«Իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին և այլ փայատեր չունենք». Լևոն Բարսեղյան
![]() 368 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 19:45 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնինչ իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին և այլ փայատեր չունենք (Կարճ բաներ կարդալու սիրահարները թող բավարարվեն վերնագրով) Մտածում եմ՝ տեսնես ով է Ալեն Սիմոնյանին համոզել, որ որևէ հասարակական կազմակերպություն, որևէ հիմնադրամ, այդ թվում Բաց հասարակության հիմնադրամը կարող է հավակնել Հայաստանում իշխանության կամ արդեն զավթել է իշխանությանը, կամ ժողովրդին հեղափոխել կամ հեղափոխություն անել, որ արդեն մի քանի օր է՝ չի հանդարտվում: ԱԺ փոխնախագահը մի քանի օր առաջ որոշում է հարցազրույց տալ մի թերթի, և սկսում է նվաստացնել Հայաստանին միլիոնավոր դոլարների բարեգործություն արած հիմնադրամի հիմնադրին՝ Սորոսին՝ «Սորոսը ում շունն է, որ ․․․», «կիսամեռ բիձուկ» բառամթերքով: Հետո, երբ իմանում է, որ հիմնադրամի տնօրենը դիմել է ԱԺ նախագահին՝ փոխնախագահի հայտարարության բովանդակությունը Էթիկայի հանձնաժողովում քննության կոչելով, բորբոքվել է ու իր պատին հենց այդ համատեսքտում քանդակել հետևյալը․«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովորդին և իր կողմից ընտրված իշխանությանը: Մեծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ: Սա Հայաստանն է և վերջ»: Էս պաթոսախեղդ պոպուլիզմը կարելի էր շրջանցել, եթե խոսքը զոմբաժի տակ մնացած մեկի մասին լիներ, նրանց, որ օրինակ ինձ ու շատերին, որ տասնամյակներով կռիվ էին տալիս այլանդակապետության և դրա պարագլուխների դեմ, ֆեյսում լատինատառ հեգնում են, թե բա՝ ուր էիք, երբ մենք հեղափոխություն էինք անում․․․ Բայց քանի որ խոսքը ՀՀ օրենսդիր մարմնի երկրորդ դեմքի, պետության 3-4-րդ պաշտոնյայի մասին է, որին մեր բերանից կտրում, փող ենք տալիս, լուրջ խորհելու տեղ է տալիս ու դարդ է հարուցում: Էդ դարդի մի մասը ընտրողներինս է, մյուս մասը իրենը: Բացատրեմ, թե ինչու: Մանիպուլյացիա թիվ 1. Իշխանությունը ժողովրդին պատկանելու մասին Ալեն Սիմոնյանի գրառումը երկհարկանի մանիպուլյացիա է պարունակում, անփորձ աչքը չի նկատի, բայց ինքը գրագետ անձնավորություն է, անհնար է, որ չիմանար, որ ձեռնածություն է անում: Բացատրեմ: Էն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, մեր ունեցած բոլոր սահմանադրություններում, որքան էլ կեղծիքներով ընդունված լինեն դրանք, գրված է: Դա այնքան հանրահայտ միտք է, որ նման բան հայտարարելը կարող է ժպիտ չհարուցել միայն երևի այն դեպքերում, եթե ասողը Թոմաս Ջեֆերսոնն է, Դավիթ Անհաղթը կամ Ռոբերտը Քոչարյանը: Այս դեպքում այդ պոռթկումը շատ նման է Սերժիկի այն պոռթկմանը, երբ դատարանից ելնելուց հետո ի լուր աշխարհի հայտարարեց, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Իբր գյուտ արեց: Ալենն էլ, իբր գյուտ արեց: Իբր ինչ-որ մեկը ասել է, թե Հայաստանում իշխանությունը ժողովրդին չի պատկանում, ինքն էլ թուրը հանում ու հերքում է: Նույն հաջողությամբ Ալեն Սիմոնյանն ու Սերժիկ Սարգսյանը կարող են ամեն օր հայտարարել, որ «արևը ելնում է միայն ելնելու կողմից, և վերջ»: Մանիպուլյացիա թիվ 2. Մանիպուլյացիայի ավելի խորամանկ մասն այն է, որ ԱԺ փոխնախագահը իշխանության տեր է հայտարարում ոչ միայն ժողովրդին, այլև ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը: Կրկնաբանություն է ստացվում, իհարկե, զի կարող էր ասել՝ ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաներին, բայց իրեն «իշխանություն» բառն ակնհայտորեն դուր է գալիս, ոչինչ, շրջանցենք այդ պահը: Ուրեմն, սա նոր տոնայնություն է հեղափոխությամբ իշխանության եկածի մտքերում: Մենք էլ, ու հեղափոխություն արած 3 մլն մարդն էլ միամտաբար կարծում էր, թե իշխանությունը պատկանում է միայն ու միմիայն ժողովրդին, հենց հավաքանակությանը, ու ժողովուրդը ընտրություններով կառավարման իրավունք է տալիս պատգամավորներին, նրա ձևավորած կառավարությանը ու դատարաններին: Ժա-մա-նա-կա-վոր: Սակայն իշխանությունը չի տալիս, ընդամենը կառավարման ժամանակավոր իրավունքն է տալիս: Համարյա այնպես, որ երեք միլիոն համասեփականատեր մարդ իր սեփական պալատը՝ մի քանի տասնյակ հազար կիլոմետր մակերեսով, սարերով ու անտառներով, լճերով ու ճանապարհներով, Ամուլսարով ու Զվարթնոցով, հիվանդանոցներով և գետերով, դպրոցներով ու հանքերով կառավարման հանձնի իր կողմից ընտրված մարդկանց խմբին, բայց ոչ որպես սեփականություն: Բարդ չէ, չէ՞: Պաթոսնյակ ռեպլիկում Ալեն Սիմոնյանն այսպիսով սեփականատիրոջը նենգափոխում է, ավելի ճիշտ՝ իշխանական լիազորություններ ստանձնածներին դարձնում է իշխանության, այսինքն և երկրի համասեփականատեր: Իշխանությունը, իր կարծիքով, եթե հեռախոսը չեն գողացել, այլևս ոչ միայն ժողովրդինն է այլև, իշխանավորներինը: Էս հայտարարությունը կարդալուց առաջ որոշել էի չանդրադառնալ իր ցինիկ բառապաշարին հիմնադրամի և գործընկերների հասցեին, բայց այս հայտարարությունը ստիպեց ինձ մտածել ու հրապարակավ հարցնել՝ արդյո՞ք դա միայն իշխան Սիմոնյանի անձնական ոչիշխանական կարծիքն է, թե՞ իշխանությունները, իշխող խմբակցությունն էլ է այդպես մտածում: Մտածո՞ւմ են արդյոք Արարատը Միրզոյան, Լենան Նազարյանը, Իմ Քայլը խմբակցության մյուս 85 պատգամավորները, պատգամավոր չդառած և ԻՔ ցուցակում մնացած թեկնածուները, վարչապետը, հեղափոխությամբ իշխանության եկածները Ալեն Սիմոնյանի պես: Մտածո՞ւմ են արդյոք, որ իշխանությունը այլևս նաև իրենցն է, և ոչ թե միայն ժողովրդինը, ինչպես մտածում և ասում էին առաջ: Եթե համամիտ են իրեն, ինչին կասկածում եմ, կհաստատե՞ն իրենց համաձայնությունը, կասե՞ն՝ հա, ճիշտ է ասել Ալեն Սիմոնյանը, լավ է արել, չուզողի աչքն էլ հանել է, իշխանությունը արդեն ոչ միայն ժողովրդինն է, այլև «... իր կողմից ընտրված իշխանությանը»: Թե՞ կլռեն, մինչև այդ հայտարարությունը մոռանանք: Չենք մոռանա: Եթե անհամաձայն են, կկամենա՞ն հայտարարել այդ մասին և պնդել, ինչպես պնդում էին հեղափոխության օրերին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և լրացնել, սահմանադրությոնից այն մոռացված տողը, թե՝ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Կկամենա՞ն կարգի հրավիրել, ընկերաբար, քաղաքավարությամբ և հրապարակայնորեն հայտարարել, որ հեղափոխության մասնակից եղած լինելը, նման անհեթեթություններ ասելու համար հիմք չէ, որովհետև, ոչ ոք հեղափոխության մասնակցած 3 մլն մարդուց չի հանդգնել դեռ նման բան խոսել, եթե անգամ պաշտոն չունեցող քաղաքացիները նման բան ասեն, ԱԺ փոխնախագահը չպիտի այդպես մտածի ու խոսի: Կարելի էր չխորանալ էս հայտարարության և մանիպուլյացիաների մեջ, բայց ես համոզմունք ունեմ, որ մարդու մտքերը շատ բան են խոսում մարդու մտածողության մասին: և անտեսելու իրավունք չունենք նման բաները: Դժվար է ասել, թե հեղափոխության օրերին կամ ԱԺ ընտրություններից առաջ, եթե Ալեն Սիմոնյանն հայտարարեր, որ ընտրվելու դեպքում իշխանությունը պատկանելու է ոչ միայն ժողովրդին, այլև իրեն և իր թիմակիցներին՝ որպես իշխանավորների, մարդիկ ինչպես էին վարվելու: Չեմ ուզում մտածվի, թե ես ինչ-որ անձնական վեճ ունեմ Ալեն Սիմոնյանի հետ, և հիմա այս առիթով մուռ եմ հանում: Չունեմ, ափսոսանք ունեմ: Ես հասարակ եմ մարդկանց հետ հարաբերություններում, թե վեճ ունենում եմ, ուղիղ եմ խոսում, վրեժխդիր կամ հիշաչար մնալն իմ փեշակը չէ, համբերատար եմ վերաբերվել իր անընդունելի հայտարարություններին, անպատեհ առաջարկներին, գրել եմ այդ մասին, հանդիպելիս էլ բարև-բարլուս, ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Հիմա, մեկ էլ նկատում եմ, որ մարդը, որոշել է իշխանության սեփականատեր դառնալ, ինչ է, թե մանդատ ունի: Իր դարակազմիկ հայտարարության վերջում ասում է.«Մեեծծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ»: Նախորդ լուսավոր մտքի մասին է խոսքը, էն, որ իշխանության տերը ոչ միայն ժողովուրդն է, նաև պաշտոնյան: Բաց հասարակության հիմնադրամը չգիտեմ ինչպես կվարվի՝ ԱԺ փոխնախագահի արտակարգ հանձնարարականը կանի, թե ոչ, բայց քանի որ հրապարակավ է հայտնում իր մտքի գոհարը, ասեմ հրապարակավ, որ լիքը մարդ կա, որ այդ մտքին, թե պաշտոնյան/պատգամավորը իշխանության համասեփականատեր է ժողովրդի հետ, անհամաձայն է ու, եթե անգամ Ալեն Սիմոնյանը էդ մտքերը քանդակել տա իր աշխատասենյակի դռանն ու պատերին, չի մերվելու այդ մտքի հետ: Լավ կլինի, որ առանց հետաձգելու սկսի որոնել այն գործընկեր պատմագավորներին, որոնք կհամաձայնեն այդ միտքը քանդակել նաև իրենց աշխատասենյակների դռներին ու առաստաղին: Ժամանակն իր դեմ է աշխատում, որովհետև իր մանդատը, որքան էլ ցավալի կլինի իր համար, ժա-մա-նա-կա-վոր-է: Երրորդ մանիպուլյացիան Վերոհիշյալ գրառման հաջորդ օրը, Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում խոսում է ինչ-որ անհասկանալի արտաքին միջամտության դեմ, պատրանք է ստեղծում, թե դրսից, իբր, ինչ-որ գրասենյակներ փորձում են թելադրել ինչ-ինչ բաներ, առարկայական բան չի ասում, հետո ասում է՝ չի ստացվի, հետո ասում, թե ոչ մի գրասենյակ չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, Հայաստանի վրա կարող է ազդեցություն ունենալ միայն Հայաստանի քաղաքացին: Այսպիսով Ալեն Սիմոնյանը ուզում է, որ մենք մտածենք, թե ինքն իբր անտեղյակ է աշխարհից, տեղյակ չէ, որ բազմաթիվ գրասենյակներ տասնամյակներ շարունակ ազդեցություն ունեցել են, և ունեն, և չեն կարող չունենալ գրեթե բոլոր երկրների վրա, այդ թվում Հայաստանի վրա, այդ թվում իշխանություների վարքի, երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների մակարդակի, կենսամակարդակի վրա: Ամոթ չէ, որ տեղյակ չէ, թե ինչ ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը, ՎԶԵԲ-ը, Միջազգային արժութային հիմնադրամը, նաև Բաց հասարակության հիմնադրամը և ուրիշներ, որոնք բյուջետային ներարկումներից սկսած, վերջացրած քաղաքացիներին մատուցած բազմաթիվ նպաստամատույցներով այս կամ այն չափով ազդել են ներքին կացության ու արտաքին դիրքի ու դրվածքի վրա: Լավ, թե վատ, երկար քննարկելիք է, բայց որ ազդել են, աներկբա են: Եվ շարունակում են ազդել: Այլկերպ չի էլ կարող լինել: Երևի մոռացել է, որ իր ստացած աշխատավարձը պետական բյուջեից է, որտեղ ներարկումներ են արվում նաև այլ երկրների բյուջեներից: Այդպես քաջական, սուպերինքնավստահ և սուպերինքնիշխան թվացող ռեպլիկները պրիմիտիվ պոպուլիզմ են, որ լսում ենք ԱԺ փոխնախագահի բերանից: Գուցե կամեցել է ասել, թե «չեն կարող թելադրել», կամ ուզում է, որ «չթելադրեն», ինչին շատերը կհամաձայնեն, բայց շատ միամիտ կերպով ասել է, թե «չեն կարող ազդել»: Այնինչ, անգամ իր նյարդերը կարող են ազդել երկրի կառավարման որակի վրա, ուր մնաց Հայաստանին օգնության ցուցաբերումը կամ օգնության չտրամադրումը չազդի երկրի վրա: Բայց, քանի որ ես Ալեն Սիմոնյանին ոչ թե անգրագետ եմ համարում, այլ գրագետ, կարծում եմ, որ ոչ թե սխալվել է մտքերը շարադրելիս, այլ հատուկ է մանիպուլացնում, որովհետև նեղվել է, որ ԲՀՀ-Հայաստանի տնօրենը դիմել է ԱԺ նախագահին իր անհասկանալի տեքստի պատճառով: Կոյուղու պրոպագանդայի վիրուսի թափանցումը Ազգային Ժողով Քովիդը գլուխը քարն է տվել: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում հաստատեց, որ, մեղմ ասած, ատում է Հայաստանում օրինականորեն գործող, ամենաշատ զրպարտված և ատելության խոսքի թիրախ դարձած Բաց հասարակության հիմնադրամը, դրա հիմնադրին, հիմնադրամի աշխատակիցներին և գործընկերներին: Տեսնես ինչու է այդպիսի «լիչնայա նեպրիյազն» ձևավորվել մոտը: Խոսքը Ջորջ Սորոսի աջակցությամբ գործող հիմնադրամի մասին է, այսուհետ՝ ԲՀՀ-Հայաստան: Էն կիլոմետրանոց քֆուրներն ու զրպարտությունները, որ լսում ենք ու դեռ երկար ժամանակ լսելու ենք հիմնադրամի, այնտեղ աշխատող մարդկանց ու գործընկերների մասին, գիտենք, թե ինչ կոյուղուց է հորդում, ու նոր չէ, որ հորդում է: Իշխանությունից զրկված, մեղադրականներ շալակած, կալանաված ու դեռ չկալանված, դատվելիք և տարածները հատուցելիք ոխերիմները ահագին ժամանակ է՝ կրծքով կերակրում են իրենց ձագուկներին, հանրային կարծիք ձևավորելու հույսով: Հիմնական ասածներն այս է, թե Հայաստանում ոչ մի հեղափոխության կարիք էլ չկար ու չէր լինի, եթե Սորոսը/հիմնադրամը/գործընկերները չանեին դա: Մթոմ մենք բոլորս ոչխար էինք, այլանդակապետություն չկար, դրախտ էր իր հրաշալիքներով, Սորոսը փողով առավ բոլորիս, փակեց մեր աչքերը, հանեց մեզ փողոց ու սուրբ իշխանություններին լարեց մեր միջոցով: Էս կոյուղին անմարդկային ջանքեր դնելով ուզում է համոզել ամենքին, որ գեղեցիկ իշխանություններ են եղել նախահեղափոխական Հայաստանում, ու էդ Սորոսն իր գործընկեր կազմակերպությունների հետ եկավ մխտռեց դրախտը: Այն, որ մեղադրյալների ծծկեր ձագուկները ջիգյարով կթում են մամաներին ու պապաներին, շուտափույթ թեժ ամառ/աշուն/ձմեռ/գարուն խոստանալով, նախկիններին ռեստավրացիայի համար հանրային դրական դիրքորոշում խոստանալով, էլի տաղանդ է, դեռ երկար են կթելու ու հետո քթների տակ քրքջալու են, թե ո՜նց կթեցին ու հիպոթեկ և ավտովարկ փակեցին: Հասկանալի է, որ միլիոնավոր դոլար կազմող այս ստվերային հոսքերը պիտի ինչ-որ ազդեցություն գործեին միամիտ ուղեղների ու հեղափոխության հետևանքով կեղտոտ եկամուտներից զրկված գազազածների վրա, ինչը ես սահմանել եմ ժամանակին որպես «գեբելսակապիկյան վիրուս», որը ավելի բարդ է բուժվում, քան Էս կովիդ-մովիդը: Խոսքն այն վարակի մասին է, երբ հույս ունեն, որ սուտն այնքան կարելի է կրկնել, մինչև մարդիկ այն լուրջ ընդունեն ու կրկնեն: Կլինեն, որ կկրկնեն տասնամյակներով, դավադրապաշտության զոհերը դրա տիպական օրինակներից են, դրա հակավիրուսը միայն գիտելիքն է, ուրիշ բուժում այդ վիրուսը չունի: Երբեք չի լինելու այնպես, որ բոլոր դավադրապաշտները վերանան կամ վերափոխվեն, այդպիսիք կան ամենակիրթ հասարակություններում, չի լինելու այնպես, որ իշխանազրկվածներն ու իրենց պատերը լիզողները հանդարտվեն ու հաշտվեն, որ էլ առաջվա անհաս դիրքն ու անպատժելի վարքը չունեն և սսկվեն: Ոչ, շարունակելու են կաղկանձել մինչև վերջին լուման, այդ սորտի բնույթն է այդպիսին, բնության դրվածքն է: Բայց, որ Ալեն Սիմոնյանը էդ պրոպագանդայի զոհն էր դառնալու, չէի սպասում: Էն, որ շարքային պատգամավորներից ոմանք խորհրդարանի կայքում հրապարակած իրենց կենսագրականում չեն ներառի ԲՀՀ-Հայաստանում օրինական կերպով և իրենց կամքով աշխատած կամ համագործակցած իրենց տարիների մասին տվյալները, մի կերպ կարելի էր մեկնաբանել կոյուղու քֆուրներից առեղծվածային վախերով, բայց, որ իշխող խմբակցությունից ԱԺ փոխնախագահը կդառնա այդ կեղտոտ պրոպագանդայի առաջին պաշտոնական վարակակիրը, ինձ անսպասելի էր: Որովհետև այսպես, թե այնպես մեդիայի հետ գործ ունեցած, բազմաթիվ կապեր ունեցող մարդ է, ու, վերջապես, այդպիսի բարձր պաշտոն է զբաղեցնում, ու, մանավանդ, համարում է, որ իշխանությունը իրենն է: Ինչպես կարող է Հայաստանում իշխանության համասեփականատեր համարող մարդը այդպես անպաշտպան լինել իշխանազրկվածների ծծկերների պրոպագանդայից: Բա որ ասեն՝ փողկապը աշխարհում առաջինը Սորոսն է կապել, ի՞նչ է անելու: Սորոսը չի կապել, կատակեցի, թող չանհանգստանա, Սորոսը, իրականում Ավարայրի ճակատամարտից առաջ պարսից փղերն է վարժեցրել ... Դժվար է ասել, թե քանի հոգի է Ազգային Ժողովում Ալեն Սիմոնյանի պես ազդված գեբելսակապիկների վիրոսից, արտահայտվել է առայժմ միայն ինքը: Ընթերցենք. «...Հարց տվող մարդ․-Իսկ դուք ի՞նչ կապ ունեք Սորոսի հիմադրամի հետ, ասում են՝ Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականներն էլ փայ ունեն ձեր իշխանության մեջ: Ա․ Սիմոնյան․- Ուրեմն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել: Էլ չեմ ասում, որ ուզում է Սորոսը լինի, ուզում է՝ Սորոսի հերը լինի․․․ Հարց տվող մարդ․-Իսկ Սորոսի վաստակնե՞րը: Ա․Սիմոնյան-Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել:...» Այսինքն ԱԺ փոխնախագահի հասկացությունների ընկալումներում կա «սորոսի վաստակ» հասկացությունը և դա համընկնում է հարց տվող մարդու նույն բառակապակցության ընկալմանը: Դա է հաստատում այն հանգամանքը, որ ԱԺ փոխնախագահը նույնիսկ չի փորձում պարզել, թե ինչ է նշանակում հարց տվող մարդու ասած «սորոսի վաստակ» ձևակերպումը, ինչ ի նկատի ունի հարց տվող մարդը: Այստեղ ԱԺ փոխխոսնակը ակամա հաստատում է, որ ունի խորքային համաձայնություն այդ հասկացության շուրջ: Կարիք կա՞ հիշեցնելու, թե որտեղից և ովքեր են մեջտեղ բերել այդ բառակապակցությունը, ովքեր էին հետույքներն ու կոկորդները պատառոտում ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի դիմաց անընդհատ կրկնելով այդ և այլ ախմախությունները, ատելության խոսք ու թշնամանք տարածելով հիմնադրամի, աշխատողների, գործընկերների և ելումուտ անողների հանդեպ: Նախկինների կոյուղին, իհարկե: Ու մեկ էլ, առը հա, պարզվում է ԱԺ փոխնախագահը նույն արժեքային համակարգի կրող է: Ես զարմացած եմ, մեղմ ասած: Իշխանության վախերից մեկի մասին Չեմ ուզում պատմել Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի գործունեությունը: Ուզում եմ ԱԺ փոխնախագահի, հեղափոխությամբ իշխանության եկած իր նման մտածող և մտահոգ մարդկանց, որոնցից շատերին լավ գիտեմ, ընկերային կամ գործընկերային հարաբերություններ եմ ունեցել ու դեռ ունեմ, հարցնել. - Ինչո՞ւ եք վախենում հիմնադրամի մասին հաչոցներից: Ի՞նչն է ձեզ վառում այդպես, երբ կոյուղում բուն դրած մեղադրյալների տուզիկները հաչ են կապում հիմնադրամի, նախկին և ներկա գործընկերների վրա: Կամ մտածել եք՝ քանի՞ հոգու է վերաբերվում այդ հաչը, ովքեր են այդ հիմնադրամի ուղղակի և անուղղակի շահառուները: Ալեն Սիմոնյանի ու մյուս վախեցածների համար ասեմ, որ երբ ԱԺ փոխնախագահն, օրինակ, օրենքի նախագիծ է քննարկում հիմնադրամում աշխատած պատգամավորների հետ, կամ հիմնադրամի աջակցությամբ կրթություն ստացած կամ կրթական վերապատրաստում անցած պատգամավորների կամ կառավարության անդամների կամ նրանց տեղակալների հետ, ուզի, թե չուզի, դառնում է այդ հիմնադրամի անուղղակի շահառու, ազդեցությունը կրող: Ինչքան էլ հայտարարի, թե իր վրա ոչ մի կազմակերպություն չի կարող ազդել, ինքն էլ ու բոլորս էլ բազմաթիվ ազդեցությունների կրող ենք: Թե՞, երբ պատգամավորների հետ ինչ-որ բան է քննարկում, մեկին ասում է՝ լսում եմ, մյուսին ասում է՝ չեմ լսում, որովհետև դու սորոսի վաստակ ես...: Բոլորն էլ այդպես ազդված են այդ և այլ բազմաթիվ այլ հիմնադրամներից, նույն ԱԺ բոլոր պատմագավորները ազդված են ԱՄՆՄԶԳ հիմնադրամից, որովհետև էն ծանր տարիներին այդ գործակալության բաժանած նավթով ու նավթավառերով են տաքացել, բոլորն էլ ազդված են Հայաստան համահայկական հիմնադրամից, Լինիսի հիմնադրամից, որովհետև այդ հիմնադրամների կառուցած ու վերակառուցած ենթակառուցվածքներից են օգտվել, և չէին կարող չօգտվել: Ուրեմն՝ ի՞նչն է Ալեն Սիմոնյանի վախերի պատճառը, որ ճարահատ անուղղակի քֆրտում է մարդկանց, որոնց հետ աշխատում է, որոնք մինչև հեղափոխությունը Հայաստանի առաջընթացի համար զգալի օգուտ են բերել՝ այլանդակապետության ապականությունները բացահայտելու, դատարաններում ու փողոցներում կռիվ տալով: Ինչո՞ւ է ստիպված իր դիրքից, բայց կոյուղու օգտագործած բառապաշարով խոսել ընդհանրապես, և մասնավորապես, նշավակել հիմնադրամն ու մարդկանց: Գուցե տեղյակ չէ՞, որ հինադրամը քսանքանի տարի է աշխատում է Հայաստանում, կագեբույի, հարկայինի, ոստիկանության, սերժիկների ու ռոբիկների աչալուրջ հսկողության ներքո: Չի՞ հասկանում, որ, եթե մեկ միլիմետրանոց օրինազանցություն գտնեին, կփակեին հիմնադրամն էլ, գործընկեր մի քանի հարյուր կազմակերպությունն էլ առանց աչք թարթելու, ու իրեն բաժին չէր հասնի էս վախը: Կամ, եթե կասկածներ ունի այդ կամ այլ հիմնադրամի, կազմակերպության կամ մարդու մարդկանց խմբերի վնասակարության կամ հանցագործության, ինչն է խանգարում իրեն դիմել Վանեցյանին..., ներողություն՝ ԱԱԾ-ին և պահանջել՝ պարզել, ինչ կա-չկա: Թե չէ այսպես՝ 100 տարեկան բիձուն և իր հիմնադրած գրասենյակը քրֆելով հո Հայաստանը չի ազատում չարիքից: Ինձ թվում է, որ ԱԺ փոխնախագահն ու իր պես մտածողները ուղղակի ավելի պարզունակ վախի զոհն են, քան աշխարհաքաղաքական, գիտահետազոտական-միտահետազոտական կամ իշխանազրկման վախի: Կարծում եմ այս ինքնապաշտպանությունը, որ Ալեն Սիմոնյանը դրսևորեց իր անփառունակ հայտարարություններով, բխում են սերժաբալեքից իրեն, գուցեև իր որոշ գործընկերների ուղղվելիք քֆուրներից պաշտպանվելու համար: «...Մեզ մի քրֆեք հիմնադրամի մոմենտով, տեսեք՝ մենք լավն ենք, մենք էլ են քրֆում հիմնադրամը»: Մոտավորապես այսպես: Էս կարգի պրիմիտի՞վ: Կամ, եթե պրիմիտիվ չէ, ես՝ ներողություն, բան ունեք՝ պարզ, հասկանալի հայերենով ասեք, լրատվամիջոցներ չունե՞ք, թե՞ ֆեյսբուքյան էջ չեք ճարում: Հիմա լուրջ մտածում եմ, որ բոլոր այն արմատական բարեփոխումների ծրագրերն ու առաջարկությունները, որ արել ենք մենք գործընկերներով՝ հիմնադրամի և մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների հետ, դեմ են առել առնվազն հենց այս վախերին: Մի քանի տասնյակ անգամ առաջարկել ենք, թե այսինչ բանը հրատապ է, պիտի արվի, մեր պարտքն ու գիտելիքն է եղել այդ ամենը մշակելն ու առաջարկելը օրինական ընտրված իշխանությանը: Առաջարկել ենք դատաիրավական համակարգի լուրջ բարեփոխում, վեթինգ, պետության զավթման ճանաչում՝ դրանից բխող անցումային արդարադատություն և այլն, չենք ասել՝ Սերժիկին հանկարծ մեղադրանք չներկայացնեք, չենք ասել՝ ներեք բոլոր այն հանցագործությունները, որ արել են երկրի դեմ: Չոր և լուռ դիմադրություն, մեղմանուշ վեթինգ ու պրծ: Հիմա մտածում եմ, թե եթե այդ վախերի մասին կասկածներս ճիշտ են, պիտի հակառակն ասենք, գյալմիստների ու սերժիկների պես ասենք՝ հանկարծ վեթինգ չանեք, կկործանեք դատական համակարգը, հանկարծ դատախազությունը, քննչականը, ոստիկանությունն ու դատարանները չմաքրեք հանցագործներից, որ վերցնեն ու հակառակն անեն, ասեն՝ էդ էր պակաս մեզ վրա ազդեն, կամ մեզ թելադրեն, դնեն ու հակառակն անեն, հանուն Հայաստանի Հանրապետության: Ես այլ բացատրույթուն չունեմ, թե ինչու պիտի վարկաբեկող, նվաստացուցիչ հայտարարություն հեղինակեր Ալեն Սիմոնյանը մի հիմնադրամի հասցեին, որը միայն այս մի քանի ամիսներին վիրուսի դեմ կռվի համար Հայաստանի կարիքավորներին և կառավարությանն օժանդակել է ավելի քան 300 մլն դրամի չափով (2008-2010 թթ. տնտեսական ճգնաժամի վնասների մեղմացման համար Սորոսի հիմնադրամի օժանդակությունը Հայաստանին 2,5 մլն դոլար է եղել), հետն էլ տեստերի ներկրման համար մաքսատուրք է մուծել: Ինչ լավ է չէ՞, Ալեն ջան, Սորոսն ում շունն է՞, որ Հայաստանին ԿՈՎԻԴ-ի թեստ նվիրի կամ տանը փակված ծերերին հացուջուր ղրկի: Որպեսզի հասկանալի լինի, որ ինչ-որ քողարկված ատելություն կամ վախ ունի ԱԺ փոխնախագահը հիմնադրամից, դրա հիմնադրից ու գործընկերներից, մի պայմանական օրինակ եմ ուզում բերել: Ի՞նչ կպատասխաներ Ալեն Սիմոնյանը հարց տվող մարդուն, եթե հարցվեր այսպես․-Իսկ դուք ի՞նչ կապ ունեք էսինչ նախկին օլիգարխի հետ, ասում են՝ էդինչ նախկին օլիգարխն է կառավարում այսօր մեր երկիրը, դրա վաստակները փայ ունեն ձեր իշխանության մեջ․․․ Ասելո՞ւ էր՝ ուրեմն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել: Էլ չեմ ասում, որ ուզում է էդ օլիգարխը լինի, ուզում է դրա հերը լինի, այդ կիսամեռ բիձուկն ով է՞, որ կարողանա մեզ բան թելադրել... Հարց տվող մարդ․-Իսկ այդ օլիգարխի վաստակները՞: Ա․Սիմոնյան-Նաև նրա վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել»: Իհարկե, այդպես չէր պատասխանելու, և գիտե՞ք ինչու: Որովհետև այդ օլիգարխի հասցեին քֆուրախառը հաչ և ատելության վայնասուն չեն կապել կոյուղում ու փողոցում: Այսինքն, կամ հիմքեր ունի այդպես ատելություն բազմացնելու կամ ուղղակի վախենում է քֆուրի արժանանալ նախկինների շնիկների կողմից: Չբացառենք, որ Բաց հասարակության հիմնադրամի մասին բաներ գիտե ԱԺ փոխնախագահը, որոնք վարկաբեկող են, հանցակազմ ունեն իրենցում: Այդ դեպքում, սահմանադրությունը նենգափոխելով հոխորտալու փոխարեն, երկրի ու իր համար ամենաարդյունավետ ելքը կլինի իր հրապարակային բացատրությունն ու դիմումը իրավապահներին, թե այս, այս քըխ կամ քրեական բաներ է արել կամ անում հիմանդրամը, հասկանալի դառնա իր ուղիղ ատելությունը հիմնադրամի հանդեպ և անուղղակի ատելությունը հիմնադրամի հետ այս կամ այլ կերպ գործ ունեցած իր պատգամավոր գործընկերների հանդեպ: Ընդհանրապես, վաղուց ժամանակն է, որ հասկանար, որ ԱԺ պատգամավորը, մանավանդ փոխնախագահը, գործում և պաշտոնում զգացմունքներ չպիտի ունենա և վերջ, ոչ հուզմունք, ոչ ատելություն: Երկրորդ վարկածը այն բանի, թե ինչու է ԲՀՀ-Հիմնադրամի դեմ հարձակում նախաձեռնել ԱԺ փոխնախագահը, այն է, թե իշխանությունը որոշել է արշավ սկսել Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանի, գործընկեր կազմակերպությունների դեմ, նպատակ ունենալով արգելափակել նրանց գործունեությունը՝ ինչ-ինչ նկատառումներով: Մի քանի հոգու հետ եմ խոսել այս թեմայով, մարդիկ կան, որ կարծում են, թե նոր իշխանությունը ազդված է ոչ միայն կոյուղու հաչից ու ոչ մի դեպքում չի ուզում ԲՀՀ-Հայաստան հիմնադրամի ու դրա գործընկերների հետ գործ ունենալ, անգամ, եթե երկնքից աստղեր իջեցնեն, այլև թելադրվում է հյուսիսային ոխերիմ բարեկամի քամիներից: Կան նաև կասկածներ, թե իշխանության այս կարևոր պաշտոնյայի խոսքով սկսվող այս գրոհը կարող է լինել իշխանազրկվածների կամ առերևույթ իշխանազրկվածների որոշումն ու թելադրանքը: Ես դժվարանում եմ Լուբյանկից փչող քամիների կամ մեր հանցագործների թելադրանքի վարկածներին հավատալ: Բայց ինչևէ՝ քարը գցված է կոյուղու սրտով և հոգով, սահմանը՝ գծված: Ալեն Սիմոնյանի գծած սահմանի մասին Նկատեց, թե չնկատեց ԱԺ փոխնախագահը, որ իր հարցազրույցում կոյուղուն արած ձայնակցմամբ և էթիկայի հանձնաժողովում իր մտքերը քննելու դիմումի վրա ղժժալու իր հայտարարությամբ հասարակական-քաղաքական դաշտում շատ պարզորոշ սահման գծեց և դիրք բռնեց: և ճիշտ արեց: Վաղուց էր պետք բացահայտել այդ դիրքորոշումը: Բանն այն է, որ հեղափոխությունից անմիջապես հետո իշխանազրկված հանցագործներն իրենց կոյուղու միջոցով հետզհետե աճող տեմպով ու փողերով հետևողական ջանքեր էին դնում զատելու հեղափոխությամբ իշխանություն ստացած խմբի և իշխանություն ստանալու ցանկություն չունեցած կամ ունեցած, բայց չստացածների, ու արմատական բարեփոխումների, արդարության վերականգնման օրակարգեր ձևավորած ու այն թեժ պահողների միջև: Նպատակն էր՝ զատել իշխանավոր թիմին նրան աջակցած և իշխանության բերած հասարակական առաջադեմ խավին իրարից: Առաջադեմ ասելիս ի նկատի ունեմ նրանց, որ տարիներով պայքարում էին ժողովրդաիշխանության, պատասխանատու կառավարման, մարդու իրավունքների համար, պետության զավթման մակարդակի կոռուպցիայի, հանքահենության, անարդարության և այլ համակարգային չարիքների դեմ: Այս խմբում մի քանի տասնյակ, գուցե հարյուրավոր հասարակական կազմակերպություններ են, հիմնադրամներ, այդ թվում Բաց հասարակության հիմնադրամը: Այս խումբը բավականաչափ բաց և հրապարակային աշխատող խումբ է եղել և մնում, և՛ գործերով, և՛ ծրագրերով, և՛ գաղափարներով, և՛ հաշվապահությամբ, ոչ թե սև փողերով աշխատող կոյուղու պես, որոց փողերը, եթե Ալեն Սիմոնյանի իշխանությունը կամ իր մտերիմ Արթուր Վանեցյանը կամենար, վաղուց բացած, արևին փռած կլիներ, ոչ թե կասեր. «կանգ առ, Նիկոլ»: Ահա երկրում հրատապ և արմատական բարեփոխումները տապալելու անմարդկային ջանքեր ներդրած կոյուղին և դրա տերերը ջանացին-ջանացին և վերջապես հասան այնտեղ, որ Ալեն Սիմոնյանը ակամա սահման գծեց, ինչով զինվորագրվեց բարեփոխումները արգելափակող-արգելող դասսկին: Դա հաջողվեց հատկապես այն պատճառով, որ նոր իշխանությունը չկամեցավ պատշաճ վերաբերվել հասարակական գործիչների ու կազմակերպությունների հասցեին հնչող և թշնամանք հրահրող ամենալկտի վիրավորանքներին ու զրպարտություններին, ատելության ու մահվան քարոզին, որ ամեն օրուժամ օգտագործվում էր կոյուղու կողմից: Այդ վախկոտ անտարբերության հետևանքը եղավ այն, որ մի օր հենց Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին, երբ իրեն քրֆեցին փողոցում, իսկ մյուսներին իր պես վարվել չի կարելի՝ կդատեն: Կոյուղու հաչի հանդեպ իշխանության կրավորական լռությունը, որ ասես այդ ամենը Մոզամբիկում էր տեղի ունենում, և ոչ թե իրենց քթի տակ, իբր քիչ էր, ահա Ալեն Սիմոնյանի այս օրերի գրոհով վերաճեց կոյուղուն սատարման: Մարդը արդեն խոսում է մալյանաիսագուլյանաբազազական բառապաշարով, կոյուղին պիտի, որ գոհ լինի: Շնորհավոր, լավ լինեք իրար հետ: Եթե դա անհատական պոռթկում չէ և իշխանական ինչ-որ խմբում որոշում է կայացվել ձայնակցել արմատական բարեփոխումներ պահանջողներին քրֆողների խմբին, ուրեմն իրեն է վերապահվել այդ սահմանարարի անփառունակ դերը: Գուցե ինքն էլ չնկատեց, թե ոնց եղավ, որ այդպես եղավ: Երևի մի օր իր հարցազրույցում ատելության խոսքի բազմապատկումն ու իշխանությունը յուրացնելու մասի հայտարարությունը կհամարի զգացմունքային պոռթկում, բայց դա արդեն էական չէ: Չեղած տեղում կամ դատարկ տեղից կռիվ ելավ չեղած թշնամիների դեմ ու ահագին մարդու դասեց թշնամիների կողմում: Ոչ երկիրն է մանկապարտեզ, ոչ իշխանական համակարգը, չպիտի մոռանար, որ ինքը էն առաջվա Ալենը չէ, այլ պետություն ներկայացնող մեկն է արդեն, ու ոչ ոք չի ասելու՝ դե տղա էր, բան է ասել, անցած լինի: Ամեն ինչ հատուցում է ունենալու, սա ունիվերսալ օրենք է, և, եթե վերաբերելի է Սերժիկին, ուրեմն վերաբերելի է ե՛ւ ինձ, ե՛ւ Ալենին: Այստեղ դատախազությունն ու քննչական էլ չեն կարողանալու օգնել իրեն՝ զգայականի վրա գրել տալով իր սառը գլխով գրառումն ու հարցազրույցները: Հիմա, երբ արդեն գծել է սահմանը՝ արդեն իր թիմակիցները պիտի կողմնորոշվեն՝ գծի որ կողմում են, դրանից բխող բազմաթիվ հետևանքներով, երկարաժամկետ և կարճաժամկետ: Այդպես ավելի լավ կլինի բոլորիս համար: Էթիկայի հանձնաժողովը, առնվազն պիտի գնահատական տա՝ նորմալ է՞ ԱԺ փոխնախագահի համար այդ բառապաշարը, թե՞ անընդունելի: Երկարաժամկետ հեռանկարում երկու սցենար կա, կամ Ալեն Սիմոնյանը նկատում է իր վարմունքի սխալը և պատշաճ հայտարարում այդ մասին, ռեալպոլիտիկով, շնորհքով ներողություն խնդրելով ընթերցողներից ու նրանցից, ում վիրավորել է և, ոչինչ չի մոռացվում, կամ շարունակում է կոյուղու հետ զարգացնել անդունդ փորելու սրբազան գործը իրենց՝ իշխանության համասեփականատերերի ու մյուսների միջև, և էլի՝ ոչինչ չի մոռացվում: Այդ դրվագում թերևս արժե արձանագրել, որ կոյուղին կարողացավ բացահայտել Ալեն Սիմոնյանի թուլությունները: Փորձությունները մարդու համար են, նույնիսկ՝ ԱԺ փոխնախագահի: Վտանգավորն այդ թուլությունների դրսևորումն է երկրի համար անհամեմատ ճակատագրական հարցերում: Եթե Ալեն Սիմոնյանը զբաղված լիներ գազային ստրկական պայմանագրի, կամ երևանցիների, թեղուտցիների և այլոց ունեզրկման քննիչ հանձնաժողով ստեղծելու, անցումային արդարադատության հայեցակարգ գրելու կամ մշակելու, կուսակցությունների, ընտրությունների, կրթության և այլ կարևոր օրենքներ գրելու ծանր գործով, հաստատ հավես ու ժամանակ չէր ունենա կոյուղուց փչող հովերին տուրք տալու: Չտեսանք մի երկարաժամկետ ուղենշային, գաղափարական, հեռանկարային ծրագիր, որ խորհրդարանական երկրի խորհրդարանն ու իր նախագահությունը մշակեր, դներ հարակտուների առաջ, ասեր՝ կարդացեք և ասեք ինչն ենք սխալ արել ինչը կարգի բերենք: Ժամանակ չունեն, իհարկե, հո պարապ չեն: Անկախ այդ կամ այլ զարգացման սցենարներից, ակնհայտ է, որ ոչ հիմնադրամը, որ մեկ ուրիշը սեփական խոսքը հարգող մարդկանցից Ալեն Սիմոնյանին չի հակադարձելու այն նույն տոնայնությամբ, ինչ տոնայնությամբ ինքը համարձակվեց արտահայտվել մարդկանց մասին: Ոչ մեկը չի ասելու՝ «Ալեն Սիմոնյանն ում շունն է, որ ... », չի հակադարձելու այդպես, որովհետև տարրական բան է կանխակալ փոխադարձ հարգանքը այս մակարդակում, նաև՝ որովհետև իր մանդատը հավերժական չէ և Սերժիկի պես հանրությունից ծածուկ չի լինելու ոչ իշխան լինելու ընթացքում և ոչ էլ իշխան լինելուց հետո: Հիմա մի զավեշտական դրվագի մասին ԱԺ փոխնախագահի հարցազրույցից հետո, երբ ԲՀՀ-Հայաստան հիմնադրամի տնօրենը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունները քննել պաշտոնեական բարոյականության տեսանկյունից: Իմացա, որ նամակն ուղարկվել է սկանավորած՝ ԱԺ նախագահի էլեկտրոնային այն հասցեին, որ կա ԱԺ կայքում. Հաջորդ օրը այդ սկանավորված նամակը հրապարակել են մի քանի կայքեր: Անշուշտ նամակը ոչ գաղտնի էր, ոչ էլ գաղտնի էր մնալու, վերջը հրապարակվելու էր: Բայց զարմանալիորեն մեկ այլ կայք (newarmenia.am) պարզել էր և գրեց, որ «ԱԺ-ն դեռևս չի ստացել «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից դիմում՝ Ալեն Սիմոնյանի հարցն Էթիկայի հանձնաժողովում քննարկելու հետ կապված»: Ստացվում է, որ հրապարակվել է էլեկտրոնային կապով ուղարկված այն նամակը, որ հասցեատերը՝ ՀՀ ԱԺ նախագահը, դեռ չի ստացել: Սա նշանակում է, որ գողություն է տեղի ունեցել, այդ նամակը կամ գողացել են ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի համապատասխան պաշտոնյայի էլեկտրոնային փոստից կամ ԱԺ նամակների սպասարկող բլոկից, համակարգչից կամ, կամ՝ ԱԺ նախագահի էլեկտրոնային փոստից կամ կապի մատակարարից՝ ինչ-որ մի հնարքով: Լրատվամիջոցները պարտավոր չեն պատմել, թե ինչպես են ստացել այդ նամակը, բայց իշխանը և իշխանավորները պարտավոր են պարզել, թե ինչպես է նամակն առանց հասցեատիրոջն հասնելու հայտնվել դրսում: Ով կարող էր գողանալ այդ նամակը այն ուղարկելուց հետո և մինչև ԱԺ նախագահի կողմից այն ստանալը, կարող է պարզել միայն պաշաճ քննությունը: Սա ապացույց է այն բանի, որ ԱԺ նախագահին, որևէ պատգամավորի, ԱԺ իրավաբանական վարչության, կամ որևէ այլ սպասարկող անձնակազմի նամակները հեշտությամբ հասանելի են ում ասեք, հետո միայն բուն հասցեատերերին: Պատկերացրի՞ք: Այսինքն կա գոնե մեկը կամ մի խումբ, կամ մի մարմին, որը ապօրինի և լիակատար կերպով հսկում է ԱԺ էլեկտրոնային նամակագրությունը, պետք եղած ժամանակ հասցնում է իր ուզած լրատվամիջոցին կամ կոյուղուն, կամ մեկ ուրիշին: Հետո նոր ԱԺ պատգամավորը կամ նախագահը ստանում է իրեն հասցեագրված նամակը: Կայֆ է, չէ՞: Մոռացա, հիշեցնեմ, որ Ազգային Ժողովը ՀՀ գերագույն գլխավոր իշխանության մարմինն է: Այս զվարճալի թափանցիկությունը, թարսի պես տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներում. հոդված 251՝ համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), հոդված 254՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, հոդված 257՝ համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը: Իմ անգրագետ գնագատմամբ, էս զվարճալի թափանցիկության հետևանք է պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձին ուղղված նամակի հրապարակայնացումը, ինչպես նաև՝ այդ նամակը նրան չհասնելու փաստը, այսինքն՝ անգամ չհրապարակվելու դեպքում նման անձին ուղղված նամակի ստացման խափանումը հանդիսանում է հանցագործություն: Ձեր՝ Կինո Երևանի մայլի՝ մեծարգո Ալեն Սիմոնյանին և խեղճ Ջորջ Սորոսին ձեռքով բարևած մարդ Հ. Գ. Հայոց լեռներում Լոուրենս Պիտերի անմահ սկզբունքի ու իշխանավորների մամայականության/պապայականության համախտանիշի մասին՝ հաջորդ դասին, ընկերներ, դիմացեք»: |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
