«Սերժը պետք է կանգնի դատարանի առաջ այնպես, ինչպես իր ցուցումով դատապարտված անմեղ անձինք». Արտակ Գալստյան
299
Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 12:15
Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկնարկեց Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը: Ինչպես և սպասվում էր, այն ցայտուն կերպով ցուցադրեց գլխավոր ամբաստանյալի ամբողջ էությունը: Վերջինս որպեսզի ոտքի չկանգնի դատարանի առաջ, ինչպես իր կառավարման տարիներին, կրկին դիմեց մանկական հնարքի: Դատական նիստի սկզբից միջնորդություն ներկայացրեց Սերժ Սարգսյանի պաշտպանը: Պաշտպանի առաջին բառերից հետո Սերժի համակիրները հայտարարեցին, որ ետևում ոչինչ չի լսվում և Սերժ Սարգսյանի նշանակած «բարի» դատավորը, իբր թե տեխնիկական պատճառներից ելնելով, թույլ տվեց իր նախկին շեֆին չկանգնել ՀՀ դատարանի առաջ: Նախ նշեմ, որ նույն դահլիճում ընթացել է նաև իմ դատավարությունը, նույն Սերժիկի և իր հոգեզավակ Գլխավոր Դատախազի կողմից սարքված շինծու գործով, որով փորձում էին ինձանից գումար շորթել: Այդ դահլիճում, երբ նույնիսկ շշուկով ես խոսում, հետևի շարքերում լսում են ավելի լավ, քան հենց քո զրուցակիցը: Դա գիտեմ ես, գիտի դատավորը, գիտեն պաշտպանները և «մեղադրող» դատախազը: Այժմ հերթով անդրադառնամ ՀՀ Վարչապետի և ժողովրդի համար, իբր թե արդարադատություն կոչվող, հերթական այս բեմականացման գլխավոր դերակատարներին: Այսպես՝ Գլխավոր ամբաստանյալ Սերժ Սարգսյանը, դատական նիստին վերահաստատեց իր արհամարհանքը ՀՀ պետականության նկատմամբ, ոտքի չկանգնեց դատարանի առաջ, և այդ քայլն ապահովելու համար դիմեց մանկական հնարքի, նույն հաջողությամբ դատավորին կարող էր ասել «փորիկս ցավում է»: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյան: 2017 թվականին Սերժ Սարգսյանի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այնուհետև տեղափոխվել է Երևան: Սույն դատավորին ընդամենը կասեմ հետևյալը: Դատավարության անդամների կողմից ոտքի կանգնած դատարանին դիմելը, կամ հարցերին պատասխանելը դա հարգանք է ՀՀ Դատարանի այլ ոչ թե դատավորի նկատմամբ: Դուք եթե այդքան ընկճված էք Ձեր նախկին շեֆից, ավելի բարոյական կլինի ինքնաբացարկ հայտնեք և հեռանաք, այլ ոչ թե ոտնատակ տաք ՀՀ Դատարան կոչվող ինստիտուտը: «Մեղադրող» դատախազ Արսեն Մարտիրոսյան:
Նախկին Լոռու մարզի դատախազ, վերջերս գլխավոր դատախազությունում նշանակվել է վարչության պետ: Սերժ Սարգսյանի հոգեզավակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմը, տան անդամը: Առավել հայտնի է նույն Սերժ Սարգսյանի ցուցումով Վանաձորի «Արցախ» պուրակի պաշտպան Սամվել Դիլոյանի ապօրինի, կեղծ ապացույցների հիման վրա դատապարտմամբ: Ամենայն հավանականությամբ վերջինիս պաշտպանական կողմի ինքնաբացարկ հայտնելը պայմանավորված է նրանով, որ կրկին թոզ փչեն ՀՀ Վարչապետի և ժողովրդի աչքերին և ցույց տան, որ իբր թե դատախազը անաչառ է: Ի դեպ Սերժ Սարգսյանի պաշտպանն է նույն Սերժ Սարգսյանի ցուցումով Վանաձորի «Արցախ» պուրակի պաշտպան Սամվել Դիլոյանի ապօրինի, կեղծ ապացույցների հիման վրա դատապարտման ժամանակ վերջինիս շահերը ներկայացնող Ռուբեն Հակոբյանը: Կարծում եմ մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են և զարմանալի չէ, որ Սամվել Դիլոյանի Եվրոպական բողոքն այդպես էլ Եվրոդատարան չհասավ: Ամփոփեմ Պարոնայք չկայացած արտիստներ, դադարեցրեք ձեր էժանագին ներկայացումը, դրան այլևս ոչ Վարչապետը և ոչ էլ ժողովուրդը չի հավատում: Սերժ Սարգսյանը պետք է կանգնի դատարանի առջև այնպես, ինչպես կանգնել են նրա ապօրինի ցուցումներով դատապարտված հազարավոր անմեղ մարդիկ: Ձեր էժանագին ներկայացման գլխավոր ռեժիսոր, դեռևս գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող, Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանը շուտով ոչ միայն հրաժեշտ կտա իր պաշտոնին, այլ իր հոգեհոր պես կկանգնի դատարանի առջև և «փորիկս ցավում է» պատճառաբանությունը, նրան չի ազատի այդ պարտականությունից: Այնպես որ պ-ն դատավոր Վահե Միսակյան, դուք կարող էք չհարգել ինքներդ Ձեզ, բայց անարգել ՀՀ Դատական համակարգը Ձեզ ոչ ոք թույլ չի տա»: