Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ադրբեջանն առանց ժամանակ կորցնելու, փուլ առ փուլ մոտենում է իր վաղեմի երազանքին». Համլետ Հովսեփյան

«Ադրբեջանն առանց ժամանակ կորցնելու, փուլ առ փուլ մոտենում է իր վաղեմի երազանքին». Համլետ Հովսեփյան
320
Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 04:20

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ քանի դեռ ազգովի զբաղված ենք «Արցախցի/Հայաստանցի» տարանջատումով, Ադրբեջանն առանց ժամանակ կորցնելու, փուլ առ փուլ մոտենում է իր վաղեմի երազանքին, օրեցօր մեզ մատուցելով նորանոր տհաճ անակնկալներ։
Երևի թե վերջապես հանգիստ կթողնենք Արցախահայությանը, քանի որ նույն տեմպերով շարունակելու դեպքում ստիպված ենք լինելու շրջանառության մեջ դնել արդեն՝
«Հայաստանցի/Սյունեցի»,
«Հայաստանցի/Վայոց Ձորցի»,
կամ «Հայաստանցի/Կոտայքցի տարանջատումները։
Ու վստահ եմ շատերի մոտ նույն վրդոհմունքը կառաջանա, թե «ինչու՞ մեր տղերքը պետք է գնան զոհվեն վայոցձորցու, կամ սյունեցու հողերի համար։ Լավ կլինի հողերը տանք, հանգիստ ապրենք մեզ համար»։
Հիմա, առավել քան երբևէ եկել է ժամանակը, որպեսզի վերջ տանք նման խոսակցություններին, որոնք պառակտում են մեզ և հայ ազգին տանում ուղիղ կործանման։
Մեզանից քանի՞սս ենք եղել Արցախի բնակավայրերում և անձամբ ծանոթացել, թե ինչ պայմաններում է ապրում արցախաբնակ հայը։
Անձամբ քանի՞ արցախցի ընտանիքի ենք ճանաչում, ովքեր ստացել են այդքան շեշտվող «Արցախին ուղարկված օգնությունը»։
Ինչու՞ ենք կարծում, որ երկիրը թալանողը Հայաստանի մյուս մարզերից առավել պետք է մտածեր արցախահայության մասին և բարեգործական նպատակներով Հայաստան մտած օգնությունն ուղարկեր Արցախ։
Խաղաղ պայմաններում, բարեկեցիկ կյանքով ապրելու համար այսօր շատերս ենք լքել մեր հայրենիքը և գտնվում ենք Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու։
Խաղաղ ժամանակ Արցախից գաղթած քանի՞ արցախահայերի գիտենք մեր շրջապատում։ Գրեթե ոչ մեկին, որովհետև արցախաբնակ հայը ամուր է կանգնած մեր հողի վրա։
Եվ նույնիսկ այսօր, երբ գտնվում ենք ետպատերազմական ծանր փուլում, Արցախի բնակիչը գիտակցելով անգամ, որ ամեն վայրկյան լինելու է թշնամու դիպուկահարի նշանակետում, իր երեխայի հետ վերադառնում է Արցախ, որովհետև շատ լավ հասկանում է, որ առանց արցախահայության, Արցախի գոյությունն ընդհամենը ժամերի խնդիր է թշնամու համար։
Ինչպես ժամանակին դավաճանների պատճառով հայաթափվեց Նախիջևանն ու հանձնվեց թշնամուն, ցավոք այսօր նույն ճակատագիրն էլ Արցախին ու ողջ Հայաստանին է սպառնում, եթե շարունակենք նույն եռանդով աշխատել ի շահ թշնամու»: