Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Իշխող թիմը սկզբունքային երկու ընտրանք է ունեցել ՍԴ դատավորի թեկնածուի հարցում». Արման Բաբաջանյան

«Իշխող թիմը սկզբունքային երկու ընտրանք է ունեցել ՍԴ դատավորի թեկնածուի հարցում». Արման Բաբաջանյան
223
Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 16:45

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ իշխող թիմը երկու սկզբունքային ընտրանք է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում՝ առաջադրել հեղափոխական գործիչ, պայքարի բովով անցած մեկին կամ ամբողջությամբ անկախ մեկին, որը ոչ մի քաղաքական աֆիլիացիա չունի։

Խնդիրն այն է, որ իրականում այդ թեկնածուները չպետք է կապ ու առնչակցություն ունենան ոչ միայն իշխանության հետ, այդ թվում՝ չլինեն հեղափոխական պայքարի մարտիկներ, այլ նրանք նաև չպետք է գործառութային կապ ունենան որևէ մեկի հետ, այդ թվում՝ տարբեր քաղաքական, մերձքաղաքական, տնտեսական ու այլ էլիտաների։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվում են թեկնածուներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն ամենատարբեր շրջանակների, այդ թվում՝ նախկին իշխանությունների հետ, իսկ դա շատ, չափազանց վտանգավոր է, քանի որ մենք նախկին իշխանությունների ազդեցության տակ գտնվող ՍԴ-ն այսպիսով դնում ենք կրկին նույն շրջանակների ազդեցության տակ, այն տարբերությամբ, որ այդ ազդեցությունն իրականացվելու է այլ, նոր անուններով։

Տպավորություն ունեմ, որ սահմանադիր մարմինները Սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվում են ընդամենը նրանց կենսագրական տվյալներով, բավարար է՝ մեկը ունենա իրավաբանի կրթություն ու որոշակի ակադեմիական փորձառություն, որպեսզի դառնա ՍԴ դատավոր թեկնածու։ Մինչդեռ դրա համար զուտ կրթությունը բավարար չէ, ՍԴ դատավորը պետք է ունենա նաև քաղաքացիական կեցվածք, սկզբունքային դիրքորոշում, հստակ արժեբանական, գաղափարաբանական կողմնորոշում։ Այնինչ, մինչև այս պահն առաջադրված թեկնածուները զուրկ են նման որակներից, նրանք ընդամենն իրավաբանական կրթություն ստացած անձինք են, որպիսիք Հայաստանում հաշվվում են հարյուրներով, եթե ոչ հազարներով։ Դրան գումարած այն վտանգավոր իրողությունը, որի մասին ես արդեն նշեցի՝ կապը շատ որոշակի շրջանակների, այդ թվում՝ նախկին իշխանությունների հետ։

Այս թեկնածուների առաջադրմամբ մենք, ըստ էության, գլորվում ենք սահմանադրական տեղապտույտի մեջ, որի արդյունքում վերադառնալու ենք գործնականում այն նույն կետին, որից սկսել ենք սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը։ Այն տեխնիկական տարբերությամբ, որ նոր ճգնաժամում ՍԴ անդամներն ունենալու են այլ անուններ ու ազգանուններ»։