Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին»». Հակոբ Ճաղարյան

«Երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին»». Հակոբ Ճաղարյան
274
Կիրակի, 12 ապրիլի, 2020 թ., 22:40

Այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադարձել է Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից ՀՀ Քաղավիացիայի պետական կոմիտեին լիցենզիայից զրկելու հետ կապված պատմությանը:

Նա նշել է, որ չի կարող որևէ մեջբերում անել զեկույցից, կամ հանրայնացնել այդ փաստաթուղթը. «Բայց քանի որ այդ զեկույցը գաղտնի չէ, իսկ երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին», ես կարծում եմ՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել Քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը և ինքը գնահատի՝ ինչի մասին է խոսքը»,- ասել է նա:

Եթերի ընթացքում Ճաղարյանը հայտնել է, որ համաձայն չէ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած պաշտոնական պարզաբանմանը:

«Ընդհանրապես, ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններն ունեն իրենց գործառույթները, և այդ գործառույթները վերագրված են նաև Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին՝ որպես Հայաստանի ավիացիոն իշխանություններ: Ավիացիոն իշխանություններն ունեն հատուկ գործառույթներ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ: Ոլորտի քաղաքականությունը որոշում է համապատասխան նախարարությունը, իսկ ավիացիոն իշխանությունները կատարում են զուտ տեխնիկական կարգավորումներ, դրանցից են՝ թռիչքային անվտանգությունը, ավիացիոն անվտանգությունը և այլն: Ընդ որում որոշում ընդունողը, կատարողը և վերահսկողը պետք է լինեն միմյանցից անկախ մարմիններ: Միջազգային ավիացիոն կազմակերպությունները տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ ստուգումներ են կազմակերպում և անդրադառնում իմ նշած կետերին, փաստորեն այդ զեկույցում իմ նշված բոլոր ոլորտներում կան նկատողություններ և միջազգային կարգավորումներին անհամատեղություններ, այն աստիճան, որ լրատվամիջոցներից մեկում շատ վիրավորական մի փաստ է նշվում, որ Հայաստանը որպես շահագործողի երկիր ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը և ավիաընկերություններին, վերահսկել թռիչքային անվտանգությունները միջազգայնորեն ընդունված կանոնակարգի: Քաղավիացիայի կոմիտեն իր պարտականնությունները, ինչպես նշված է զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել, կամ ոչ պատշաճ է կատարել»,- ասել է Ճաղարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին»». Հակոբ Ճաղարյան