Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եթե պատկերացումներս ճիշտ դուրս գան, ապագան կարող է շատ ավելի երանելի լինել». Հրանտ Վարդանյան

«Եթե պատկերացումներս ճիշտ դուրս գան, ապագան կարող է շատ ավելի երանելի լինել». Հրանտ Վարդանյան
299
Երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ., 04:10

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորի մասին մտքեր

Ամենից մեծ զավեշտը այն է, որ մարդկության նախկին փորձը գնալով զրոյանում է: Մարդկությունը հազարամյակներ շարունակ ապրել է բուրգային համակարգի օրենքներով, երբ եռանկյունու վերին կետը կարևորն էր, իսկ ներքևի շերտը ծառայում էր որպես հիմք ամբողջ բուրգին: Այսօր բուրգի գագաթը շրջվում է դեպի մեկ մարդը, որի անելիքն սկսելու է կարևորվել, որից կախված է ամբողջի լինելը: Այսօր մեկ մարդն իր սխալ արարքով հարյուրների կարող է վարակել: Այսօր մարդն սկսում է ճառագայթել այն, ինչը կա ներսում, էլ չի կարող թաքցնել, ձևացնել ու ստել, այսինքն՝ մարդն այլևս գագաթին նստելու կռիվ չի անի, որովհետև բուրգը շրջվում է՝ գագաթը դեպի մեկ մարդն է դառնում, գագաթով դեպի ներքև է շրջվում այն:

Այս համամարդկայինի կանգառը նոր իրավիճակի ընդամենը առաջին քայլն է, տեղն ընկնելու գագաթով դեպի անհատը շրջվելու առաջին ֆազան:

Եթե ամբողջ համակարգը՝ բուրգը, շրջվում է դեպի մարդը, որից սկսում է ճառագայթել դեպի տիեզերք, առ Աստված, ամբողջ մարդկությունն այլ գիտակցությամբ է սկսում ապրել: Մեկ մարդն ամբողջ մարդկության մի մաս է, անկրկնելի անհատ, առանձին մոլորակ, ով առանձին վերցրած մի ամբողջություն է: Ինչքան շատանա ամբողջական մարդուն կարևորելը, այնքան հասարակությունը կսկսի ամբողջանալ: Չգիտեմ՝ որտեղից են ծագում այս մտքերն ու այս թեզը, որի մասին մտածում եմ: Մի բան գիտեմ, երբ այս տեսանկյունից ես նայում, հասկանում ես, որ այս մասշտաբի, տիտանական վերափոխումն այդքան հեշտ բան չի, ինչի մասին կարող ես երկու տողով խոսել, բայց մի բան պարզ է, որ շատերիս համար կարող է ցավոտ լինել որոշ ժամանակ, որ ճակատագրեր ու մարդկային կյանքեր են խառնվելու: Իսկ մյուս կողմից, եթե այս պատկերացումներս ճիշտ դուրս գան, ապագան կարող է շատ ավելի երանելի լինել, քան այն հազարամյակների մարդկության փորձը, որի ընթացքում բուրգի գագաթը վերին կետն էր, իսկ մարդն ընդամենը նյութ էր բուրգը կառուցելու, ամրապնդելու համար:

Կարծում եմ՝ որոշ ցավոտ ընթացք անցնելուց հետո մարդն ավելի մարդկային ու կարևոր կարող է դառնալ, կարող է ավելի ուշադիր և խնայողաբար վերաբերվել մեկ այլ մարդու, շրջակա միջավայրին ու բնությանը»: