Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Վեթինգ լինելու է․ Արդարադատության նախարարություն

Վեթինգ լինելու է․ Արդարադատության նախարարություն
311
Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 15:10

Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է․ Արդարադատության նախարարության՝ «Հարց ու պատասխան» ձևաչափով անդրադարձը՝ վերջին շրջանում այս թեմային առնչվող մտահոգություններին:

- Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ և ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։

- Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։

Որոշակի պաշտոններ զբաղեցնելուն հավակնող թեկնածուների դեպքում դա նկարագրված է բարեվարքության ստուգման, իսկ արդեն իսկ գործող որոշ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների դեպքում՝ հայտարարագրերի վերլուծության, կամ այլ խոսքով՝ գույքային դրության ստուգման մեխանիզմում։

Բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական եզրակացություններ։ Թեև Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։

- Արդյո՞ք բարեվարքության ստուգումը վերաբերում է միայն դատավորների թեկնածուներին և գործող դատավորներին այն չի առնչվելու:

- Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և Սահմանադրական դատարանի դատավորներին, ապա օրենսդրական փաթեթով սահմանվել է Հանձնաժողովի լիազորությունը, համաձայն որի՝ Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է:

Այսինքն՝ Հանձնաժողովը ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։ Նշենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որոնց թվում է նաև իրավապահ մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։ Վերջին գործողությունը համապատասխան պայմանների, այսինքն՝ հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ կասկածի առկայության դեպքում պետք է կատարվի ցանկացած ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրի վերլուծության դեպքում՝ անկախ նրանից, թե որ տարեթվի հայտարարագիր է վերլուծության ենթարկվում:

Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաև կարգապահական պատասխանատվության և հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։

Նշենք նաև, որ կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Այսպես, կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Ավելին, միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի կազմում, բացի դատավորներից, կընդգրկվեն նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված, բարձր մասնագիտական որակներով օժտված իրավաբանների:

Մանրամասն կարգավորում է ստացել նաև դատավորների գործունեության գնահատումը: Դատավորների գործունեության գնահատման իրավասությունը ԲԴԽ-ի փոխարեն տրվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար ձևավորվող դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովին, որը բաղկացած կլինի դատավորներից և իրավաբան-գիտնականներից: Եթե հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման արդյունքում հայտնաբերի կարգապահական խախտում, ապա կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար:

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։