Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Եթե 88-ը դաս չէր եղել, երեկվա երկրաշա՞րժը պետք է դաս դառնար». Արտակ Հարությունյան

«Եթե 88-ը դաս չէր եղել, երեկվա երկրաշա՞րժը պետք է դաս դառնար». Արտակ Հարությունյան
209
Կիրակի, 14 փետրվարի, 2021 թ., 20:05

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, շատերի նման, ես էլ գայթակղություն ունեի գրել շենքերի նկատմամբ էն անփույթ ու անպատասխանատու վերաբերմունքի մասին, որը կարող է աղետի հանգեցնել։

Հետո հիշեցի, որ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո, որի արդյունքում այդքան շենք ու շինություն փլուզվեց, այդքան մարդիկ զոհվեցին, այդքան անօթևաններ ունեցանք, մեկ է, նույնիսկ նույն աղետի գոտում օթևանից զրկվածներից շատերը, էլ չխոսած Երևանում կամ այլուր ապրողների մասին, իրենց նոր բնակարաններում քանդում էին հիմնական պատերը՝ տունն իրենց ավելի հարմար դարձնելու համար։

Եթե 88-ը դաս չէր եղել, երեկվա՝ ավերի չբերած երկրաշա՞րժը պետք է դաս դառնար, որ շենքերում չքանդենք հիմնական պատերը՝ սենյակն ընդարձակելու համար։

Հետո հիշեցի, որ 90-ականների պատերազմից հետո, որում այդքան զոհ տվեցինք, այդքան դժվարությունների միջով անցանք, որը հետո ինչ-որ մեկի «թեթև ձեռքով» անվանեցինք «մթի ու ցրտի տարիներ», դաս չեղան, որ ավելի գնահատենք խաղաղությունն ու գնանք խնդրի արժանապատիվ փոխզիջումային լուծման, փոխարենն առավելապաշտականության գիրկն ընկած լծվեցինք նոր պատերազմի գալը պատրաստելուն։ Ու եթե այդ պատերազմը դաս չեղավ, երեկվա՝ զոհերի չբերած երկրաշա՞րժը պետք է դաս լիներ, որ շենքի կտուրին նոր տուն չկառուցենք։

Հետո հիշեցի, որ մեր նախորդ չքաղած դասը մեզ բերեց ու հասցրեց վերջին, աղետալի պատերազմին, որտեղ տվեցինք հազարավոր զոհեր, վիրավորներ, տասնյակ կամ հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բացարձակ անարժանապատիվ հողային կորուստներ՝ էդ թվում Շուշին ու Հադրութը, կապիտուլյացիային համարժեք հրադադարի կնքում, զինտեխնիկայի ահռելի կորուստ և այլն, բայց դա դաս չեղավ, որ հիմա, դեռ ուշքի չեկած, արդեն մտածենք հաջորդ պատերազմի մասին, խաղաղության արժանապատիվ ձև փնտրելու փոխարեն։ Ու ի՞նչ, երեկվա, մեզ մի քիչ վախեցրած երկրաշա՞րժը պետք է դաս լիներ, որ չսարքենք կցակառույցներ, աչք փակենք առողջ ծառերի կտրման դեմ, բայց փտած ու ճաքած ծառերի կտրման դեմ բնապահպանական պայքար մղենք...

Ու էսպես կարելի է շարունակել հետոները։

Երեկ, ինչպես շատերը, ես էլ վախեցել եմ երկրաշարժից։ Բայց ավելի վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում։ Էդ պահին մի քիչ գիտակցում ենք, հետո մոռանում։ Էդ պահին մի քիչ սուր ենք մտածում, հետո բթանում։

Մեզ պետք է գտնել մեխանիզմ՝ այս ամենի մասին ոչ թե պահի տակ մտածել ու անցնելու, այլ լուրջ քայլեր անելու։

Բայց չէ, ես էլ ձեր նման չգիտեմ լուծումը։ Ես էլ զուտ արձանագրում եմ»։