Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Արշակ Զաքարյանը մոլորեցնում է. Փաստերի ստուգման հարթակ

Արշակ Զաքարյանը մոլորեցնում է. Փաստերի ստուգման հարթակ
2541
Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 21:15

Փաստերի ստուգման հարթակն (FIP) անդրադարձել է օրերս համացանցի քննարկման առարկա դարձած միջադեպին, երբ արցախյան ռեստորանում ՀԴՄ կտրոն չէին տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին, երբ ՀԴՄ կտրոն է պահանջել, սակայն աշխատակիցները չեն կարողացել տրամադրել, ինչից հետո զանգահարել է Արցախի հարկային մարմիններին՝ պահանջելով տուգանել ռեստորանը։

«Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետև շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով», — գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է իր վրա:

Պարզվում է՝ Փաշինյանը ընտանիքի հետ փետրվարի 2-ին այցելել էր Ari Resort ռեստորան, որը գտնվում է Երևան-Ստեփանակերտ ճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում: Ռեստորանի սեփականատերը «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանն է։ Վերջինս դեռ փետրվարի 3-ին ֆեյսբուքյան իր էջում շուրջ 27 րոպե պատմել էր տեղի ունեցած միջադեպի մասին և նշել, որ իրենք հաստատագրված վճար են տալիս, ինչի դեպքում ՀԴՄ կտրոն տպելը որևէ նշանակություն չունի։

«Ես սիրալիր պատասխանում եմ՝ պարոն վարչապետ, ՀԴՄ ապարատը չի աշխատում։ Միանգամից ասեմ, որ մենք այստեղ Արցախի հարկային հաստատագրված հարկ ենք վճարում, այսինքն՝ ՀԴՄ չխփելու իմաստ գոյություն չունի, ՀԴՄ-ից չօգտվել, չտալ՝ անիմաստ է… Հայաստանի նման չէ այստեղ, և այս ռեստորանային համալիրը հաստատագրված վճար է տալիս։ Անկախ, թե մենք ինչքան ՀԴՄ կխփենք՝ 10 մլն, թե 500 դրամ, մեր հաստատագրված վճարը նույնն է։ Այս ամենը բացատրվում է պարոն վարչապետին և ասվում է՝ հո մենք մեր թշնամի՞ն չենք, որ Ձեզ ՀԴՄ չտանք, տեսնում եք, որ չի ստացվում», — մասնավորապես, նշել էր Զաքարյանը։

Վերջինս նշում է նաև, որ ՀԴՄ չտպելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում իր հարկային պարտավորությունների վրա, քանի որ ինքը հանդիսանում է հաստատագրված հարկ վճարող։ Սակայն Արցախի օրենսդրությունն այլ բան է նախատեսում։

Ի՞նչ է նախատեսում «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքը

Արցախի Հանրապետությունում հանրային սննդի գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարների հարկման ռեժիմով։

Հաստատագրված վճարը հարկ վճարողների կողմից իրականացվող որոշակի գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:

«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ գլխում սահմանվում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների մեխանիզմը՝ մասնավորապես, թե ովքեր կարող են հանդիսանալ պարտադիր հաստատագրված հարկ վճարողներ, և որ դեպքում չի կիրառվում հաստատագրված վճարի կարգը։

Հոդված 33-ում նշվում է, որ հաստատագրված հարկ վճարող չեն համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող այն անձինք, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը)։

Այսինքն՝ եթե ենթադրենք, որ սուբյեկտն ունի 10 քմ մետր առևտրային տարածք, ապա եռամսյակի համար հաստատագրված վճարը կգանձվի մինչև 2 մլն ապրանքաշրջանառության դեպքում, հակառակ դեպքում՝ տվյալ եռամսյակի համար վերահաշվարկ է կատարվում, և հարկը վճարվում է ոչ թե հաստատագրված, այլ ավելացված արժեքի հարկով և եկամտահարկով կամ շահութահարկով։

Ինչ վերաբերում է հաստատագրված վճարների չափին, ապա կախված սպասարկման սրահի մակերեսից, փակ կամ բացօթյա լինելու հանգամանքից, տեղանքից՝ կիրառվում են տարբեր գործակիցներ՝ հաշվարկն իրականացնելու և վճարման չափը սահմանելու համար (օրենքի 34, 35 և 36 հոդվածներ)։

Արցախում ևս ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր է:

Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում: