Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«F-16-ը ՀՀ օդային տարածքը խախտել է, բայց խորքեր չի մտել». Ա. Հովհաննիսյան

«F-16-ը ՀՀ օդային տարածքը խախտել է, բայց խորքեր չի մտել». Ա. Հովհաննիսյան
284
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 13:35

Ինչպես հայտել էինք, սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել էր ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը: ՀՀ ԱԳՆ-ն այսօր հաղորդագություն տարածեց՝ տեղեկացնելով, որ սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ. «Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ»: Ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանն անդրադառնալով տեղի ունեցածին, ասաց. «F-16-ի օդաչուներն ավելի փորձառու են, քան ադրբեջանական օդուժինը: Նրանք չեն մտնում Հայաստանի օդային տարածք և ոչ էլ՝ Արցախի: «Օդային տարածք» ոչ մասնագիտական է մի քիչ ընկալվում, բայց հենց կոնկրետ սահմանի երկայնքի վրա բարձրությունը չեն խախտում: Բայց էդպիսի գործելաոճի անհրաժեշտությունը չունեն, որովհետև հնարավորություն ունեն հեռահար միջոցներով իրենց խնդիրը լուծել»: Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ. հիմա խախտե՞լ է, թե՞ ոչ, ասաց. «Եթե հայտարարվել է, որ խախտել են, ուրեմն խախտել են... ՀՀ օդային տարածքի խորքեր գոնե չի մտել, խախտելու առանձին դրվագներ կարող են լինել... F-16-ի գործողությունների մարտավարության տեսանկյունից էդքան կարևոր չի օդային սահմանի խախտումը: ԱԳՆ-ն հավանաբար նկատի ունի՝ ֆիզիկապես կարող է չմտնել ՀՀ օդային տարածք, բայց հարվածը հասցնել ՀՀ օդային տարածքին... Միջազգային տեսակետից դա նույն ընկալումն ունի»: