Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Հայոց ցեղասպանության ճանաչելը ձեր շահերից է բխում». Արսեն Խառատյան

«Հայոց ցեղասպանության ճանաչելը ձեր շահերից է բխում». Արսեն Խառատյան
73
Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 06:25

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի Կոնգրեսի բանաձևը՝ ի՞նչ է սա նշանակում. իմ շատ սիրելի ուսուցիչ և ավագ ընկեր Դավիթ Հովհաննիսյանի մի թեզին մարտահրավեր է նետված: «Հայոց ցեղասպանության մասին քննարկումները սեզոնային բնույթի են»,- ասում է Հովհաննիսյանն ու շարունակում. «դրա մասին մեծամասամբ հիշում են ապրիլ ամսին»:

Թուրքիայի հանրապետության օրը՝ 2019-ի հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն իրավամբ պատմական է: 435 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատի 405 կոնգրեսական կողմ է քվեարկել բանաձևին: Թե ինչ կորոշվի բանաձևի հետագա ճակատագրի վերաբերյալ, կդրվի՞ այն արդյոք Սենատի քվեարկության և եթե այոʹ, ապա ե՞րբ, բանաձևը կհասնի՞ Սպիտակ տուն և ապա օրենք դառնալու դեպքում կոնկրետ ինչպես կազդի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, ժամանակը ցույց կտա:

Այս պահին արձանագրում ենք, որ շուրջ 40 տարի անց, ամերիկյան ժողովրդին ներկայացնող բարձրագույն մարմինը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, 90%-անոց վստահությամբ վերահաստատում է, որ այն ինչ տեղի է ունեցել նախորդ դարասկզբին, այլ բան քան ցեղասպանություն անվանել հնարավոր չէ: Բանաձևի ընդունման համար ընտրված ժամանակն ունի ինչպես ամերիկյան ներքաղաքական հարթություն, այնպես էլ, ինչ խոսք, պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակով: Ներքաղաքական տեսանկյունից, թերևս պետք է արձանագրել այն իրողությունը, որ՝ ի տարբերություն 2009-ի, երբ համանման բանաձև էր քննարկվում ընդամենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակում, պետքարտուղարությունից ու Պենտագոնից զանգեր ու սաստող կոչերի պակաս չկար:

Պետքարտուղար Քլինթոնն անգամ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, կոնգրեսականներին կոչ անելով չվնասել Թուրքիայի հետ հարաբերությունները: Որպեսզի հասկանալի դառնա տարբերությունը, 2009-ին շուրջ 8 ժամ տևած քվեարկությամբ, 23-21 հարաբերակցությամբ մի կերպ հնարավոր դարձավ անցկացնել փաստաթուղթը: Բանաձևը Պալատի լիագումար նիստի քննարկմանը բերելու համար բավարար ձայներ հնարավոր չեղավ ապահովել անգամ:

«Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրումները» երկկուսակցական, այսինքն՝ դեմոկրատների ու հանրապետականների համերաշխության պայմաններում ընդունված, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 296-րդ բանաձևը պարտադրող իրավական ուժ չունի, սակայն դրա քաղաքական ու պատմական նշանակությունն ահռելի է: Սրա մասին է վկայում բանաձևի ընդունումից րոպեներ անց պաշտոնական Անկարայի ագրեսիվ հայտարարությունը, որին, ըստ իս, պետք է հետևի պաշտոնական Երևանի արձագանքը:

Կախված բանաձևի հետագա ճակատագրից, նաև ակնկալելի է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ կարող է անկանոն վարքագիծ դրսևորել: Անցյալից հիշում ենք այսպիսի փաստաթղթերի ընդունումից հետո միառժամանակ օդային կոմունիկացիաների դադարեցման, կամ վիզային ռեժիմի խստացման դրսևորումները: Հայաստանի համար այստեղ նորություն չկա, սակայն պետք է կոչ անել միջազգային հանրությանն ուշի-ուշով հետևել այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությանը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման կամ փոխակերպման ընթացքին: Այս ուղղությամբ ևս կարող են անկանոն դրսևորումներ լինել:

Ակնհայտ է, որ Թուրքիայի այն պնդումները, թե ցեղասպանության ճանաչման գործընթացը, ի թիվս այլ խմբերի, ղեկավարվում է նաև հայկական պետության կողմից, իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, այս գործընթացը շատ վաղուց չի կառավարվում որևէ կենտրոնից, այն մեծամասամբ աշխարհաքաղաքական գործիք է, որը տարբեր խաղացողներ օգտագործում են հենց Թուրքիայի դեմ, ուստի միակ խորհուրդը, որ պետք է տալ մեր թուրք գործընկերներին, հետևյալն է. «Հայոց ցեղասպանության՝ օր առաջ ճանաչելն ու դատապարտելն առաջին հերթին ձեր իսկ շահերից է բխում»:

Ուրախ եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հետամուտ լինել մեր ժողովրդի նկատմամբ իրականացված այս դաժան ոճրագործության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Հիշեցնեմ, որ այս հանձնառությունը մենք ստանձնել ենք մեր ծննդյան վկայականում՝ Անկախության հռչակագրի 11-րդ կետով. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հիշեցնեմ նաև, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում 10-ամյակներ է ինչ կա: Այն Հայաստանի անկախությունից ավելի երկար պատմություն ունի: Ի դեպ, այս մասին իր թեկնածուական ատենախոսությունն է գրել ՀՀ ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը, ով դիտարկել է 20-րդ դարի ողջ ընթացքում, ընդհուպ մինչև 2004 թվական, ԱՄՆ-ում՝ բանաձևերի, հայտարարությունների, նահանգային և ֆեդերալ մակարդակում օրենսդրական նախաձեռնությունների պատմությունը: Այս ժամանակագրությամբ հետաքրքրվողները կարող են ծանոթանալ Միրզոյանի դիսերտացիային...»: