Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Սա պատասխանատվության համակարգի այլանդակ խաթարում է»․ Լևոն Բարսեղյան

«Սա պատասխանատվության համակարգի այլանդակ խաթարում է»․ Լևոն Բարսեղյան
313
Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 01:05

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության նիստում քննարկում են ուղևորին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դիմակ չկրելու համար: Վարչապետը պնդում էր, որ վարորդին պիտի տուգանել: Ուրեմն, մի քանի հոգով՝ կառավարության անդամներ, չկարողացան մարդավարի բացատրել, որ հենց իրավախախտումը կատարող մա՛րդը պիտի պատասխանատվության ենթարկվի, ոչ թե վարորդը: Վարչապետն իր իմացածն էր պնդում, բայց ոչ արդարադատության նախարարը, ոչ մյուսները չուզեցին կամ չկարողացան իրավունքի դիրքից բացատրել, որ պատասխանատվության բեռը քաշողը պիտի լինի խախտողը, ախր դա իրավունքից զատ բնական բան է ու պիտի ամրագրվի, եթե ամրագրված չէ: Մեկը, լսում էի, երևի նոր մարդ էր, չգիտեմ ով էր, հասարակական տրանսպորտի վրա օրինակ բերեց, բայց էլի ռիսկ չարեց մասնագիտորեն պնդել, որ վարորդը ավտոբուսի բոլոր ուղևորների կամ թեկուզ մեկ ուղևորի օրինազանցության համար չի կարող պատասխանատու լինել: Ողջամտորեն, եթե 30 ուղևորից մեկը հանի դիմակը կամ՝ մի քանիսը, վարորդը պիտի վարելը թողնի, հայելիների կամ տեսախցիկների միջոցով հսկի հա՞, հետո ասի՝ չեմ քշո՞ւմ, թե չէ կտուգանվե՞մ: Կամ նույնն է, թե խանութ մտնեն դիմակով, հետո ներսում հանեն դիմակներն ու ոստիկանը վրա գա, խանութպանի՞ն են տուգանելու: Չկարողացան կամ չուզեցին բացատրել, որ վարորդը, ընդամենը վարորդ է, խանութպանն ընդամենը խանութպան, ոչ թե՝ պահակ, ոստիկան, կամ վարչական վերադաս հաճախորդի գլխին: Խանութպանը վերադաս է խանութի աշխատողի գլխին, սա հասկանալի է, եթե աշխատողը խախտում է կարգը, դա այլ պատմություն է, բայց երբ ուղևորն է խախտում, վարորդը մեղք չունի:

Որոշումների նախագծեր քննարկելու և «գլխավորի հետ չվիճելու» էս մոդելը նոր չէ, սա հին խասիաթ է, երբ մասնագիտական վեճ տեղի չի ունենում ենթադրյալ մասնագետների հետ, այս դեպքում իրավունքի մասնագետների գիտելիքները կամ կամքը, կամ կամքն ու գիտելիքները չբավարարեցին հասարակ բանը պնդել և բացատրել:

Նույն սխեմայով դեռ սերժիկների ժամանակներից ընդունված է ավտոմեքենայի տիրոջը տուգանել այդ ավտոմեքենայով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումների համար, և կապ չունի, թե ով է եղել ղեկին, եթե տերը չի համաձայնում, պարտավոր է տեղեկացնել ոստիկանությանը թե ով է եղել իր մեքենայի ղեկին, եթե ոչ ինքը, որպեսզի էդ մյուսին տուգնեն, եթե մյուսը երրորդ անձի է փոխանցել մեքենան, ապա պետք է ասի, թե ով է եղել ղեկին և այլն...: Սա պատասխանատվության համակարգի այլանդակ խաթարում է, որի հիմքում ոչ թե մարդն է, այլ՝ պատիժը:

Մարդու իրավունքի պարզագույն ընկալումը հուշում է, որ մարդը չի կարող է պատասխանատվության ենթարկվել մի արարքի համար, որը չի գործել: Այս տեսանկյունից, ամենաշատը կարող է պատասխանատվության ենթարկվել ավտոյի սեփականատերը, եթե օրենքով սահմանված կարգով մեքենան այլ անձի փոխանցել է առանց պատշաճ արձանագրման: Այս երաշխավորագրի համակարգը նախկինում կար, հիմա չկա, ես չեմ առաջարկում վերադարձնել այդ համակարգը, բայց ակնհայտ է, որ հոծ գիծը չհատած մարդուն դրա համար տուգանել, ինչ է թե իր սեփական մեքենան է հատել գիծը, սկզբունքորեն սխալ է: Իսկ ո՞վ է հատել, կհարցնեք: Կարո՞ղ է իր 10 զավակներից մեկը, կամ 20 թոռներից մեկը: Այ հենց դա պարզելու համար, կարծեմ, կա ոստիկանություն, թող պարզեն և պատասխանատվության ենթարկեն, ոչ թե ավտոյի սեփականատիրոջը քննիչ դարձնեն կամ բեռնեն անհարկի տուգանքով: Մարդ է ու անշարժ, հիվանդ պառկած է, ընտանիքի անդամները վարում են ավտոն, արդա՞ր է խախտում չարած մարդուն տուգանել: Իհարկե ոչ: Մինչև հիմա այս այլանդակությունը նորմ է, վերջը մեկը դատարաններով գնալու է, հասնի ՄԻԵԴ, որ վերացվի այս կոնցլագերական նորմը: Նույնը բերածս վերին օրինակում էր, որում շարունակվում է էդ անդուր խասիաթը:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի արտաճանապարհային ոստիկան»։