Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Կայսրության նպատակը Բելառուսի վերջնական կլանումն է». Ռուբեն Շուխյան

«Կայսրության նպատակը Բելառուսի վերջնական կլանումն է». Ռուբեն Շուխյան
312
Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 03:25

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Բելառուսում ընթացող ներկայիս խաղաղ ցույցերը համեմատել է 1968-ի «Պրահայի գարնան» հետ, երբ Չեխոսլովակիայում ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ կոմունիստական բռնակալական ռեժիմից ազատվելու համար: Գուցե այստեղ ակնարկ կա, որ Ռուսաստանը կարող է նույն կերպ ճնշել Բելառուսի ցույցերը, ինչպես դա արեց ԽՍՀՄ-ը Պրահայում:

Հնարավոր է, բայց այդ դեպքում վերափոխումների պահանջի հրդեհը կարող է բռնկվել արդեն բուն Ռուսաստանում:

Դժվար է հիմա կանխատեսել, թե ինչպես կավարտվի ժողովրդական ընդվզումը բռնապետ Լուկաշենկոյի դեմ:

Տպավորություն է, որ մոլագար բածկան հիմա շատ հարմար է ռուսներին. կայսրության ողջ նպատակը Բելառուսի վերջնական կլանումն է, և հիմա սովետական կոլխոզնիկը շատ հարմար գործիք է՝ այդ ամենն ավարտին հասցնելու համար: Մի բան ակնհայտ է, քանի դեռ Բելառուսի ցույցերը չեն վերածվել մեկ առանձին բռնակալի դեմ պայքարից՝ բելառուսների ազգային-ազատագրական պայքարի, դժվար թե բելառուսների մոտ ինչ-որ բան ստացվի: Իրեն «հողահավաք» հռչակած Պուտինը երբեք չի հանդուրժի Բելառուսի կորուստը՝ դա իր ողջ մեծապետական համակարգի ուղղակի մահն է լինելու: Չմոռանանք, որ կա նաև Ուկրաինայի «կիսատ թողած» խնդիր: Այնպես որ, կարծում եմ՝ Կրեմլը մինչև վերջ գնալու է, և իրոք, դրա իրագործման համար չի խորշելու անգամ զորք մտցնել Մինսկ և այլ քաղաքներ:

Ակնհայտ է, որ ազգային ինքնության ընկալման զգացումը բելառուսների մոտ շատ թույլ է զարգացած՝ այս 150 տարիների ընթացքում ռուսական կայսերապաշտական քաղաքականության արդյունքում ամեն ինչ արվել է էթնիկ բելառուսներին ռուսացնելու համար: Տեսեք, թե ինչպես հանկարծ ընդվզեց պուտինյան մոլեռանդ քարոզիչ ընկեր Մարգոն՝ այն պահից, երբ նախագահական ընտրություններում իրականում հաղթած Տիխանովսկայան սկսեց խոսել անգլերեն, որովհետև բացի կայսրության սիմվոլը հանդիսացող ռուսերենից՝ իրենք ոչ մի այլ լեզու չեն հանդուրժելու Բելառուսում»: