«Ինչպե՞ս է շարունակվելու և ինչո՞վ է ավարտվելու այս մղձավանջը». Նարեկ Սարգսյան
841
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 00:00
Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ։ Ինչ եղավ, ինչու եղավ և ինչ կլինի վաղը (տրամաբանական վերլուծություն երկշաբաթյա արհավիրքից հետո) Ի՞ՆՉ ԵՂԱՎ։ Ուղիղ ասեմ՝ այս պատերազմը տարածաշրջանի, հատկապես Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար վատագույն բանն էր, որը կարող էր տեղի ունենալ։ Արդեն իսկ եղած կորուստները վերականգնելու համար տարիներ են պահանջվելու։ Իսկ եթե պատերազմը երկարի (որի հավանականությունը կնկարագրեմ ներքևում), հետևանքների վերացումը կարող է տևել տասնյակ տարուց ավելի։ Մարդկային կորուստները արդեն իսկ ահռելի են։ Տնտեսական և գույքային կորուստները հաշվվում են հարյուրավոր միլիոն դոլարներով։ Ռազմական կորուստները՝ հատել են միլիարդ դոլարի սահմանը։ Որ սա տարածաշրջանային մասշտաբի ահավիրք է, երկու կարծիք լինել չի կարող։ «Արդյո՞ք հնարավոր էր կանխել արհավիրքը» հարցը ինքնին սխալ է։ Ճիշտ հարցը հետևյալն է. «Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կարող էր դիվանագիտական միջոցներով կանխել Ադրբեջանի հարձակումը»։ Ես պնդում եմ, որ այս հարցի պատասխանն է. «Ոչ»։ Լրագրող Թաթուլ Հակոբյանը (մի մարդ, որի պրոֆեսիոնալիզմով և անաչառությամբ հիանում եմ ամեն օր) իր հարցազրույցում հետևյալ միտքն է արտահայտում, ասում է, որ ս.թ. հուլիսին տավուշյան բախման ժամանակ Ադրբեջանին պետք էր դեմքը փրկելու հնարավորություն տալ։ Ասում է, որ դրանով այս պատերազմը իհարկե, չէր կանխվելու, բայց եթե կար թեկուզ մեկ տոկոս հավանականություն, ուրեմն պետք էր օգտագործել այդ մեկ տոկոսը։ Սակայն Թաթուլ Հակոբյանը չի ասում երկու բան. Առաջին՝ կոնկրետ ի՞նչ պիտի աներ Հայաստանը՝ Ադրբեջանին դեմքը փրկելու հնարավորություն տալու համար. այդ բանը պիտի լիներ ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական մակարդակում։ Եվ երկրորդ, որտեղի՞ց այն վստահությունը, որ քայն անելուց հետո այդ մի տոկոսը հավանականությունը ոչ թե կնվազեցներ Ադրբեջանի հարձակման հավանականությունը, այլ կավելացներ այն։ Ո՞վ ունի այդ վստահությունը։ Թաթուլ Հակոբյանն ասում է նաև, որ եթե չկար բանակցային փաստաթուղթ, ապա պետք էր ոչ թե հայտարարել, թե չկա, այլ, կոպիտ ասած «հորինել» ինչ-որ փաստաթուղթ, քանի որ դա նույնպես կարող էր թեկուզ մազաչափ պակասեցնել արհավիրքի հավանականությունը։ Այստեղ էլ հարց է ծագում՝ կոնկրետ ի՞նչը կխանգարեր Ադրբեջանին և Թուրքիային գնալ պատերազմի՝ թեկուզ բանակցային փաստաթղթի առկայության պարագայում՝ մի՞թե նրանք չէին կարող հազար պատճառ հորինել՝ նախահարձակ լինելու համար։ Ակնհայտ է, որ կարող էին։ Մի՞թե 2016 թվի ապրիլյան սրացման ժամանակ փաստաթուղթ չկար։ Իհարկե կար։ Այլ հարց. արդյո՞ք փաստաթղթի առկայությունը միջազգային բավարար ճնշում էր լինելու Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի վերջինս հարձակում չսկսի։ Իմ կարծիքով՝՝ ոչ։ Մեկ այլ հարց. դիցուք Նիկոլ Փաշինյանը բանակցային սեղանին ասել է, որ ոչ մի թիզ հող չի զիջելու։ Բայց եկեք պատկերացնենք, որ հայտարարվում էր հակառակը՝ որ Ադրբեջանին է հանձնում 5 շրջան, փոխարենը չստանալով ոչինչ, դա կանխելու՞ էր պատերազմը։ Իմ կարծիքով՝ ո՛չ։ Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանի հարձակումը պայմանավորված չէր ո՛չ բանակցային թղթի առկայությամբ կամ բացակայությամբ, ո՛չ դեմքը փրկած լինել-չլինելու հանգամանքով, ո՛չ Հայաստանի անզիջում կամ զիջողական կեցվածքով, այլ գլխավորապես, այն վստահությամբ, որ հարձակվելու դեպքում կարողանալու էր գրավել ողջ Արցախը կամ Արցախի մի զգալի մասը։ Այդ վստահությունը Ալիևին տվել էր Թուրքիան՝ իր հսկայական քաղաքական և ռազմական աջակցությամբ։ Գումարեք դրան Ադրբեջանում սպասվող ընտրությունները։ Սա ամիսներով պլանավորված և մանրակրկիտ հաշվարկված բան էր և ես պնդում եմ, որ այս պատերազմը կանխելն անհնար էր։ Կամ, այլ կերպ ասած՝ Հայաստանի իշխանությունը չէր կարող կանխել այն։ Ադրբեջանի ռազմավարական նպատակի մասին կարծիքս գրել եմ։ Մաքսիմալ նպատակ՝ գրավել Ղարաբաղը և Սյունիքի մի մասը՝ ստեղծելով ցամաքային կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ վերջ դնելով հայկական գործոնին։ Մինիմալ նպատակը՝ գրավել Ղարաբաղի շրջաններից մի քանիսը և բանակցային գործընթացում հասնել Հայաստանի կողմից միակողմանի զիջումների։ Իսկ ո՞րն է Ադրբեջանի մարտավարությունը։ Ադրբեջանի մարտավարությունը ես կանվանեի «Բոլոր կոճակները սեղմելու մարտավարություն», որի իմաստն այն է, որ Ադրբեջանը բաղձալի նպատակին հասնելու համար կանգ չի առնում ո՛չ մի բանի առաջ։ * Ադրբեջանը կանգ չի առնում մարդկային կորուստների առաջ։ Եթե մի կարևոր կամ կիսակաևոր բարձունք գրավելու համար պետք է զոհել մի քանի հարյուր զինվոր, զոհում է։ Եթե քարոզչական նյութ ունենալու համար էլիտար խմբավորումը պետք է տանել 100 տոկոսանոց մահվան, տանում է։ Մարդկային կորուստները մանրադրամ են այդ երկրի համար։ Գլխավորը քաղաքական նպատակն է։ * Ադրբեջանը կանգ չի առնում ռազմատեխնիկական կորուստների առաջ։ Նույնիսկ եթե ռազմական առումով խելագարություն է կորցնել 100 միավոր տանկ, որպեսզի 2 կմ խորանաս հակառակորդի տարածքում, այդ տանկերը գրոհում են։ Եթե պետք է կորցնել 10 ինքնաթիռ, կորցնում է։ Կարևորը գրաված մետրերն ու բլուրներն են՝ թե ինչ կատաստրոֆիկ գին է դրա համար վճարվում, երկրորդական է։ * Ադրբեջանը կանգ չի առնում փողի կորստի առաջ։ Բաղձալի նպատակին հասնելու դեպքում Ալիևի կոռուպցիոն սխեմաներն առաջիկա տարիներին իրեն բերելու են այնպիսի հեքիաթային հարստություն, որ եթե նույնիսկ մարդկային բանականությունն ասում է, որ խելագարություն է ծախսել այդքան շատ փող այդքան քիչ արդյունքի համար, այդ փողը միևնույն է, ծախսվում է։ * Ադրբեջանը կանգ չի առնում միջազգային վարկանիշի կորստի առաջ։ Սա հատուկ է բռնապետական երկրներին։ Եթե երկրում չկա ազատ-թափանցիկ ընտրություն, ապա միջազգային վարկանիշը երբեք առաջնային չի կարող լինել, քանի որ այդ վարկանիշը չի ազդում ամենակարևոր բանի՝ իշխանություն պահելու վրա։ * Ադրբեջանը կանգ չի առնում սեփական ժողովրդի հիմնարար իրավունքները վերջնականորեն ոչնչացնելու վրա՝ 21-րդ դարում այդ ժողովրդին արգելելով ստանալ պարզ լրատվություն և մնացած ամեն ինչ, ինչը կխոչընդոտի նպատակի իրականացմանը։ * Ադրբեջանը փորձում է տարածք գրավել բոլոր հնարավոր ու անհնար ձևերով։ Շեշտը դնում է մե՛կ մասսայական ցամաքային գրոհների վրա, մե՛կ ԱԹՍ-ների վրա, մե՛կ դիվերսիոն ներթափանցումների վրա, փորձում է հյուծիչ պատերազմ վարել, հրադադար է խախտում, կատարում է պատերազմական հանցագործություններ, ահաբեկում և սպանում է խաղաղ բնակչությանը, հարվածում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերին, կատաղի ինֆորմացիոն քարոզչություն է վարում, կաշառում է միջազգային կառույցներին…Կարճ ասած՝ Ադրբեջանը սեղմում է բոլոր այն կոճակները, որը հնարավոր է սեղմել, միայն թե հասնի բաղձալի նպատակին։ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՆԸ։ Միգուցե զարմանաք, բայց ես չեմ հավատում «Թուրք – ադրբեջանական եղբայրության» հեքիաթին։ Քաղաքականության մեջ եղբայրություն չի լինում նույնիսկ արյունակից ազգերի միջև։ Թուրքիան ունի շատ կոնկրետ տնտեսական և քաղաքական նպատակներ։ Տնտեսական առումով Թուրքիան Ադրբեջանում ունի շահեր էներգետիկ ոլորտում։ Իսկ քաղաքական առումով Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապը առաջին հերթին Թուրքիայի դարավոր երազանքն է, հետո նոր Ադրբեջանի։ Սրան գումարեք տարածաշրջանային ամենակարևոր խաղացողը դառնալու Էրդողանի անթաքույց ձգտումը և կստանաք Թուրքիայի գործողությունների դրդապատճառների իրական պատկերը։ Եթե Թուրքիան Ղարաբաղում չունենար իր շահերը, ապա ո՛չ մի «Եղբայրություն» նրան չէր ստիպի հանուն Ադրբեջանի՝ այդքան քաղաքական ու ռազմական ռեսուրս ծախսել։ Լավագույն դեպքում, այդ օգնությունը կարտահայտվեր արտ. գործ նախարարի «խրոխտ» հայտարարությամբ, բայց՝ ոչ ավելին։ Կրկնում եմ, իմ խորին համոզմամբ Թուրքիային և Ադրբեջանին միավորում է ո՛չ թե «եղբայրությունը», այլ ընդհանուր շահը։ Եվ երբ այդ ընդհանուր շահը այլևս չլինի, «եղբայրության» մասին թուրքերը կմոռանան ավելի շուտ, քան որևէ հայ կյանքում կարող է երազել։ ... Ինչպե՞ս է շարունակվելու և ինչո՞վ է ավարտվելու այս մղձավանջը։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները պատասխանատու են իրենց ժողովրդի առաջ, մեզ համար մարդկային կյանքը թանկ է և մեր իշխանությունները հետաքրքրված են ո՛չ թե փողով, այլ երկրի անվտանգությունը պաշտպանելով։ Հետևաբար, ես կարծում եմ, որ «պատերազմը երբ կդադարի» հարցի փոխարեն պիտի հարցնենք «Ադրբեջանը ե՞րբ կդադարի հարձակվել»։ Այստեղ կա երեք սցենար։ Սցենար 1 . Ադրբեջանը առաջիկա օրերին դադարեցնում է հարձակումը, ակտիվ մարտեր այլևս տեղի չեն ունենում և սկսվում են բանակցություններ։ Իմ կարծիքով, սա քիչ հավանական է, որովհետև այս պահին Ադրբեջանի ղեկավարը չունի այնպիսի ռազմավարական հաջողություն, որը կկարողանա «վաճառել» սեփական ժողովրդին՝ այդպիսով արդարացնելով իր ահռելի կորուստները։ Հարցն այն է, որ եթե չկան գրավված շրջաններ, ապա այդ փաստը ամիսներով հնարավոր չէ կեղծել նույնիսկ Ադրբեջանում։ Մյուս կողմից, ես չեմ տեսնում որևէ միջազգային ճնշման լծակ, որը այս պահին կարող է զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական գործողությունները։ Իմ խորին համոզմամբ, այդպիսի լծակ կարող է բանեցնել միայն Ռուսաստանը, քանի որ ո՛չ Եվրոպան, ո՛չ Ամերիկան հանուն Ղարաբաղի իրական հակաթուրքական քայլեր չեն ձեռնարկի (թե ինչո՞ւ, դա այլ, շատ երկար թեմա է)։ Բայց ես այս պահին Ռուսաստանի կողմից չեմ տեսնում այդպիսի լծակ բանացնլու ջանքեր՝ ինչպես 2016-ին։ Ջանքերը կան, իհարկե, բայց իմ կարծիքով, այս պահին՝ հոկտեմբերի 11-ի դրությամբ, դրանք այնքան չեն, որ պատերազմի վերջնական դադարը հավանական լինի։ Սցենար 2. Պատերազմը միառժամանակ շարունակվում է։ Իմ կարծիքով, սա ամենահավանական տարբերակն է։ Բանն այն է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, չնայած հսկայական կորուստներին, դեռ չի կորցրել այս պատերազմում մեկ կամ մի քանի շրջան գրավելու հույսը։ Եթե դրան գումարենք նոր հարվածային ԱԹՍ-ների ներմուծելու, բանակը վերակազմավորելու տեղեկատվությունը և հիշենք 90-ականների փորձը, ապա առաջիկա օրերին Ադրբեջանի է՛լ ավելի ինտենսիվ հարձակումը ինձ թվում է ամենահավանական սցենարը։ Սցենար 3. Պատերազմը շարունակվում է երկար ամիսներ և ընդհուպ՝ տարուց ավելի։ Իմ կարծիքով, սա քիչ հավանական է, մի շարք պատճառներով. ա) Կողմերը ծախսում են այնպիսի ահռելի ռեսուրսներ, որ երկար դիմանալը շատ դժվար է, բ) Ինչ-որ պահից սկսած ադրբեջանական իշխանությունների համար ռեալ ձեռքբերումներ չունենալը ավելի վտանգավոր է իշխանություն պահելու տեսանկյունից, քան այս վիճակով պատերազմը դադարեցնելը, գ) Ինչքան պատերազմը երկարի, այնքան միջազգային ճնշումը ավելանալու է։ Եթե այդ ճնշումը զգալի չէ այսօր, վաղը կարող է դառնալ զգալի։ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ։ Քաղաքականության մեջ կան իրողություններ։ Անկախ նրանից՝ մեզ դա դուր է գալիս, թե չէ, մենք պարտավոր ենք ընդունել դրանք։ Եթե չընդունենք, կնմանվենք ջայլամի։ Եթե նմանվենք ջայլամի, մի օրում կարող ենք կորցնել այն, ինչը մեր հարյուրավոր զոհված եղբայրները, հազարավոր հերոսները կերտել են վերջին շաբաթների ընթացքում։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կա իրողությոին, որը հետևյալն է. խնդիրը լուծվելու է ռուսական միջնորդությամբ։ Ուղիղ ասած՝ Ռուսաստանն է լինելու խնդիրը լուծողը։ Ռուսաստանը դա անելու է ո՛չ թե հանուն Հայաստանի կամ հանուն Ադրբեջանի, այլ՝ հանուն Ռուսաստանի։ Ռուսաստանի մասին խոսելիս ես հատուկ չեմ օգտագործում «Հաշտարար» բառը՝ զգացմունքները չսրելու համար։ Բայց ասում եմ՝ Հայ-ադրբեջանական կողմերից ո՛ր մեկը դեմ գնաց ռուսական ազդեցությանը կամ չնկատելու տվեց դա, այլ խոսքով ասած՝ կողմերից որ մեկը դիմեց «ջայլամության», այդ կողմը տուժելու է։ Ադրբեջանը 90-ականներին արել է այդ բանը և դառնորեն պատժվել։ Մենք այդ բանը իրավունք չունենք անելու։ Եթե մենք հերքենք ռուսական ազդեցությունը, դա ամենամեծ նվերը կլինի Ադրբեջանին։ Եթե Ադրբեջանը հերքի, ամենամեծ նվերը կլինի մեզ։ ԵՎ ՎԵՐՋՈՒՄ Պատերազմը վաղ թե ուշ դադարելու է։ Ղարաբաղյան հարցը լուծվելու է փոխզիջումներով։ Դիվանագիտական մակարդակում երկու կողմերն էլ գնալու են ցավագին զիջումների։ Իսկ թե ով՝ ինչքա՞ն ցավագին՝ որոշվելու է ռազմաճակատում։ Ահա սա է, իմ կարծիքով ներկա իրավիճակի համապարփակ պատկերը»։