Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Այսուհետ Ռուսաստանն է որոշելու՝ խաղացնի՞ Մինսկի խմբին, թե՞ չխաղացնի». Արմեն Աշոտյան

«Այսուհետ Ռուսաստանն է որոշելու՝ խաղացնի՞ Մինսկի խմբին, թե՞ չխաղացնի». Արմեն Աշոտյան
331
Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 17:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցը դատարկ փամփուշտով կրակոց էր։
Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու՝ խաղացնի՞ Մինսկի խմբին, թե՞ չխաղացնի, կամ ինչ չափով խաղացնի։
Ռուսաստանն Արցախյան խնդրի կարգավորման փաստացի երկու խաղադաշտ է ստացել և դաշտի ընտրությունը կկատարի՝ ըստ գլոբալ աշխարհաքաղաքան խաղի լոկալ դրսևորումների։
«Արևմուտք, թե Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը՝ շատ հասկանալի պատճառներով։
Սակայն պատերազմի ընթացքում Արևմուտքի գործած բազմաթիվ սխալները և չգործած բազմաթիվ քայլերը կտրուկ նվազեցրել են իր ներկայության հիմնավորումը տարածաշրջանում։ Արևմուտքն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։
Բայց անգամ այս մեխանիկան է երկրորդական, մինչև մենք չունենանք Մոսկվայի հետ լիարժեք, անկեղծ և վստահելի աշխատող նոր իշխանություն։
Հայաստանն այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Իր անվտանգության հարցով էլ այս դավադիր ոհմակի շուրթերով հղումներ է անում ոչ թե ուժեղ բանակի, այլ միջազգային նորմերի վրա, որոնք, ի դեպ, գնալով ավելի քիչ են աշխատում այսօրվա աշխարհում։
Այս իշխանության հեռացման հարցը ոչ միայն կապիտուլյացիոն ակտի և դավադրությունների «հաշիվը փակելու» խնդիր է, այլև իրականում Հայաստանի և Արցախից մնացած հատվածի անվտանգության հարց։
Հենց հաջորդ պատմական ոլորանին Հայաստանը կարող է ընկնել ձորը, ուստի օր առաջ պետք է փոխել մեքենան փախցրած, ջարդուփշուր արած, անսթափ և 5000 հոգի տակը գցած խելագարին»։