: Գևորգ Մնուկյանի հարազատների պահանջներից ու սպառնալիքներից ահաբեկված, անհանգստանալով իր երեխաների անվտանգության համար, Կառլեն Առաքելյանը կատարվածի մասին 08.08.2008թ. հաղորդում է տվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում 14.08.2008թ. ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Վաղարշապատի բաժանմունք:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ 05.08.2008թ. մերձավորների նկատմամբ սպանության սպառնալիքով զուգորդված Կառլեն Առաքելյանին սուտ ցուցմունք տալուն և ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրել է միայն Հերմինե Մանուկյանը, մինչդեռ Անժիկ Անդրեասյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու, ինչպես նաև Գրետա Անդրեասյանի՝ դեպքին ներկա գտնվելու հանգամանքները հերքվել են, ուստի քրեական գործով որոշումներ են կայացվել նրանց վերաբերյալ քրեական գործի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Կատարած հանցանքի համար Հերմինե Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով:
Առաջադրված մեղադրանքում Հ.Մանուկյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունք է տվել:
28.11.2008թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հերմինե Մանուկի Մանուկյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է և համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ և 3752-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, որոշեց քննությունն անցկացնել արագացված կարգով։
Դատարանը, հիմք ընդունելով մինչդատական վարույթի կողմից հաստատված փաստական հանգամանքները, գտնում է, որ ամբաստանյանլ Հերմինե Մանուկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք:
Հերմինե Մանուկյանի արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Պատիժը նշանակելիս դատարանը հաշվի է առնում կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը:
Ամբաստանյալ Հերմինե Մանուկյանի անձին և կատարած արարքին վերաբերող ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունը ծամրացնող հանգամանքներ չկան:
ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ Հ.Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը և հանցագործությանը բացահայտելուն աջակցելը:
Բացի այդ ամբաստանյալ Հերմինե Մանուկյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին, տվել է խոստովանական ցուցմունքներ, չի խոչընդոտել գործի քննությանը: Նման պայմաններում դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված հանգամանքները, նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հանգում է հետևության, որ ամբաստանյալ Հերմինե Մանուկյանի նկատմամբ պետք է նշանակել պատիժ՝ տուգանքի ձևով:
Գործով քաղաքացիական հայց չի ներկայացվել, ուստի դատարանն այդ հարցը համարում է լուծված:
Քննարկելով խափանման միջոցի հարցը, դատարանը գտնում է, որ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, պետք է թողնել անփոփոխ:
Սույն քրեական գործով իրեղեն ապացույցներ չկան:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 357-360-րդ, 364-365-դր, 367-373-րդ, 3753 -րդ հոդվածներով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հերմինե Մանուկի Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 340-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Խափանման միջոց ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել այն հրապարակվելու պահից մեկամսյա ժամկետում՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։
Դատավճիռը չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով:

ԴԱՏԱՎՈՐ Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ»: