Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Նիկոլին չպաշտպանենք, թողնենք հները գան, ու սկսենք հիմա էլ բռնապետության դե՞մ պայքարել». Սյուզաննա Սիմոնյան

«Նիկոլին չպաշտպանենք, թողնենք հները գան, ու սկսենք հիմա էլ բռնապետության դե՞մ պայքարել». Սյուզաննա Սիմոնյան
233
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 15:40

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ զարմացնում է որոշ ընկերների չհասկանալը, թե ինչ է նշանակում «Պետք է աջակցենք այս կառավարությանը, որպեսզի ռևանշ չլինի» այս իրավիճակում, երբ հները ատամները սրած դիրքավորված են, որ Փաշինյանին հեռացնեն:
Հարգելի ընկերներ, ինչպե՞ս եք պատկերացնում երկրի առաջընթացը բռնապետությունից դեպի ժողովրդավար պետություն, եթե պետք է թույլ տանք, որ բռնապետությունը վերականգնվի՝ գահընկեց անելով Փաշինյանին: Մենք գոնե կես քայլ առաջ գնացել ե՞նք, թե՞ չէ: Նորից ետքա՞յլ անենք, չպահպանե՞նք, չփայփայե՞նք այդ կես քայլը: Դա՞ եք ուզում: Եթե մտավախություն ունեք, որ այս կառավարությունը կարող է ոչ ազգանպաստ քայլ անել, ապա ձեր զգոնությունը մի կորցրեք և թույլ մի տվեք: Բողոքեք, պայքարեք, ձեր ձայնը բարձրացրեք, եթե ձեզ որևէ բան օբյեկտիվորեն դուր չի գալիս: Ի վերջո, ժողովրդավարական երկրների զարգացումը տեղի է ունենում հենց ընդդիմության շնորհիվ: Շատ լավ գիտեք, որ մենք այս պահին կառավարությանը աջակցող, բայց նաև կառավարության ընդդիմախոսներ ենք, և շատ բան չենք ընդունում կառավարության գործելակերպում, շատ ավելի մեծ ակնկալիքներ ենք ունեցել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել, բայց մենք չենք դադարում պահանջել, բողոքել և արտահայտել մեր կարծիքը: Ընտրել եք չէ՞ այս իշխանությանը: Եթե ընտրել եք, տեր եղեք ձեր քվեին: Դուք չեք ընտրել, ուրիշներն են ընտրել: Կարծում եք ինձ դուր է՞ եկել այդ ընտրությունը: Իրավիճակն այնպիսին է, որ այս պահին սա է միակ ուղին, եթե մենք չենք ուզում հնի վերադարձ: Ցանկացած հեղափոխության արդյունքում գալիս է անցումային շրջան, որը լի է լինում հակասականությամբ, անհաջողություններով, դժգոհություններով ու բախումներով: Բայց պետք է անցնենք չէ՞ այդ փուլը: Ի՞նչ եք պատկերացնում, Նիկոլին չպաշտպանենք, թողնենք հները գան, ու սկսենք հիմա էլ բռնապետության դե՞մ պայքարել: Եթե Նիկոլը իր կառավարության հետ միասին, օրինակ, հանկարծ փորձ անի Արցախը հանձնել կամ Ամուլսարը հանք դարձնել ու գնա ազգադավ լուծման, ապա ես կռիվ եմ տալու գետնի վրա և պահանջելու եմ նրա հրաժարականը: Մենք բոլորս ենք պայքարելու, եթե նման ազգադավ որոշումներ կայացվեն: Բայց մնացյալ հարցերում բարձրաձայնելու եմ, արտահայտելու եմ բողոքս ու դրանով օգնեմ նրան ճիշտ լուծումների գնալ: Ես չեմ միանալու հներին ու հեռացնեմ Նիկոլին, որքան էլ որ նրա կառավարության քայլերին դեմ եմ, նրա արած հեղափոխական մեթոդներին դեմ եմ, նրա կադրային քաղաքականությանը դեմ եմ, իմ սատարած Սասնա Ծռերին մինչ օրս դատելուն դեմ եմ, ազգայինի նկատմամբ այդ կառավարության վերաբերմունքին դեմ եմ, իզմերից խուսափելուն դեմ եմ, գաղութատիրոջ նկատմամբ թավշյա քաղաքականությանը դեմ եմ, ԵԱՏՄ-ին դեմ եմ, տարի ու կես առաջ հանցագործների նկատմամբ Հայկական Նյուրնբերգ չիրականացնելուն դեմ եմ, Սահմանադրությունը մինչև հիմա չփոխելուն դեմ եմ, հին ընտրական օրենքով դեկտեմբերին ընտրություն իրականացնելուն դեմ եմ, նախկիններին քաղաքական գնահատական չտալուն դեմ եմ, բայց բռնապետության վերադարձ, մարդասպաննների վերադարձ թույլ չեմ տա: Նրանց վերադարձին առավել քան դեմ եմ:
Ողջ եղեք և ողջամիտ»: