Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում». fip

«Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում». fip
238
Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 23:15

Վերջին շրջանում լրատվական կայքերում, սոցցանցերում հաճախ տարածվում են սենսացիոն, շոկային տեղեկություններ, որոնց աղբյուրը Mediaport թելեգրամյան ալիքն է։

Հաշվի առնելով, որ այս ալիքից տարածվող լուրերը մեծ արձագանք են գտնում մեդիասպառողների շրջանում, «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե ինչ ծագում ունի ալիքը և ովքեր են կանգնած դրա հետևում։

Գործունեության մասին
Mediaport թելեգրամյան ալիքը ստեղծվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թ. նոյեմբերի 11-ին։ Ալիքի նկարագրության մեջ գրված է «հավաստի լրատվություն»։ Թե ո՞վ է կանգնած ալիքի հետևում, ովքեր են գեներացնում ալիքում տեղադրվող տեղեկությունները՝ նշված չէ։

Ստեղծման սկզբնական շրջանում ալիքում բավական հաճախ կարելի էր հանդիպել առաջիկայում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկություններ, որոնք հրապարակումից ժամեր կամ օրեր անց դառնում էին իրականություն։ Դրանցից էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների (ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան, ԱԻՆ նախարար Ֆելքիս Ցոլակյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան և այլն) ազատման մասին լուրերը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ալիքի հետևում կանգնած անձինք աղբյուրներ ունեն իշխանության մեջ։

Կեղծ լուրերի շարքը
Սակայն մեծամասամբ, այդ ամենից զատ, ալիքը, հաճախ անանուն աղբյուրներին հղում տալով, տեղեկատվական դաշտը ողողում է իրականությանը չհամապատասխանող, մանիպուլյատիվ, կոնտեքստից կտրված, բամբասանքի մակարդակի տեղեկություններով և հրապարակումներով։

Ալիքը նոյեմբերի 11-ին հայտնել էր, որ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակվել են ոստիկանական ուժերի կողմից, մարդիկ ոտքով շարժվում են Երևան։ Մինչդեռ, իրականում, ոստիկանությունը ստուգում էր տրանսպորտային միջոցները՝ պատերազմի ավարտից հետո հավանական ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով։ Ճանապարհները փակ չէին, քաղաքացիներն էլ ոտքով Երևան չէին գալիս։

Նոյեմբերի 16-ին ալիքը գրել էր, թե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի վերադարձել գործուղումից և թաքնվում է Մոսկվայում, քանի որ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները փնտրում են նրան Արցախի կապիտուլյացիայի համար հաշվեհարդար տեսնելու։ Մինչդեռ, Ալեն Սիմոնյանն օրեր առաջ էր վերադարձել Մոսկվայից և նույն օրը՝ նոյեմբերի 16-ին, վարում էր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների հանդիպումը։

Նոյեմբերի 20-ին ալիքը շտապեց տեղեկացնել, թե մահացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։ Այս տեղեկությունը հերքեց Մայր Աթոռի մամուլի ծառայությունը, իսկ Պարգև Սրբազանն էլ շուտով հայտնվեց հանրության մեջ։ Ո՞վ է կանգնած տելեգրամյան ալիքի հետևում
Ալիքի ուսումնասիրությունը և այլ աղբյուրների հետ համեմատությունը լուրջ հիմքեր է տալիս պնդելու, որ այն ուղիղ կապ ունի ծայրահեղ պահպանողական «ՎԵՏՕ» շարժման, ինչպես նաև դրա հիմնադիր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հետ։

Դեկտեմբերի 10-ին Mediaport-ը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվում Նարեկ Մալյանն ու նախկին ՀՀԿ-ական պատգամավոր և «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր Արման Սաղաթելյանը։ Տելեգրամ ալիքում տեղադրվել էր տեսանյութից մի հատված, իսկ արդեն «ՎԵՏՕ»-ի յութուբյան ալիքում տեղադրվեց ամբողջական տարբերակը։ Ուսումնասիրելով տեսանյութը՝ պարզեցինք, որ այն նկարահանում էր հենց «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը, քանի որ տեսանյութի ամբողջական տարբերակում նկարահանողը վեճի է բռնվում ոստիկանի և ինչ-որ քաղաքացու հետ, որտեղ երևում է նաև վերջինիս կարմիր բաճկոնի թևը։

«ՎԵՏՕ» շարժման մեկ այլ անդամի՝ Հերմինե Գրիգորյանի հրապարակած տեսանյութում և լուսանկարում երևում է հենց Mediaport-ի տարածած տեսանյութը նկարահանող Աննա Հակոբյանը, որն էլ կրում է կարմիր բաճկոնը։ Արդեն հաջորդ օրը Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց իր հետ վեճի բռնված քաղաքացու լուսանկարն ու ներկայացրեց այդ պահին տեղի ունեցած խոսակցությունից մի հատված։

Նշենք, որ Mediaport-ում տեսանյութը հրապարակվել էր դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18։03 րոպեին, մինչդեռ «ՎԵՏՕ»-ի յութուբյան էջում այն հայտնվել է 8 ժամ անց՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 02։05-ին։ Այսինքն Տելեգրամ ալիքը չէր կարող «ՎԵՏՕ»-ի յութուբյան էջից վերցնել տեսանյութը, քանի որ այն դեռևս հրապարակված չէր։ Հետևաբար՝ հրապարակված տեսանյութը Mediaport-ին էր փոխանցվել կամ հրապարակվել հենց «ՎԵՏՕ»-ի անդամների կողմից։

Բացի այդ, Mediaport-ն ակտիվորեն լուսաբանում էր դեկտեմբերի 8-ին ԱԱԾ շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան։ Հրապարակված տեսանյութերի ուսումնասիրությունն ու համադրությունը «ՎԵՏՕ»-ի նույն օրվա տեղադրած տեսանյութի հետ ապացուցում է, որ Տելեգրամ ալիքի՝ այդ ակցիայի վերաբերյալ տեսանյութերը նկարահանում է հենց «ՎԵՏՕ»-ի անդամ Հերմինե Գրիգորյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նաև Mediaport-ի տեսանյութերից մեկը։Այն, որ «ՎԵՏՕ» շարժման անդամներն ուղիղ փոխկապակցված են Mediaport-ի հետ, ակնհայտ է, սակայն առկա այլ փաստեր հիմք են տալիս հայտարարելու, որ ալիքի հետևում կանգնած են այլ անձինք ևս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: