Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Սիրիայից մինչև ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններ և գազի գին. Փաշինյանի ծավալուն հարցազրույցը Коммерсантъ-ին

Սիրիայից մինչև ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններ և գազի գին. Փաշինյանի ծավալուն հարցազրույցը Коммерсантъ-ին
153
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ., 01:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որը գրեթե ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

-Նախ, խոսենք անհանգիստ տարածաշրջանից՝ Սիրիայից: Ձեր խոսքերով՝ Սոչիում Ձեր և Վլադիմիր Պուտինի միջև պայմանավորվածությունը Սիրիայի հարցով վերաբերում է սիրիացի հայերին: Չէի՞ք բացի փակագծերը, ո՞վ է ապահովելու նրանց անվտանգությունը:
-Սիրիայի հյուսիսում կա Քամիշլի բնակավայրը, որտեղ մոտ 3000 հայ է ապրում: Այս առումով ես խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանում: Ես խնդրեցի նրան անել հնարավորը, որ հաշվի առնվեն Քամիշլիի հայերի անվտանգության հարցերը: Այդ ժամանակ այնտեղ լարվածությունը շատ բարձր էր Թուրքիայի ներխուժման պատճառով:

Ես շատ շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին, որ մեր պայմանավորվածությունները պահպանվեցին, հայերի շահերը հաշվի առնվեցին:

-Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս են ապահովում նրանց անվտանգությունը:

-Սիրիայում Ռուսաստանն զգալի դերակատարում ունի: Անվտանգության ապահովման հարցում՝ նմանապես: Ռուսաստանը շատ լծակներ ունի հայերի անվտանգությունն ապահովելու համար: Հայաստանը ևս Սիրիայում ունի առաքելություն, սակայն այն զուտ մարդասիրական է և ոչ մի կերպ չի առնչվում անվտանգության հարցերին: Մենք շատ ուրախ ենք, որ իրականացնում ենք նման առաքելություն:

-Ռուսաստանից բացի, դուք ՀԱՊԿ անդամ միակ երկիրն եք, որ իր մարդկանց ուղարկել է Սիրիա:
-Այո, և դա մեզ համար շատ կարևոր առաքելություն է, կասեի՝ պատմական:

-Ես, այնուամենայնիվ, ուզում եմ հասկանալ՝ Վլադիմիր Պուտինը խոստացավ Ձեզ, որ Ռուսաստանը կերաշխավորի՞ սիրիացի հայերի անվտանգությունը: Ինչպե՞ս է դա ձևակերպվել:

-Ռուսաստանի նախագահը խոստացավ և պահեց իր խոստումը: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն նաև Քամիշլիի հայերի շահերը: Ես տեղյակ պահեցի նրան, որ անտեղ շատ մեծ հայկական համայնք կա: Եվ մենք տեսնում ենք, որ այդ խոսակցությունը կոնկրետ դրական արդյունքներ է տալիս:

-Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ռուսաստանը կուզենար ապահովել իր հասանելիությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաներում, որոնք ստեղծվել են Պենտագոնի միջոցներով: Հարցի որոշումն ավարտական փուլում է: Նոյեմբերին Երևան այցի ժամանակ Սերգեյ Լավրովը պետք է հուշագիր ստորագրի երկու երկրների միջև:

-Այո, մենք աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Բայց մեր համատեղ զրույցից հետո անցած տարի իմ անմիջական հրահանգով ռուս մասնագետները հասանելիություն ունեցան այդ օբյեկտներ, որպեսզի համոզվեն, որ դրանք Ռուսաստանի համար ոչ մի վտանգ չեն պարունակում: Դրանք առհասարակ ոչ մի ռազմական նպատակ չունեն, դրանք կենսալաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ, մեր ռուս գործընկերները համոզվել են դրանում:

-Հուշագիրը, որքան որ ես եմ հասկանում, կապահովի ռուս մասնագետների մուտքը լաբորատորիա մշտական հիմունքներով:

-Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, դա շատ կարևոր է: Դրանք շատ արժեքավոր ու կարևոր են Հայաստանի համար: Մենք երախտապարտ ենք մեր ամերիկացի գործընկերներին, որ աջակցեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքներն ուղղված են Հայաստանի կենսաբանական անվտանգությանը: Փաստացի՝ դա նվեր է և շատ թանկ նվեր:

Իսկ հուշագրի տեքստի վրա մենք դեռ աշխատում ենք: Փաստաթղթի գլխավոր նպատակն է՝ պաշտպանել բոլոր կողմերի շահերը, որպեսզի ոչ մեկը մտավախություն չունենա:

-Ուզում եմ հարցնել «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ տիրող վիճակի մասին: Վերջերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղային ոլորտի ղեկավարումը: Հետո դա հերքվեց: Ի՞նչ է այնտեղ կատարվում:

-Հարցը քաղաքականացնում են ԶԼՄ-ները: Սա զուտ տնտեսական հարց է, ներդրումների արդյունավետության հարց: Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղու» հետ և ունենք նախնական պայմանավորվածություններ, որ պետք է աշխատանքներ տանենք «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքը Հայաստանում ավելի արդյունավետ դարձնելու համար: Չեմ ասում՝ վստահ եմ, բայց գրեթե վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք:

-Այսինքն, պայմանագրի վաղաժամկետ լուծարման հարց չկա՞:

-Դրա համար ոչ մի նախադրյալ չեմ տեսնում: Հայաստանը դա չի ուզում, և Ռուսաստանը դա չի ուզում: Ինչո՞ւ պետք է դա տեղի ունենա:

-Գազի գինը: Սա ևս մեկ խնդրահարույց հարց է: Ի՞նչն է խանգարում պայմանավորվածության գալուն: Բոլորը սպասում են, որ գները կաճեն՝ հարցը միայն ժամանակն է՝ ձմռա՞նը, թե՞ գարնանը:

-Այս թեմայով նորմալ զրույց է ընթանում ստրատեգիական դաշնակիցների միջև և այն ստույգ արդյունքներ կտա, վստահ եմ: Հայաստանն այժմ տետեսության շատ լավ աճ ունի: Այս հարցը մեզ համար շատ կարևոր է ոչ միայն գազի գնի, այլև տնտեսական զարգացման առումով:

-ԵԱՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտը, որի առաջին անդամն է Մոլդավիան: Ի՞նչ դիրքորոշում կբռնի Հայաստանը, եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի դառնալու դիտորդ:

-Երբ ցանկություն հայտնի, այդ ժամանակ էլ կքննարկենք: Գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ: Այնպես որ, ներկա պահին ես առհասարակ չեմ ուզում դա քննարկել:

-Ես նայեցի BBC-ի Hard Talk հաղորդաշարի վերջին թողարկումներից մեկը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Վերջին հատվածում խոսքն այն մասին էր, թե ի՞նչ ուղի պետք է ընտրի Հայաստանը՝ Եվրոպա՞ն՝ իր արժեքներով ու սկզբունքներով, թե՞ Վլադիմի Պուտինի ԵԱՏՄ-ն, որն, ըստ հաղորդավարի, ԽՍՀՄ-ի վերածնունդն է: Ես Ձեզ ինչ եմ ուզում հարցնել՝ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն կարո՞ղ են ինչ-որ ձևով համագործակցել, թե՞ դատապարտված են միմյանց դեմ պայքարի:

-Հոկտեմբերի 25-ին մենք ազատ առևտրի պայմանագիր կնքեցինք ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև: Կա շատ մեծ հավանականություն, որ Սերբիան ևս կդառնա ԵՄ անդամ: Սա շատ լավ է, քանի որ մեզ համար համագործակցությունը այն մոտեցումն է, որ բոլորս ենք պարտավոր դրսևորելու: Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ պետք է ընտրություն կատարի Եվրոպայի և Ռուսաստանի միջև:

18-րդ դարում հայկական էլիտայի ներկայացուցիչները աշխատանք տարան, որ Ռուսաստանը գա մեր տարածաշրջան: Ինչու դա տեղի ունեցավ: Որովհետև այն ժամանակ հայկական էլիտան իրավիճակն ընկալում էր այնպես, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան և իր հետ կբերի եվրոպական արժեքներ: Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է: Հայաստանը ևս եվրոպական երկիր է, Բելառուսը՝ նույնպես:

Իսրայել Օրին, որին ընդունված է համարել մեր տարածաշրջանում ռուսական ներկայության նախաձեռնողներից մեկը, նպատակ ուներ եվրոպական որեւէ բանակի աջակցությամբ մեր երկիրը ազատել թուրքական ու պարսկական տիրապետությունից:

Սկզբից նա այս նպատակով գնաց Գերմանիա (Փֆալց), ապա Վիեննա՝ որտեղ Սրբազան հռոմեական կայսրության կայսրը նրան խորհուրդ տվեց դիմել ռուսական ցարին:

Եվրոպական միապետերը խորհուրդ են տվել հայերին կապ հաստատել Եվրոպայի հետ Ռուսաստանի միջոցով: Այսինքն, Ռուսաստանը մեր տարածաշրջան եկավ որպես եվրոպական ուժ: Ճիշտ է, Ռուսաստանը նաև եվրասիական քաղաքակրթության մասն է: Այն ինքն իրենով հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են ներդաշնակորեն համագործակցել Արևելքն ու Արևմուտքը: