«Արցախցուն սարքեցիք միայն ստամոքսի, սեփական օգուտի համար քծնող անհատ». ազատամարտիկ
414
Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 02:10
Ազատամարտիկ Անահիտ Թամրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի համերկրացիներ՝ մենք՝ կին ազատամարտիներս, ժամանակին, երբ մեր տղաները կռվում էին հայրենիքի համար, գնացինք պատերազմի դաշտ նրանց օգնելու, և որտեղ արյունն էր հոսում մեր տղաների, մենք այնտեղ էինք: Այսօր պահանջատիրաբար հայտարարում ենք որ մեր եղբայրների, հայրերի թափված արյունը ոտնահարված է, և ցավալին այն է՝ ոտնահարված է այն տղաների կողմից, որոնք ուս ուսի կռվել են այդ վիրավորված և զոհված տղաների կողքին: Նրանք, դառնալով պետական այրեր, չդիմացան արծաթասիրության գայթակղությանը: Պարոնաʹյք, Ձեր ավերիչ ագահությամբ թելադրված քաղաքականությամբ, ավերել եք պետականաշինության ամեն մի ոլորտ: Այսօր այստեղ ենք, քանի որ մեր սիրասուն Արցախը ուժատվում է ներքին թշնամու մահացու հարվածներից: Ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ վաղուց, արդեն տարիներ առաջ է՝ մղոններով տվել անցել էք այն կարմիր գիծը, որին նույնիսկ մոտենալը կործանիչ ու մահացու է մեր սիրելի, փայփայած Արցախի համար: Դուք ապօրինի ձեռք բերածով հղփացած՝ դարձաք ամենակարող: Անտեսեցիք ամեն մի վտանգ, որը սպառնում է, թեʹ երկրի բնական ռեսուրսներին, թեʹ անվտանգությանը: Այժմ արդեն պահն է պատասխան տալու: Կարգի հրավիրվելու թույլ ձայները խեղդեցիք կաʹմ կաշառելով, կաʹմ բռնադատելով: ԺՈՂՈՎՐԴԻՑ պահանջելով օրենքները պահպանել, դուք ինքներդ ամենամեծ օրինազանցներդ՝ ձեր կաշվին հարմար օրենքներ հրապարակելով՝ հիասթափեցրիք լավագույնի ակնկալիքներով հուսադրված արցախցուն, տարի առ տարի այնպիսի քաղաքականություն վարեցիք, որ արցախցուն սարքեցիք միայն ստամոքսի, սեփական օգուտի համար քծնող անհատ, ստիպեցիք շատերին ծնկաչոք աղերսել մի կաթիլ այն ծորակներից, որի բերանը փակել եք դուք, շատերն էլ ճարահատ թողեցին Արցախը, հեռացան Արցախից: Համոզված ենք, որ այստեղ մեր՝ ի սրտե բխած ջանքերը անպայման իրենց նպատակին կհասնեն, և քանի որ Աստված ճշմարիտ պահանջի Տերն է, ձեր ուրախությունները, որի գինը ուրիշների չկայացած բարեկեցիկ կյանքի հաշվին է, վեր կածի ատամների կրճտումի, այն ժամանակ կտեսնեք, որ խաբված եք չարի կողմից: Մոմ վառելով չի, որ Տերը կլսի ձեզ, այլ արդար գործերն են ձեր հաղթության գրավականը, որի արժեքը վաղուց մոռացել եք կամ կարող է նույնիսկ չգիտեք: Արդ, այն բողոքները, որ լսվել է Աստծուց՝ այսօր պիտի սելավի պես գա քշի ձեր ինչքերը, պառավի ուլերի պես: Պատասխան ունեք տալու այն հոգիների համար, որոնց անօրինությամբ ծեծեցիք, ջարդեցիք, խլեցիք, խաբեցիք, ավերեցիք: Ավերեցիք ամեն ինչ: Մարդկանց սարքեցիք ծառայող մանկլավիկներ, անխոս դեգեներատներ, բայց հավատացած եղեք, ընկնելու պահին ամենաուժեղ հրողը նրանք են լինելու, որովհետև մարդկային նորմերն ու չափանիշները հանել եք նրանցից: Արժեզրկված է ազնվությունը: Հարգելի և սիրելի եղբայրներ և քույրեր, պահն է համախմբվելու: Միասնական ուժով բացենք մեզ համար ստեղծված համակենտրոնացման ճամբարի դռները, ազատենք խողովակներով սանձված մեր գետերը, թույլ չտանք հանքերով հոշոտել մեր հողերը, մեր նախնիների փոխանցած հերոսածին Արցախը շենացրած հանձնենք մեր գալիք սերնդին: Ոտքի ազատամարտիկ, քո հոգու հզորության կարիքն ունի Արցախը, բարձրացրեք ձեր ձայնը՝ ի պաշտպանություն արդարության: Աստված օգնական ու պահապան Արցախին: Արցախն ավերումից փրկելու պետք ունի»: