Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Եթե ուզում ենք այս պարտքի տակից ինչ-որ մի օր դուրս գալ, երբեք չպետք է արտագաղթենք». Նարեկ Սարգսյան

«Եթե ուզում ենք այս պարտքի տակից ինչ-որ մի օր դուրս գալ, երբեք չպետք է արտագաղթենք». Նարեկ Սարգսյան
329
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 03:05

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վերադարձա Արցախից, սա երրորդ Արցախ գնալս էր պատերազմի սկսվելուց ի վեր: Առաջին անգամ մոտիկից լսեցի մեր հրանոթների ձայնը, մեկուկես օր շարունակ պատերազմի ձայնը չդադարեց, հասա Երևան ու լսեցի, որ ռմբակոծվում է Ստեփանակերտը...
Արցախում լսեցի սարսափազդու ու հերոսական շատ պատմություններ: Գրեթե ոչինչ չլուսանկարեցի:
Մեր 18-20 տարեկանները իրոք որ առյուծի ձագեր են: Կարծում եմ, որ բոլոր ծնողները, որոնց որդիները ռազմաճակատում են, պիտի ոչ թե անհանգիստ, այլ հպարտ իրենց գլուխները դնեն բարձերին:
Երևանում նստած մենք հեռավոր պատկերացում իսկ չունենք պատերազմի մասին: Երեկ, երբ մոտիկ տեղից առաջին պայթյունը լսեցի, արյունը սառեց երակներիս մեջ, կարծեցի վերջս եկավ: Բայց դա «սովորական» հրանոթի «սովորական» կրակոց էր, որից նույնիսկ Արցախի կենդանիները գլուխները չեն բարձրացնում… Ես երեկ զգացի, թե ինչպես եմ քայլ առ քայլ հաղթահարում վախս: Ես վախկոտ մարդ եմ՝ համեմատած մեր 18-20 տարեկան առյուծի ձագերի հետ: Ես ապրել եմ փափկասուն կյանքով, ինձ համար կյանքը շատ թանկ է, բայց փորձում եմ հաղթահարել վախս ու երևի ինչ-որ պահի կստացվի մոտս: Համենայն դեպս «Հոգով-սրտով ձեզ հետ ենք»-ին ես չեմ հավատում: Զինվորի հետ է միայն նա, ով խրամատում է զինվորի կողքին: Թիկունքում մեր գործը երևի շատ կարևոր է, բայց դա համեմատելի չէ զինվորների սխրանքի հետ:
Պատերազմը ինձ հանդիպեցրեց մարդկանց հետ, որոնք այնքան հայրենասեր են, որ իրենց համեմատ իմ հայրենասիրությունը ինձ թվում է տուզիկ հայրենասիրություն: Այդ մարդկանց հայրենասիրությունը անկեղծ, կատաղի, վճռական, համեստ, իրական հայրենասիրություն է: Դա իրոք հողին կառչած ու ամեն քարի գինը իմացողի հայրենասիրություն է: Մարդիկ կան՝ կռվում են ընտանիքներով: Բառացիորեն ընտանիքներով: Հիմա ես գիտեմ, թե ինչքան երկար ճանապարհ ունեմ անցնելու, մինչև դառնամ այնպիսի մարդ, որ ինքս ինձնից չամաչեմ: Ես կփորձեմ այդ ճանապարհը անցնել՝ հեկեկալով, վախով, տանջանքով, ինքս ինձ հաղթահարելով...
Այսուհետև ես իմ սրտում ես գիտեմ մի բան, որը չէի իմանա, եթե չլիներ այս պատերազմը: Մենք պարտական ենք հազարավոր զինվորների, որոնց չենք ճանաչում, իրական հերոսների, որոնց հերոսի կոչում երբեք չեն տալու, կատաղի կռվող իրական հայրենասեր քաջերի, որոնք զոհվել են և որոնց հուղարկավորությանը չենք մասնակցելու: Մենք պարտական ենք մեր կողքին ապրող ինչ-որ մի տաքսիստի կամ ինժեների որը անցել է ամբողջ կռիվը, բայց դրա մասին երբեք չի խոսելու: Մենք պարտական ենք խոնարհ հերոսների, որոնք ապագայում ամաչելու են նույնիսկ ասել, որ մասնակցել են պատերազմին: Պատերազմից հետո շարունակելու են իրենց առօրյա գործը՝ արդեն վատթարացած առողջությամբ, հոգեպես ու ֆիզիկապես կես մարդ դարձած, բայց պարտքի զգացումը չկորցրած:
Մենք շատերին ենք պարտական, որոնց չենք տեսնելու երբեք, կամ տեսնելիս չենք իմանալու որ իրենք են: Եվ եթե ուզում ենք էդ պարտքի տակից ինչ-որ մի օր դուրս գալ կամ գոնը պարտքը չմեծացնել, պիտի ինքներս մեզ խոստանենք, ամեն մեկս մեր մեջ, որ ինչ էլ լինի, ինչ էլ պատահի, երբեք չենք արտագաղթելու այս երկրից: