Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Խառատյանները վատն են, դրանում ուդիները մեղք չունեն: Խառատյաններն ուդի չեն Առավոտյան ստացա Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գրառումը իմ և ընտանիքիս, բայց որ անհամեմատ կարևոր է՝ ուդիների մասին: Հայ առաքելական եկեղեցու վարդապետը գրում է. «Այսօր հեռաձայն ստացա Գերմանիայից: Այնտեղ բնակվող հայաստանաբնակ հայերից մեկը, հարց էր բարձրացնում, թե Հրանուշ Խառատյանը, որն իրեն դրել է ժողովրդավարության, խոսքի ազատության, խղճի ազատության մունետիկի տեղ և հայկական կյանքում ամեն ուր քննադատութայան սուր է ճոճում հանուն արդարության, որպես Ուդի ժողովրդի դուստր, ինչու արդարության իր ձայնը չի բարձրացնում իր ազգական ուդիների, Դադի վանքի զավթման ոտնձգությունների դեմ: Թերևս այս հարցի պատասխանը տա Խառատյան եռյակը՝ մայրը, տղան և աղջիկը: Ուդիների կատարած ոտնձգությունների դեմ ինչու ձեր ազգակիցներին չեք քննադատում այնպես, ինչպես Հայաստանում եք աջ ու հայակ սուսերաշարժությամբ զբաղվում: Թե ազգակից ուդիներին ամեն բան կարելի է, իսկ ոչ ազգակից հայերին՝ ոչ»: Տասնյակ անգամներ ասել եմ, գրել եմ, որ ուդի չեմ, հայ եմ, և եթե որևէ մեկին վրդովում է հայ լինելուս փաստը, չեմ կարող ամոքել նրա ցավը: Բայց խնդիրը սա չէ, բուն խնդիրը որևէ բան իմանալու, հետազոտելու իրավունքի սահմանափակման ցանկությունն է: «Եթե ուդի չես, ինչու՞ ես ուդիների հետազոտությամբ զբաղվում»՝ սա է բուն մեղադրանքը: Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետին ստիպված եմ տեղեկացնել, որ ուդիները պատմականորեն, առնվազն 1700 տարի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ էին և նրանց պահպանված փշրանքների մեծ մասից նրանք, որոնց չեն կարողացել իսլամացնել, շարունակում են մնալ Հայ Առաքելական Եկեղեցու հտևորդներ: Նույնիսկ բռնի իսլամացման շրջանում նրանք դա վավերացնում էին իրենց տապանագրերում: Ահա միայն երկու նմուշ դրանցից. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԶԱՌԱՄԵԱԼ ԾԵՐՈՒՆԻՆ ԻՇԽԱՆ ՆԻԺԵՑԻՈՑ ՊՈՂՈՍ ՄԱՏԹԵՈՍԵԱՆԻՆ. ԼՈԿ ԱՍՎԻ ԱՆՈՒՆԻՍ ԱՇԽԱՐՀԻՆ. ԱԶԿԱՒ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՈՒՏԻԱԽՈՍ ՑԵՂԻՆ. ՁԳՈՂՆ Է ՏԱՊԱՆԱՔԱՐԻՍ ՄԻՆԱՍ ԹՈՌՆ ՍՈՐԻՆ. ՎԱԽՃ 1877 ԱՄԻ 3 ՄԱՐՏԻ» «ԱՍՏ ԱՄՓՈՓԵԱԼ Ի ՇԻՐՄԻ ՀԱՆԳՉԻ ՄԱՐՄԻՆ ՄԱՀՏԵՍԻ ԱՒԱՆԻՍ ՆԻԺԵՑՒՈՅ ՊՈՂՈՍԵԱՆ ԴԱԼԼԱՔԵԱՆՑ ՈՒՏԻԱԽՈՍ ՑԵՂԻՍ ԾԱՌԱՅ ՔԻ ՀԱՅ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՐՄԵՆ ՏԱՐԱՆՈՂԻՍ ՎԽՃԼ ՍՊԱՍԵՄ ՅԱՐՈՒԹԻԱՆ ԿՈՉՈՂ ՄԱՀՎԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՍ ՈՎ ՀԱՆԴԻՊՈՂՔ ՏԱՊԱՆԻՍ ՀԻՇԵՍՋԻՔ ԶՈՂՈՐՄԻՍ 1834 92 ԱՄԻ»: Այս տապանագրերը և տասնյակ ուրիշներ լուսանկարել եմ 1986թ.: Հոդվածներ եմ գրել դրանց մասին (օրինակ՝ Խառատեան Հ. 2000, Ուդիների էթնօ-Եւ Դաւանական ինքնապատկանելութեան Որոշ Հարցեր (ԺԹ.-Ի. դդ), Հայկազեան հայագիտական հանդէս, Ի. Հատոր, Պէյրութ, էջ 183-206; 67. Խառատեան-Առաքելեան Հ. 2010, Ուդիների կրօնը եւ Հաւատալիքները ԺԹ.-Ի դարերում, «Հանդես Ամսօրեայ», ՃԻԴ տարի (CXXIV), Վիեննա-Երեւան, «Մխիթարեան հրատարակչատուն», Էջ 435-495; Խառատեան Հ. 2010, Եղիշե առաքեալի, Գրիգորիսի եւ Կովկասեան Աղուանքի քրիստոնեացման հարցի շուրջ (Կովկասյան Աղուանքի հին կրկնագիր-ձեռագրի վերծանության հրատարակության առիթով) (The Caucasian Albanian Palimpsest of Mount Sinai, 2008 Brepols Publishers n.v., Turnhaut (2 volmes), Jost Gippert, Wolfgang Shulze, Zaza Aleksidze, Jean-Peerre Mahe), Բազմավէպ, Հայագիտական-բանասիրական-գրական հանդէս, ՃԿԸ տարի, թիւ 1-2, Վենետիկ-Ս.Ղազար, էջ 19-75; Խառատյան Հ. 2015, Քրիստոնեությունը բուն Աղվանքում զարգացած միջնադարում, «Հայաստանը եւ Քրիստոնյա Կովկասը», Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 106-120; Харатян Г. 2019, Удины в восточно-христианском мире: динамика локализации, идентификации, самоидентификации удин-христиан, Актуальные вопросы изучения христианского наследия Востока: сборник статей по материалам международной конференции (Сергиев Посад 15 ноября 2017), Издательство «МДА» (Московская Духовная Академия), Сергиев Посад, էջ 149-200 ևլն): Եթե Ադրբեջանում դեռ լիովին չեն ոչնչացրել ուդիական առկայության նյութական մշակույթի նմուշները, դրանք դեռ տեղում պիտի լինեն: Մի շարք հոդվածներ եմ գրել հայերի հետ փոխկապակցված ուդիական ցեղասպանության մասին, այդ թվում Հայոց ցեղասպանության 90-րդ և 100-րդ տարելիցերին (օրինակ՝ Խառատյան Հ. 2005, Ուդիների ոդիսականը 18-19դդ. (Պատմությու՞ն, էթնիկ գոյատևու՞մ, ինքնահաստատու՞մ), «Հայոց Մեծ Եղեռն-90», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, էջ 118-171; Харатян Г. 2015, Официальные этно-демографические показатели в Азербайджане в контексте поиска и кризиса идентичности азербайджанцев. Удины: крах всех усилий самосохранения, Москва, издательство «Центриздат», 136 էջ): Խնդրել-աղաչել եմ Ամենայն հայոց կաթողիկոսին և Ռուսաստանի թեմի եպիսկոպոսին՝ փորձել ուշադիր լինել 1988-89թթ. Ադրբեջանից Ռուսաստան փախած, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ուդիների նկատմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է Ադրբեջանը քաղաքական շահարկումների ենթարկում նրանց: 2019թ. սեպտեմբերի 4-ին ծավալուն դատապարտում եմ գրել Ադրբեջանում մի բուռ մնացած ուդիներին քաղաքական նպատակներով օգտագործելու դեմ, մասնավորապես Աղթամարի Ս.Խաչ եկեղեցի տանելու և քաղաքական հայտարարություններ անել տալու ձևով: Այդ տեքստը դնում եմ իմ հաջորդ էջում: Առնվազն Հայ Առաքելական Եկեղեցու հովիվը պետք է իմանար այդ դժբախտ ժողովրդի առնչությունները մեր եկեղեցու հետ, չխոսելով այն մասին, թե ուդի ժղովրդի առնչությունները հայոց պատմության և մշակույթի հետ ինչպես է շահարկվում նրանց հայրենիքը տնօրինող Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս ամենին անտեղյակ, կամ անտեղյակ ձևանալով, օգտագործելով մեր հասարակության այսօրվա անկումային տրամադրությունը, վարդապետ Հովնանյանն ընտրել է ամենադատապարտելի ճանապարհը՝ «խառատյաններն ուդի են, թող պատասխան տան»: «Խառատյանները» դուր չեն գալիս պարոն Հովնանյանին՝ շատ բարի, թող գրի այդ մասին, բայց ինչ կարիք կա լրացուցիչ շահարկել բոլոր կողմերից հարվածի տակ ընկած ուդիներին: Եթե Խառատյանները վատն են, դրանում ուդիները մեղք չունեն: Խառատյաններն ուդի չեն, և ուդի ժողովուրդը որևէ պատասխանատվություն չունի նրանց նկատմամբ: Ամեն ինչից զատ Հայ Առաքելական Եկեղեցու բարոյականությունն, անկասկած, սա չէ: Հ.Գ. Կանխատեսում եմ այս հոդվածի տակ «կեղտոտ խառատյաններին» անվանարկելու հերթական փորձերը: Դրանց չեմ անդրադառնալու: Բայց խնդրում եմ, մի անվանարկեք դժբախտ ուդի ժողովրդին, հիշեք, որ նրանց ներկայացուցիչներն են Մովսես Սիլիկովը, Սարգիս Կուկունյանը, Մագդա Նեյմանը, ուդի և հայ ժողովրդի շատ այլ նվիրյալներ: Հիշենք, որ իրենց հայրենիքում դժվար գոյատևող նրանց մասը Ադրբեջանի գերին և պատանդն են»: