«Տարիներ անց կգնահատենք, թե ինչ պատմական էջ գրեց հայ ժողովուրդը 2020 թվականին». Նարեկ Սարգսյան
281
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 06:10
Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բառերը իմաստ ունեն։ Այն ինչ կատարվում է հիմա, կոչվում ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ։ Եվ սա ո՛չ թե առանձին մարդկանց, ճակատում կռվող քաջերի, նահատակվող անմահների, իրենց հերթը ծանոթով առաջ գցող բազմահազար կամավորականների հերոսությունն է… ո՛չ, սա ո՛ղջ ժողովրդի հերոսությունն է՝ կանանց և տղամարդկանց, մեծերի և փոքրերի, լրագրողների և զինվորների՝ բոլորի, բոլորի, բոլորի, բոլորի, բոլորի։ Այն ինչ կատարվում է հիմա, մեզնից ո՛չ ոք ի վիճակի չէ լիովին հասկանալ։ Դեռ տարիներ պետք կգան, որ կարողանանք լիարժեք գնահատել, թե ինչ պատմական էջ գրեց Հայ ժողովուրդը 2020 թվականին։ Ես սա ասում եմ հիմա, երբ դեռ աստված գիտի, թե երբ կավարտվի պատերազմը… Որ պատերազմը հաղթելու ենք՝ կասկած չկա։ Որ թանկ գին ենք վճարելու՝ կասկած չկա։ Արդեն վճարել ենք։ Արդեն անմահացածներ ունենք։ Ես ո՞նց հասկանամ ծնողին, որը կարդում է, որ որդին զոհվեց սահմանին։ Մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա։ Բայց ես ասում եմ ձեզ, որ մեր նահատակների արյունով վաղը նոր կյանք է բացվելու։ Երբ ասում եմ «անմահացածներ», չե՛մ ասում դա որևէ մեկին սփոփելու համար։ Սու՛տ է, թե զոհվածի հարազատին կարելի է սփոփել։ Զոհվածի հարազատի սփոփանք չկա։ Ես ասում եմ «Անմահացած», որովհետև հայրենական պատերազմով մեր պետությունը դուրս է գալու արժանապատվության և պաշտպանվածության բոլորովին այլ մակարդակի։ Այլ կերպ ասած՝ մենք մեռնում եք, որ մեր երեխաները ապրեն։ Մենք զրկանք ենք կրում, արյուն ենք թափում, ամեն ինչ տալիս ենք, որպեսզի մեր երեխաների սերունդը բոլորովին այլ մակարդակի անվտանգության և արժանապատվության մեջ ապրի։ Այո՛, պատերազմը մեր ընտրությունը չէ՛։ Այո՛, մենք չենք ուզել պատերազմել։ Բայց ինչպես մարդկային ճակատագրերում, պետությունների պատմության մեջ նույնպես պատահում է, որ դու չես ուզում մի բան, բայց երբ ստիպում են գնալ այդ ճանապարհով, նետվում ես կատաղի պայքարի և արդյունքում այլ որակի պետություն ես դառնում։ Ես ասում եմ ձեզ նաև, որ այս պատերազմը մենք նսեմացրած կլինենք, եթե ասենք, թե սա կյանքի-մահու պատերազմ է։ Ո՛չ բարեկամներ։ Սա արժանապատվությա՛ն պատերազմ է, սա ազա՛տ կյանքի իրավունքի պատերազմ է, սա ինքնիշխան պետությա՛ն պատերազմ է, սա միջազգային սուբյեկտ լինելու՛ պատերազմ է, սա հարգանք պարտադրելու՛ պատերազմ է։ Սա ազգային ինքնաճանաչողության պատերազմ է։ Մեկ խոսքով՝ սա հայկական պատերազմ է։ Պատերազմից հետո, երբ էլ այն ավարտենք, մենք այլևս չենք լինելու այն, ինչ էինք պատերազմից առաջ։ Հայաստանի քաղաքացին այլևս նախկինը չի լինելու։ Ասում եմ ձեզ նաև. եթե մեր պետական, մշակութային և հոգևոր հայրերը տեսնեին սա, տեսնեին, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը արժանապատվություն կերտում, եթե իրենց ականջով գոնե մի անգամ լսեին հաղորդագրություն. «Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»՝ խոսքեր, որ մեր ականջի համար դառել են սովորական, բայց խոսքեր, որ մեր պապերը սերունդներով երազել բայց չեն լսել, նրանք կասեին մեզ. «Երանի ձեր աչքերին, որ տեսնում եք այն, ինչ մենք չտեսանք։ Եվ երանի ձեր ականջներին, որ լսում եք այն ինչ մենք չլսեցինք։ Եվ երանի ձեր սերնդին, որ գրում եք այն պատմությունը, որը մենք չհասցրեցինք գրել»»։