Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իրական գյոռբագյոռ». Էդգար Էլբակյան

«Իրական գյոռբագյոռ». Էդգար Էլբակյան
411
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 02:05

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք մեր նախնիների մասունքներն են։ Թվագրվում են ամենաուշը 18-րդ դարասկզբով։ Վայրը՝ Քաշաթաղի շրջան՝ գյուղ Հոչանց (Ղոչազ)։
• Անցյալ տարվա հունիսին, երբ Պարգև Սրբազանի ձեռամբ պիտի վերաօծվեր Հոչանցի սբ․ Ստեփանոս եկեղեցին, Քաշաթաղի կենդանի պատմագիր Զոհրաբ Ըռքոյանի հետ մեկ օր առաջ գնացինք՝ կազմակերպչական աշխատանքները հոգալու։ Տեսանք, որ անփույթ շինարարության արդյունքում եկեղեցուն հարակից ուշմիջնադարյան հայոց գերեզմանոցում ամփոփված ոսկորները հողի երես են ելել։ Դա լինում էր երկրորդ անգամ, քանզի սովետական տարիներին էլ ադրբեջանցիներն էին քանդել գերեզմանոցը՝ տեղը հացի փուռ սարքելով։ Պարոն Ըռքոյանի հետ հավաքեցինք առավել մեծ և աչքի զարնող ոսկորները և «թաղեցինք» եկեղեցու պատի տակ (տե՛ս նկարը)…
• ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության արդյունքում վաղն այս տարածքը՝ մեր նախնյաց անհանգիստ մասունքների հետ միասին, կօկուպացվի Ադրբեջանի ԶՈՒ կողմից։

Հ․Գ․ Շատերդ էիք պատերազմի ընթացքում հարցնում «գյոռբագյոռ» բառի ստուգաբանությունը։ «Գյոռբագյոռ լինելը» հենց սա է, երբ քո կամ սերունդներիդ մեղքերի պատճառով մասունքներդ հանգիստ չեն ունենում և գերեզմանե գերեզման են սահում»։