Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Կուզեի, որ մարդիկ ավելի քիչ խառնվեին այլոց գործերին». Ռուզաննա Բոշյան՝ Լոռվա բարբառով ստեղծագործող բանաստեղծուհին

«Կուզեի, որ մարդիկ ավելի քիչ խառնվեին այլոց գործերին». Ռուզաննա Բոշյան՝ Լոռվա բարբառով ստեղծագործող բանաստեղծուհին
1014
Կիրակի, 08 մարտի, 2020 թ., 21:25

Համացանցի ֆեյսբուքյան տիրույթում բանաստեղծուհի Ռուզաննա Բոշյանին շատերն են ճանաչում ու հետևում: Ընթերցասեր հանրությանը նախ և առաջ գրավում են բանաստեղծուհու անկեղծ շարադրանքն ու Լոռվա անուշ բարբառը, որով նա շարադրում է իր գործերի մեծ մասը: Որքան էլ զարմանալի է, Ռուզաննա Բոշյանը Լոռիում երբեք չի բնակվել: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծուհին պատմում է. «Լոռիում երբեք չեմ ապրել, ծնողներս են Լոռիից, հայրս՝ Օձունից, մայրս՝ Ալավերդուց: Հայրս մինչև ամուսնանալն արդեն տեղափոխվել էր Երևան։ Ես ծնվել ու ապրել եմ Երևանում: Մինչև տատիս մահանալը, ես երևի այդ ժամանակ 10-12 տարեկան եմ եղել, բոլոր ամառները պարտադիր անցկացրել եմ գյուղում: Ամենավառ մանկական հիշողություններս գյուղի, գյուղի մարդկանց ու այդ միջավայրի մասին, գալիս են այդ տարիքից, այդ թվում՝ բարբառի իմացությունը, թեև ինքս բարբառով չեմ խոսել»:

Անտառի փեշին շուլալված գյուղ էր,
Հողաշեն մի տուն՝ կիսավեր ու հին,
Բակում, պատի տակ իմ տատն էր նստած՝
Ձեռքերը խաչած ու աչքը ճամփին։

Կար մի ժամանակ՝ աշխարհն ինձ համար
Փոքրիկ այդ տունն էր հեռու այն գյուղում,
Ու աշխարհը այդ, իմ տատի թխած,
Տաք կարկանդակի բույրով էր բուրում։

Այնտեղ են հյուսվել իմ պատանեկան
Երազանքները կարմիր ու կանաչ,
Այդ պատերից ներս թևածում են դեռ
Առաջին սիրո հրճվանք ու հառաչ...

Վեց զավակ ուներ Սահարգյուլ տատս,
Բայց աշնան օրով մեն-մենակ մնաց,
Նստում էր, նայում ավերակ ճամփին՝
Աչքը ճամփին էլ աշխարհից գնաց։

Բայց իմ հուշերում նա դեռ նստած է
Խարխուլ, կիսաքանդ պատի տակ այն հին,
Ձեռքերը խաչած կրծքին չորացած,
Աչքը՝ երբեմնի բանուկ այն ճամփին։

Այդ ճանապարհով ամեն առավոտ
Իր զավակներին դպրոց էր ճամփել,
Ու ամենօրյա հոգս ու ցավի մեջ
Չէր նկատել՝ օրն ինչպես էր մթնել։

Հետո աշխարհում պատերազմ եղավ,
Հետո քամիներ եղան աշխարհում,
Ու զավակները՝ քամու թևերին՝
Թռան, հեռացան, հյուսեցին նոր բույն։

Հիմա երդիկից ծուխ չի բարձրանում,
Չի լսվում մանկան ո՛չ ծիծաղ, ո՛չ լաց,
Ու երբեմնի այդ մեծ գերդաստանից
Էլ ոչ ոք չկա, ոչ ոք չմնաց...

Դատարկ է հիմա տունն իմ հեքիաթի,
Ու տան դուռը էլ ոչ ոք չի ծեծում,
Միայն անձրևն է իմ կարոտների
Պատուհանի տակ անհույս հեծեծում...

Տատիս հոգին էլ խաղաղ է հիմա,
Կարոտի ցավն էլ նրան չի տանջում,
Իսկ կարկանդակի բույրը այն դեռ տաք,
Հեռուներից ինձ կանչո՜ւմ է, կանչո՜ւմ...

Ու հաճախ եմ ես մտքով թռչում տուն,
Սրտի թրթիռով մտնում բակը հին,
Որտեղ տատս դեռ կարոտը սրտում,
Պատի տակ նստած, նայում է ճամփին։
Ռուզաննա Բոշյան
02.03.2020

Ռուզաննա Բոշյանը գրել սկսել է 3 տարի առաջ, իսկ բարբառով ստեղծագործում է շուրջ 2 տարի: Հարցին՝ որ գործերն են իրեն ավելի հոգեհարազատ, պատասխանում է՝ գրական հայերենովը, թեև գիտի, որ ընթերցողն առավել մեծ անհամբերությամբ սպասում է հենց բարբառային գործերին: «Ինձ «Ֆեյսբուքը» բացահայտեց ու առաջին հերթին՝ ինքս ինձ համար: Բարբառով գրեցի «Լոռվա հումոր» խմբի համար: Մի երկու բան տեղադրեցի, այնքան բուռն արձագանքեցին, որ հիմա հիմնականում բարբառով եմ գրում: Որքան էլ զարմանալի է, դրանք անհամեմատ հեշտ են գրվում, չնայած ավելի ծավալուն են»,- ասում է Ռուզաննա Բոշյանը:

Ռուզաննա Բոշյան
Ռուզաննա Բոշյան

Նրա ստեղծագործությունների թեմատիկան բազմազան է, հիմնականում՝ սոցիալական ուղղվածությամբ: Հարս ու սկեսուրի, մեծ ու փոքրի, քաղաքացու ու գյուղացու, ծնողի ու երեխայի փոխհարաբերությունները՝ համեմված Լոռվա բարբառով, նրա գրչի տակ ոգեղենություն են ստանում ու ջերմացնում ընթերցողների սրտերը:

Ամեն տարվա պես, աշնան լավ վախտը,
Արփոն՝ րեխի հետ, էկավ հորանց տուն.
-Մերա ջան, ո՞նց եք, գեղըմը ի՞նչ կա,
Շատ ի կարոտել քեզ, հորս, չիմնուն...
-Լա՛վ, բա էն մարդին ընչի՞ չեք բերել,
Էն խի՞ եք տանը մենակ բրախել,
- Ի՜, նա գորձի ա, համ էլ ուզեց ոչ,
Իրա օրըմն ա՞ նա գեղը սիրել,
-Բա որ սիրել չի, էն ո՞ւր էր գալի
Գեղ տեղիցն աղջիկ ուզըմ ու տանըմ,
-Նա քաղաքըմն ա ինձ տեհել, մերա՛,
Ես խու ասել չեմ՝ որդի եմ կենըմ,
Նշանի վախտով նոր իմացել ա,
Ու ճիշտ խոսքիցն էլ հե՜չ նեղանալ մի,
Հենց գիդես ես ե՞մ գեղը հըվանըմ,
Խու սուտ չի՝ գեղը կենալու տեղ չի...
-Կենալու տեղ չի՝ էդ ո՜ւր ես էկել,
Ձեր քաղաքըմը կենայիր, էլի՜,
-Ա՛յ մերա, էկա կարոտս առնեմ,
Դուք որ չլեիք, բա ես կգեի՜...
Ինձ ասա, ա՜խր, գեղըմը ի՞նչ կա,
Մենակ թոզ ու ցեխ... ու մին էլ տանջանք,
Դուք էլ որ գաք, մին քաղաքը տենաք,
Էլ ուզիլ չեք, որ ընդիան եդ գաք։
-Տեհել ենք, էլի՜, մտեդ թռել ա՞,
Բա էկել չէի՞նք խնամականչի,
Հերդ էրկու օր զոռի համբերեց,
Հենց էդ րիգունը ուզեր, թե փախչի...
Ասավ՝ մարդ չկա, որ զրից անեմ,
Մինը մնիցը սառը, վիրունի,
Իսանի ոտը որ ֆող չտենա,
Նրա հետ խոսալ ըլիլ չի, էլի՜։
-Բա չէ՛, ձեր ղայդի՝ ռավոդից րիգուն
Կամ հանդերըմն եք, կամ էլ գոմըմը,
Ես ըրմանըմ եմ՝ դուք բեզարըմ չե՞ք
Ես կարալ չէի իրա օրըմը...
-Էդ երբվանի՞ ես էդ կյանքիցը խամ,
Կարող ա՞ պորտդ քաղաք են կտրել,
-Մերա՛, ասի, որ ըստի եմ ծնվել...
-Գոմը սիրըմ չես, համա էդ գոմի
Կաթն ու մածոնը լա՜վ էլ ուտըմ ես,
-Հըմի դու էդ ինձ ասըմ ես, որ ի՜նչ՝
Տվածդ հացը քնթովս բերե՞ս...
-Ամո՛թ ա, ախչի՛, էս ի՜նչ ես դառել,
Դու հըսկանըմ ե՞ս, թե ինչ ես խոսըմ,
Լավ գնա՛, գնա՛ էն րեխի կուշտը,
Թող ես էլ տենամ, թե ինչ եմ էփըմ...
...
Էրկու օր եդը էս աղջիկս թե՝
Մերա՛, ես գնամ, լավ էլ բոլ կացա,
Սաղ օրը տանը պարապ նստած եմ,
Մի սադ էլ չկա, մարդ գնա ման գա,
-Ախչի՛, շշացա՞ր, գեղըմը ի՞նչ սադ,
Էս եքա բախչեն քեզ հըմար քիչ ա՞,
-Եքա բախչա ա, համա հարմար չի,
Նստելու կարգին մի տեղ էլ չկա...
Էգուց րիգունը վեր կենամ, գնամ,
Գնամ էն մարդին տիրութին անեմ,
-Դե որ թըհե ա, միտս կգձես,
Որ հետդ լոբի ու կարտոլ դնեմ...
-Մերա, մին էլ քու էն լավ պանրիցը,
-Կդնեմ, բա ո՜նց, բա առանց դրա՞,
Հենց էս րիգու էլ մածոն կմերեմ,
Մեղր ու կարագն էլ արդեն հազըր ա,
Ուզըմ ե՞ս հետն էլ մուրաբա դնեմ,
Մոշի կա, բալի, կակալի, ֆոնի,
-Դնես՝ լավ կանես, չայ շատ ենք խմըմ,
Ամեն մնիցը մի քանի հատ դի...
-Հորդ կասեմ՝ թող արաղ էլ դնի,
Մեր արաղը քու մարդը սիրըմ ա,
-Հետն էլ մխելի դոշաբ դի, մերա՛,
Էն րեխեն թեզ-թեզ հիվընդանըմ ա։
-Հերդ ասըմ էր՝ թոխլի կմորթեմ,
-Թող հավ էլ մորթի՝ մենք շատ ենք սիրըմ
Ասըմ եմ՝ ա՛յ մեր, տեղը բոլ ունեք,
Պըհիլ-պըհիլը՝ խո՛զ խի չեք պըհըմ,
-Խոզի պըհիլը դժար ա, բալա,
Կերածը խոտ չի, հըվաքենք, բերենք,
Մըթա մեր ձեռը ե՞րբ ա փող ընգնըմ,
Որ էդ փողովը դրանց կերն առնենք,
-Ափսո՜ս... հա՛, մին էլ փոխինձ դի, մերա՛,
Ձերի խաշիլը համով ա ըլըմ,
Ու թե կա՝ չիր էլ, քու չրերիցը,
Ուրշի չրերը մենք լավ չենք ուտըմ,
-Կարամ կակալ ու տխիլ էլ դնեմ,
Համա մանդր ա, տես՝ կլայաղե՞ք,
-Մանդր ա՝ մանդր, բան չկա, դու դի,
Մենք տանեցոնցով րիգուննին կուտենք։
-Հա՛, մին էլ քանի մտես թռել չի,
Տենամ, թե ձու կա, բերեմ, որ դնեմ,
Թե որ քիչ ըլի, ուրշիցն էլ կուզեմ,
Ածիլն ու հադաղ տեղը կտանեմ։
...
Հըվաքորեցին, վեշը կապեցին,
Վերջըմն էլ՝ մերա՛, լվացած բուրդ կա՞,
Րեխի դոշակը հենց ա քըձըձվել,
Համա բրդի բանն ընդի դժար ա...
-Վի՜, բրդի էլածն ինչ ա, ա՛յ բալա,
Համա որ տանես, բա ո՞վ կկարի,
Դու գնա, էդ ես եդով կղրգեմ՝
Թող րեխեն տաք-տաք ձմեռնին քնի։
Համա ըսքամը դու ո՞նց տես տանիլ,
Մի սուրու վեշ ա, դու էլ մենակ չես,
-Բա էլ ասըմ ե՞ս, բա գալիս լավ չէ՞ր,
Հեշտ-հանգիստ էկանք, դարդակ, առանց վեշ,
Որ ասենք, Վանո քեռին տանիլ չի՞,
Թե՞ շատ փող կուզի... ձեռիս էլ կա ոչ,
-Բան չկա, կասենք՝ ինքը կտանի...
Թոշակին կտամ, հեչ մտածես ոչ...
Էքսի ռավոդը փառքով ճամփեցին.
-Դե, մնաք բարով... հա՛, կբարևեմ...
Էս անդեր գեղը սիրըմ չեմ, էլի՜,
Դուք չլեք, ես խու դեսն էկողը չե՜մ..
Ճամփելուց եդը կնիկը մարդին.
-Է՜, չիմ սո՛ւտ ա, սո՛ւտ, աղջիկն էլ ա սուտ,
Մարդն էլ ընդիան՝ ի՞նչ աղջիկ, ախչի՛,
Սա խու աղջիկ չի՝ մի թեթև կարկուտ...
Ռուզաննա Բոշյան
12.02.2020

Հարցին՝ ինչ կուզեր իր ստեղծագործությամբ փոխել մարդկային հարաբերություններում, պատասխանում է. «Կուզեի, որ մարդիկ ավելի քիչ հետաքրքրվեին ուրիշներով, քիչ խառնվեին այլոց գործերին, քանի որ դրա պատճառով մեզ մոտ մարդիկ մի տեսակ կաշկանդված են, ազատ չեն անելու այն, ինչ ուզում են, իրենց պատասխանատու են զգում բոլորի և յուրաքանչյուրի առաջ: Ինձ էլ է դա շատ խանգարում ստեղծագործելիս։ Մեկ էլ կուզեի, որ այդ «մուննաթ» կոչվածը մի քիչ պակասեր մեզ մոտ»:

Նարգըզի տղու հըրսանքի օրը
Հենց կարկուտ էկավ՝ էլ ասելու չի,
Հարսին հանիլը մի ժամ եդացրին,
Որ էդ անդերը հասցնի՝ հալչի...
Կնանիք ասին՝ էդ լավ նշան ա,
Չոռուցավը չիմ սրբեց ու տարավ,
Համա Նարգըզի սիրտն անհանգիստ էր՝
Մի գեշ բան չըլի՞, էդ հեչ լավ չէլավ...
Մինչևը հարսին հասցրին ժամը,
Եդով ընդիան տարան փեսի տուն,
Հըրսանքավորնին ցեխըմը կորան.
(Տեղը մոդիկ էր, ոտով ին գնըմ),
Ինչքամ էլ փեսեն հարսին ձեռ գձեց,
Ուսը դեմ տվուց ու քոմագ արավ,
Մի՛ն ա, մինչևը էկան հասան տուն՝
Սա քողիցը հետ թամուզ ցեխ էլավ,
Կնանիք ասին՝ ա՛յ Նարգիզ, մեղք ա,
Շորը չիմ ջուր ա, կարող ա մրսի,
Մանանին ասա՝ վազելեն գնա,
Իրանի մի շոր բերի հագցնի...
-Մանանիս շորը բա սրան կըլի՞,
Նրա շորըմը սա կարա լող տա,
Մանանս լիքը, թոթոլ աղջիկ ա,
Համա սա՝ վրին ըսկի միս չկա...
Կնանոնց մինը ըստի փռթկացրուց,
-Բա որ միս չկա, էդ ո՜ւր եք բերել,
-Էդ ես ե՞մ բերել, Նորոյիս ասա,
Թե սրա ընչի՞ն ա սիրտը կպել...
Էս ընգավ հարսի քվոր անգաճը,
-Նարգիզ տոտա՛, հեչ լավ բան չես անըմ,
Քու տղեն էլ մե՛ր դիրը չի գալի,
Դեյին ամոթու մենք ձեն չենք հանը՜մ...
-Էդ ո՞ւմ տղին չեք հըվանըմ, ախչի՛,
Խի՜, էս գեղըմը թըհե տղա կա՞...
-Քունն ա, քու աչքին լավն ա ըրևըմ,
Քինթը ծուռ, լողլող, անշնորհք զադ ա...
Ըստի մեջ ընգավ էն նույն Մանանը.
-Ախչի՛, դու հլա քու քնթին մտիկ,
Քվորինդ եդ մխելի փառք ա,
Համա նրա էլ ոտներն են ծուռտիկ...
Հոքիր-մոքըրնին չիմ հըվաքվեցին.
-Ձեններուդ ի՜նչ ա, էս ի՞նչ ա էլել,
Մինն էլ թե՝ էլ ի՞նչ տեր ըլիլ, ախչի՛,
Մեր աղջկանը սրանք հավան չեն...
-Էդ որ հավան չեն, մի ասող ըլի,
Բա էլ էս տանը մենք ի՞նչ ենք անըմ,
Էն կռնիցն էլ թե՝ հրեն դուռը բաց,
Մենք մնիդ էլա զոռով չենք պըհըմ։
Հըրսանքավորը խառնվեց իրար,
Ով մի բան ասավ՝ տասը ըստացավ,
Բանը հասնըմ էր տուրուդըմփոցին,
Հենց էդ սըհաթին լսերը հանգավ...
Մինչևը դես-դեն... տանտերը գնաց,
Բզեց-բզբզեց, միացրուց, էկավ
Մտիկ արին, որ՝ ի՜նչ հարս, ի՜նչ փեսա,
Տեղը դարդակ ա, իրանք էլ չկան...
Մինը թե՝ լա՜վն էլ հենց իրանք արին,
Մեկելը՝ բա էս անելու բան է՜ր,
Բայց ով՝ ով, Նարգիզն էլ խու լա՜վ գիդեր՝
Մեղավորը էն անդեր կարկուտն էր.
-Անդեր մնար էն կարկուտը, ախչի՛,
Ես ասըմ ի, չէ՞, էդ լավ նշան չի,
Բա հարսն էլ իրա հըրսանքի օրը
Փեսին վեր ունի, կիսըմը փախչի՞...
Ըստի թամադեն բաժակ բըրձրացրուց.
-Թըհե՞ բաներ են գեղըմը էլել,
Էլել ա՝ հարսը փեսին թողել ա,
Մի սավսեմ ուրիշ տղի հետ փախել...
Էկեք նստեք, դուք ձեր քեֆը արեք,
Ասեղ չեն՝ կորչեն, էսա եդ կգան,
Հըմի կնիկ էր, մի բան էր՝ ասավ,
Խու խեղդիլ չտենք էս նաչար կնգան...
Իրար ներեցին, կերան խմեցին,
Ողջագուրվեցին կեսուր ու աներ.
-Անդե՛ր մնա էդ անդեր կարկուտը,
Էնա-հա՛ րեխիս տունը քանդիլ տեր...
Ռուզաննա Բոշյան
8.02.2020

Գրող-ընթերցող կապը Ռուզաննա Բոշյանի համար ոգեշնչման մեծ աղբյուր է. «Ես շուտ ոգեշնչվող ու շուտ հիասթափվող մարդ եմ: Երբեմն թվում է, թե լրիվ դատարկվել եմ, մեկ էլ մեկը մի լավ մեկնաբանություն է գրում ու միանգամից ամեն ինչ փոխվում է»,- անկեղծանում է բանաստեղծուհին: