Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նրանք հայտնաբերեցին ևս մեկ Նիկոլ Փաշինյանի, հրապարակեցին նրա մահվան թուղթը». Արտակ Գալստյան

«Նրանք հայտնաբերեցին ևս մեկ Նիկոլ Փաշինյանի, հրապարակեցին նրա մահվան թուղթը». Արտակ Գալստյան
719
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 01:10

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ՛ պարոնայք, այստեղ մենք ձեզ հետ չենք հավասարվի, այդքան չենք իջնի

Այսօր նախկինները խոսում են ազգային արժեքների պահպանումից, ընդ որում, դրա մասին բարձրաձայնում են, իրենց իշխանության օրոք Ստամբուլյան և Լանցարոտի կոնվենցիաներն ընդունելուց հետո:

Բայց այսօր դա չէ թեման:

Նախկինները մոռացել են հայկական ամենակարևոր ազգային արժեքի մասին:

Մենք մահացած մարդկանց մասին վատը չենք խոսում, խնայում ենք նրանց հարազատներին, «մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինիչ», սա է մեր ավանդույթը:

Ավանդույթը ձևավորվել է մի պարզ պատճառով. հարազատի կորուստն անխուսափելի է բոլորիս համար, ավելին՝ գալու է մի օր, երբ մեր հարազատների համար հեռանալու ենք նաև մենք:

Այլ կերպ ասած, «ոչ ոք կենդանի չի պրծնելու այս կյանքից»:

Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր պապի մասին տեղեկություն, որում նշեց, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր:

«Ես նրա մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս ոչինչ չի հիշում, որովհետև պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր: Կարող եմ ասել միայն, որ նա եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի սերժանտ՝ որպես 554-րդ հրաձգային գնդի մաս:

Ըստ որոշ փաստաթղթերի՝ նա մահացել է 1943-ի փետրվարին, այլ փաստաթղթերի համաձայն՝ նա անհայտ կորած է: Ինձ համար պապս պարզապես լուսանկարներ են և հորս մի քանի պատմություններ: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով եմ, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»,- ասել է վարչապետը։

Վարչապետի այս հրապարակումից հետո արժեքային համակարգի համար «պայքարողները» չզլացան ոտնահարել նաև «մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» համընդհանուր կանոնը, աղավաղելով իրականությունը՝ հերթական ֆեյքային գրոհն սկսեցին վարչապետի նկատմամբ, անարգեցին նրա մահացած պապի անունը:

Չե, խնդիրը վարչապետի նախնին չէր, խնդիրը որքան կարող են ցավացնել մի մարդու, ով իրենց զրկել է էլիտա լինելու, անխափան լափելու, ժողովրդին ստրկացնելու հնարավորությունից, ով պատռելով նրանց դիմակները, մերկացրել է նրանց իրական, իրենից ոչինչ չներկայացնող ինքնությունը:

30 տարի բանակի թալանից, կոռուպցիայից, քաղաքական սպանություններից, ժողովրդի սոցիալական ծանրագույն վիճակից անտեղյակ նախկիններին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հաջողվեց բացահայտում և խրախճանք կազմակերպել համացանցում:

Նրանք հայտնաբերեցին ևս մեկ Նիկոլ Փաշինյանի, հրապարակեցին նրա մահվան թուղթը և արձանագրեցին, որ այդ մարդը համագործակցել է գերմանացիների հետ և հայտարարեցին, որ դավաճանությունը գենետիկորեն փոխանցվել է նաև վարչապետին:

Վարչապետին ցավացնելու, մինչև հոգու խորքը վիրավորելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նախկինները չէին նկատել, որ իրենց հրապարակած, ֆաշիստների հետ համագործակցած Նիկոլ Փաշինյանի մահվան թղթի մեջ գրված է՝ «Wehrmacht-Graberoffizier» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է «Վերմախտ-Սպայի» գերեզման:

Ինչից էլ բխում է, որ ներկայացվող Նիկոլ Փաշինյանը, որը ծնվել է համագործակցել է ֆաշիստների հետ և մահացել 1943-ին, եղել է սպա, մինչդեռ վարչապետի նախնին եղել է սերժանտ:

Նախկինները մինչ օրս չեն հասկացել նաև, որ իրենք տասնամյակներ շարունակ եղել են մոլորության մեջ, երբ կարծել են, որ եթե հայ ժողովուրդն իրենց անգրագետ իշխանությունը հանդուրժել է, ապա նույնպես անգրագետ է և անուղեղ:

Նրանց մտքով անգամ չի անցել նաև, որ նույն աղբյուրներից կարող ենք տեղեկություն ստանալ նաև մենք և հայտնաբերենք վարչապետի պապի իրական տվյալները, որ ՌԴ ՊՆ «Մեմորիալ» պաշտոնական աղբյուրում՝ կա Նիկոլ Փաշինյան անունով, երկու անձի տվյալներ, որոնցից մեկը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ, իսկ մյուսը՝ կռվել է ԽՍՀՄ զորքերի կազմում, երբևիցե չի համագործակցել ֆաշիստների հետ (https://obdmemorial.ru/html/info.htm?id=63977503#) և, ինչպես նշել է վարչապետը, նա եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի սերժանտ՝ որպես 554-րդ հրաձգային գնդի մաս և համարվում է անհայտ կորած:

Ասեմ անկեղծ, մի պահ ցանկություն առաջացավ, բացել, հրապարակել նախկինների ծագումնաբանությունը, բացահայտել նրանց իրական, հայի հետ առնչություն չունեցող գենը, բայց փառք տիրոջը, այդ գայթակղությունը տևեց մի պահ, հաղթեց ազգային և արժեքային համակարգը, «մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»:

Այլ կերպ ասած, պարոնայք նախկիններ, այստեղ մենք ձեզ հավասարվել չենք կարող, մենք այդքան չենք իջնի:

Բացի այդ, մենք նախկիններին ցավեցնելու, հոգեպես ոչնչացնելու ավելի կատարյալ գործիք ունենք, դա ապօրինի գույքի բռնագանձման օրենքն է:

Վստահ եմ, որ երբ վերջիններս կզրկվեն իրենց թալանածից, հարյուրապատիկ անգամ ավելի ցավ կապրեն, քան երբ հրապարակվի, որ իրենց ղեկավարներից մեկի մայրը իր հորից հիշում է միայն հարևան ադրբեջանցու գոմի խոնավ պատը: Համբերություն վարչապետին: Առողջություն բոլորիս»: